Այսուհետ սեռական ոտնձգությունն աշխատավայրում արգելված է օրենքով

Home / Առանց բաժնի @hy / Այսուհետ սեռական ոտնձգությունն աշխատավայրում արգելված է օրենքով
Այսուհետ սեռական ոտնձգությունն աշխատավայրում արգելված է օրենքով

2023թ․ մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: 

«Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունները վերջին երկու տարիների ընթացքում ակտիվ  աշխատել են որոշում կայացնողների հետ՝ ջատագովելով աշխատավայրում սեռական ոտնձգությունների սահմանումը, արգելքն ու պաշտպանության մեխանիզմները:

Ընդունված նախագծի համաձայն՝ սահմանվել են աշխատավայրում բռնության և սեռական ոտնձգության հասկացությունները,  գործատուի պարտավորությունը սահմանելու սեռական ոտնձգության արգելքը ներքին կարգապահական կանոններով (ինչի արդյունքում սեռական ոտնձգություն իրականացնողին գործատուն կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել), ինչպես նաև ոտնձգությունից տուժողներին արտահերթ արձակուրդ տրամադրելու կարգավորումները:

Սեռական ոտնձգությունն աշխատավայրում սահմանվել է որպես աշխատավայրում կամ գործուղումների ընթացքում սեռական բնույթի անցանկալի արարք (օրինակ՝ սեռական բնույթի առաջարկներ, հպումներ), որն ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում է անձի՝ աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման վրա (օրինակ՝ ոտնձգության ենթարկվողի կողմից մերժվելու դեպքում տուժողին կարող են ազատել աշխատանքից, չբարձրացնել պաշտոնը կամ իջեցնել աշխատավարձը) կամ ստեղծում է արժանապատվությունը նվաստացնող կամ սոցիալական մեկուսացման դրդող աշխատանքային միջավայր:

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանին և Հերիքնազ Տիգրանյանին՝ կանանց ձայները ԱԺ ամբիոն հասցնելու և այս կարևորագույն օրենսդրական փոփոխություններն առաջ տանելու համար:

Միևնույն ժամանակ, մտահոգված ենք այն հանգամանքով, որ սեռական ոտնձգությունը, որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք, չի ամրագրվել օրենքում: Սա  նշանակում է, որ սեռական ոտնձգություն իրականացրած անձին գործատուն իրավունք չի ունենա ազատելու աշխատանքից: 

Առաջարկում ենք Աշխատանքային օրենսգրքի հետագա վերանայումների ժամանակ նախատեսել սեռական ոտնձգության համար ավելի խիստ սանկցիաներ, ինչպես նաև ապահովել տուժողների կողմից բողոքարկման հստակ գործող մեխանիզմներ: 

Leave a Reply

Your email address will not be published.