Ո՛չ կնատյացությանը, ո՛չ հոմոֆոբիային, ո՛չ ոստիկանական բռնությանը

Home / Առանց բաժնի @hy / Ո՛չ կնատյացությանը, ո՛չ հոմոֆոբիային, ո՛չ ոստիկանական բռնությանը
Ո՛չ կնատյացությանը, ո՛չ հոմոֆոբիային, ո՛չ ոստիկանական բռնությանը

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, որպես իրավապաշտպան կազմակերպություն, իր խորը մտահոգությունն է հայտնում սույն թվականի ապրիլի 23-ի գիշերը «Պոլիգրաֆ» տեխնո ակումբի տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Ականատեսների վկայություններից և հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ. ակումբի այցելուներին պառկեցրել են գետնին և բռնի կերպով տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ ակումբի աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի, ինչպես նաև զննության համար մերկացվել են ոստիկանության բաժնում: Տուժողների վկայություններից կարելի է եզրակացնել, որ խախտվել են իրենց քրեադատավարական իրավունքները, այդ թվում՝ չեն պահպանվել անձնական խուզարկության՝ օրենքով սահմանված ընթացակարգերը:

Ակումբի այցելուների թվում եղել են նաև Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակիցները, ովքեր ևս գիշերն անցկացրել են ոստիկանական բաժանմունքում, որտեղ իրավապահ համակարգի ներկայացուցիչները վերջիններիս տվել են անձնական բնույթի հարցեր՝ հատկապես իրենց արտաքինի, սեռականության, սեռական կյանքի ու սեռական կողմնորոշման վերաբերյալ: Հատկանշական է, որ ոստիկանությունը ակումբ ներխուժումը հիմնավորում է թմրամիջոցների դեմ պայքարի անհրաժեշտությամբ, մինչդեռ հարցաքննության ընթացքում տրված հարցերը վերաբերել են ակումբի այցելուների անձնական կյանքի այլ ոլորտներին: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը չպետք է ուղեկցվի մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով: 

Պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից դադարեցնել հոմոֆոբ, կնատյաց և մարդկանց արտաքին տեսքի ու սեռական կյանքի նկատմամբ չհիմնավորված հետաքրքրություն ցուցաբերելու վարքագիծը, ինչպես նաև պատշաճ քննություն իրականացնել՝ բացահայտելու և համաչափ արձագանքելու համար ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման ու նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումներին: 

ՀՀ ՄԻՊ-ին կոչ ենք անում հստակ գնահատական տալ կատարվածին:

Տուժած կանանց ու աղջիկներին տեղեկացնում ենք, որ Կանանց ռեսուրսային կենտրոնը տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն ձեր ոտնահարված իրավունքների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Իրավաբանական խորհրդատվության հեռախոսահամարն է՝ 093948886: 

Leave a Reply

Your email address will not be published.