Ֆեմինիստական ապահով տարածք

Home / Ֆեմինիստական ապահով տարածք

Կանանց ռեսուրսային կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է ֆեմինիստական ակտիվիզմը։ Ծավալելով ֆեմինիստ ակտիվիստական գործունեություն՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը փորձում է նպաստել ֆեմինիստական շարժման ծավալմանը և հայիշխանական համակարգի տապալմանը։ Նպատակ ունենալով բարձրաձայնելու կանանց հիմնախնդիրները և նպաստելու դրանց լուծման գործընթացին՝ ԿՌԿ-ն իրականացնում է մի շարք ակցիաներ, միջոցառումներ, դասընթացներ ու քննարկումներ:

Մեզ համար նաև շատ կարևոր է ապահով տարածքի ստեղծումը: Այն ներառում է ոչ միայն ֆիզիկական տարածքը, որից կարելի է օգտվել սովորելու, աշխատելու, ազատ ժամանակն անցկացնելու համար, այլև այն ապահովությունը, որը կարելի է ստանալ հավասար, աջակցող, կարեկցող և քննադատությունից զերծ միջավայրում: 

Դասընթացներ և քննարկումներ 

Կանանց ռեսուրսային կենտրոնի նպատակներից է կանանց զորեղացումը կրթության և համայնքային քննարկումների միջոցով: Այդ իսկ պատճառով մենք մեր գործունեության երկար տարիների ընթացքում մշակել, ստեղծել և անցկացրել ենք բազում դասընթացներ, որոնցից                    ամենամեծն ու ընդգրկունը Կանանց իրավունքների եռօրյա դասընթացն է: Ընտրված մասնակիցները երեք օրերի ընթացքում ծանոթանում են հետևյալ թեմաներին՝ մարդու իրավունքներ, գենդեր և գենդերային ինքնություն, գենդերային բռնություն, ֆեմինիզմ, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, խաղաղաշինություն: Բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք հնարավորություն են ստանում իրենց գաղափարներով դիմելու փոքր դրամաշնորհի և իրենց համայնքներում իրականացնելու ադվոկացիոն ծրագրեր, որոնք կարող են ունենալ տարբեր ձևաչափ և բովանդակություն՝ դասընթացներ, աշխատարաններ, թատերական ներկայացումներ, ֆոտո և վիդեո պատմություններ, սեղանի խաղեր և այլն:

Ինչպես նաև, անցկացվում են տարբեր ֆեմինիստական քննարկումներ, վերապատրաստումներ դասընթացավարների համար և այլ ինֆորմացիոն ծրագրեր։           

Ապահով տարածք

Ապահով տարածքը բաց է բոլորի համար, ովքեր կարիք ունի տեղեկատվության, աջակցության և խորհրդատվության: Մեր մասնագետները լսում են յուրաքանչյուր այցելուի, գնահատում կարիքները, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ուղղորդում դեպի համապատասխան կազմակերպություններ և մասնագետներ։ 

Մենք բաց ենք երկուշաբթիից շաբաթ՝ բացի չորեքշաբթի օրերից, ժամը 14:00-ից 19:00: Այն ազատ է աշխատելու, սովորելու, մեր գրադարանից օգտվելու և աշխատակիցների հետ շփվելու համար:   Այստեղ անցկացնում ենք կինոդիտումներ, գրքերի քննարկումներ, տարբեր միջոցառումներ, որոնք ուղղված են մասնակիցների բարօրության և հոգեկան առողջության բարելավվմանը: 

Աղջիկները խոսում են/ Աղջիկների զորեղացման ճամբարներ

«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 14-ից 18 տարեկան դեռահաս աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է դեռահաս աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով տարածքի ստեղծումը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում կիսվելու իրենց գիտելիքներով, քննարկելու հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Քննարկումներն ուղղված են մասնիկիցների մոտ բարձր ինքնագնահատականի և առաջնորդության հմտությունների ձևավորմանը։ 

Կարևոր է նշել նաև, որ ծրագրի ավարտից հետո մասնակիցների կապը ԿՌԿ-ի հետ չի ավարտվում: Աղջիկները հնարավորություն են ունենում միանալու Կանանց ռեսուրսային կենտրոնի դեռահաս աղջիկների խմբին, որի համար պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվում: Աղջիկները նաև հնարավորություն ունեն սկսելու սեփական նախաձեռնությունները և Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից ստանալու աջակցություն դրանք իրականացնելու համար: 

«Աղջիկները խոսում են» նախաձեռնությունը դեռահաս աղջիկների նախաձեռնած գաղափարներից ամենահաջողվածն է: Նախաձեռնությունը ստեղծվել է 2018թ-ին և նպատակ ունի արվեստի (art-activism-ի) միջոցով տեսանելի դարձնելու այն խնդիրները, որոնց կարող են առնչվել մեր կողքին ապրող աղջիկներն ու կանայք: Նախաձեռնության ֆեյսբուքյան էջը:

«Աղջիկները խոսում են» փոդքասթ

«Աղջիկները խոսում են» նախաձեռնության և «Կանանց ձայն» ռադիոալիքի համագործակցության արդյունքում ստեղծվեց «Աղջիկները խոսում են» փոդքասթը: Փոդքասթի նպատակն է աուդիո պատմությունների միջոցով ներկայացնել աղջիկների և կանանց հիմնախնդիրները, անդրադառնալ մեր հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերին և փորձել ներկայացնել երիտասարդ աղջիկների տեսակետը վերոհիշյալ թեմաների վերաբերյալ: Լսեք փոդքասթը այստեղ

2019թ․-ից սկսած՝ Կանանց ռեսուրսային կենտրոնն իրականացնում է ամենամյա «Աղջիկների զորեղացման ճամբար», որի նպատակն է 18-25տ. աղջիկների համար ստեղծել ապահով միջավայր, որտեղ նրանք կարող են խոսել ֆեմինիզմի, սեռականության, հայրիշխանական համարգի ազդեցության և իրենց առօրյա խնդիրների մասին: Ինչպես նաև, անցկացվում են մարզային կարճաժամկետ արտ-ակտիվիստական ճամբարներ, որոնց ընթացքում մասնակիցների հետ քննարկում ենք, թե ինչպես խնդիրների մասին կարելի է բարձրաձայնել արվեստի միջոցով: Դրան հաջորդում է գործնական մասը, երբ մասնակիցները իրենց գաղափարները վերածում են գրաֆիտիների՝ պատկերելով դրանք քաղաքի տարբեր հատվածներում:

Կամավորություն

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն շատ է կարևորում կամավորների դերը իր գործունեության մեջ: Մեզ մոտ կարող են կամավորություն իրականացնել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային կամավորները: 

Ինչո՞ւ և ինչպե՞ս կամավորել ԿՌԿ-ում 

Կանանց ռեսուրսային կենտրոնում կամավորելով՝ դուք հնարավորություն եք ստանում մասնակցելու կենտրոնում իրականացվող ծրագրերին, ունենալու ձեր ներդրումը Հայաստանում ֆեմինիստական շարժման և կանանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողություններում: ԿՌԿ կամավորները նաև հնարավորություն ունեն նախաձեռնելու սեփական գաղափարները և ստանալու աջակցություն դրանք իրականացնելու համար: 

Կանանց ռեսուրսային կենտրոնում կամավորելու համար անհրաժեշտ է լրացնել կամավորության հայտը:

Միջազգային կամավորներին թիմում ներառելու համար Կանանց ռեսուրսային կենտրոնը համագործակցում է նաև այլ կազմակերպությունների հետ, որոնք կապող օղակ են հանդիսանում ԿՌԿ-ի և միջազգային կամավորի միջև:

Շուհել

«Շուհել» ստեղծագործ կանանց խումբը ստեղծվել է 2017թ․-ին: Շուհել խմբի կանայք, մասնակցելով «Կանանց տնտեսական զորեղացման» ծրագրին, որոշեցին հիմնել իրենց սոցիալական ձեռնարկատիրությունը: Կանայք, չունենալով մասնագիտական կրթություն, չտիրապետելով ոչ մի արհեստի, սկսել են պայքարել հանուն իրենց և իրենց երեխաների ներկայի և ապագայի: «Շուհել» խումբը բաց է 40 տարեկանից բարձր կանանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց ձեռագործության հմտությունները, ունեն գիտելիք, որով պատրաստ են կիսվել խմբի մյուս անդամների հետ և սիրում են թիմային աշխատանքը: Մեր ձեռքի աշխատանքներին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքում և ինստագրամում

Մենք ընդունում ենք անհատական պատվերներ: Գնելով մեկ արտադրանք՝ դուք նպաստում եք մեկ կնոջ ապագայի կայացմանը:

Ռադիո

Կանանց Ձայն ռադիոալիքը իր գործունեությունը սկսել է 2015թ.: Առաքելությունն է բարձրացնել կանանց ձայնը Հայաստանում, հասարակությանը տեղեկացնել կանանց իրավունքների, խնդիրների և դերի մասին:

  • Իրականացնում է հարցազրույցներ, որոնց նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել հայ և միջազգային կանանց կազմակերպությունների գործունեությանը, ծրագրերին, նպատակներին և տեսլականին:
  • Իրականացնում է մեկնաբանություններ ոլորտին վերաբերող բոլոր ակցիաների ու միջոցառումների մասին:
  • Իրականացնում է «Հայ Կանանց Հետքերով» նախագիծը, որը ներառում է հաղորդումներ, որտեղ ներկայացված են ակտիվ և հաջողակ հայ կանանց՝ պատգամավորներ, գրողներ, դիվանագետներ, դասախոսներ, պատմությունները:

Հոգեբանական աջակցություն

Կանանց ռեսուրսային կենտրոնում պարբերաբար անցկացվում են խմբային հանդիպումներ հոգեբանի հետ: Ինչպես նաև, ժամանակ առ ժամանակ անցկացվում են մեկանգամյա խմբային բաց հանդիպումներ հոգեբանի հետ՝ նախօրոք որոշված թեմայով:

Իրավաբանական խորհրդատվություն

Կանանց ռեսուրսային կենտրոնը կանանց տրամադրում է ԱՆՎՃԱՐ իրավաբանական խորհրդատվություն՝ ամուսնաընտանեկան փոխհարաբերությունների և աշխատանքային իրավունքների ոլորտներում:

Խորհրդատվությունն իրականացնում է փորձառու իրավաբան Նարինե Գրիգորյանը՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով՝  յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի:

Խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով  093 94 88 86 հեռախոսահամարին:

Գործում է նաև Viber ծառայություն: