Գյումրու տնակային թաղամասերի անտեսված կանայք*

Home / Նորություններ / Գյումրու տնակային թաղամասերի անտեսված կանայք*
Գյումրու տնակային թաղամասերի անտեսված կանայք*

*Նյութը պատրաստվել է Ալինա Անտոնյանի կողմից՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի «Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց» ծրագրի արդյունքում տրամադրված դրամաշնորհի աջակցությամբ: Ներկայացված կարծիքները պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Կանանց ռեսուրսային կենտրոնի տեսակետների հետ:

1988 թվականի ահեղ երկրաշարժից հետո Գյումրիում հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան: Այդ ընտանիքներից շատերը մեկնեցին արտասահման, շատերն էլ տեղափոխվեցին Հայաստանի այլ քաղաքներ: Իսկ մնացած ընտանիքներին էլ կառավարությունը ժամանակավոր տնակներ հատկացրեց Գյումրիում, մինչև բնակարանների հարցը կկարգավորվեր: Այս ամենով հանդերձ, այդ մարդկանց հույսը դեռ չէր մարում, նրանք համոզված էին, որ ընդամենը մի քանի տարվա հարց է, որ քաղաքը կվերակառուցեն և իրենց բնակարանի հարցը կլուծվի շուտով…

Մոտ 35 տարի է անցել այդ օրից, սակայն հարյուրավոր ընտանիքներ դեռևս ապրում են այդ նույն «ժամանակավոր» տնակներում: Նրանցից շատերը նույնիսկ անօթևանի կարգավիճակ չունեն ներկայում, քանի որ համայնքապետարանը գտել է, որ նրանք տուն չեն կորցրել։ Փաստորեն, այս ընտանիքները «ցմահ դատապարտված» են` ապրելու տնակներում… 

Քաղաքիս անօթևան բնակիչների հոգսերով մտահոգված՝ որոշեցի հետազոտություն անցկացնել և գրի առնել նրանց անցյալ ու ներկա տարիների, երկրաշարժից հետո իրենց հուզական ապրումների, 35 տարի անց՝ այդպես էլ չսպիացած վերքերի մասին։ 

Ճիշտ է, այս թեմայի մասին բազմիցս խոսվել է, տարբեր հոդվածներ են հրատարակվել՝ զուտ պատկերելով մարդկանց սոցիալական վիճակը, սակայն դեռևս չեմ հանդիպել այնպիսի հոդված, որտեղ կլուսաբանվի հատկապես տնակներում ապրող կանանց հոգեվիճակի, նրանց  լուսավոր անցյալի, ներկայիս տխուր իրավիճակի և ապագայի հանդեպ հույսի մասին։

«Գյումրու տնակային թաղամասերի անտեսված կանայք» ծրագրի շրջանակներում հարցազրույց եմ վերցրել 5 շահառու կանանցից, ովքեր թախծում և ժպտում էին՝ հիշելով իրենց անցյալի լուսավոր օրերը, տխրությամբ վերհիշում երկրաշարժից հետո իրենց դառը կյանքի մասին և անորոշ հայացքով նայում ապագային։

Ասում են` բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, իսկ յուրաքանչյուր ընտանիք դժբախտ է յուրովի: Այս խոսքերն այնքան էլ արդիական չէին լինի, եթե չհամեմատեի տնակային պայմաններում ապրող բոլոր հինգ ընտանիքների գրեթե նույն հիմնախնդիրները: 

Սույն հոդվածում համեմատել եմ հինգ տարբեր ճակատագրեր, նրանց նմանություններն ու տարբերությունները։ Վերլուծության ընթացքում պարզեցի, որ այս հինգ կանայք, իրենց խոսքով, շատ երջանիկ մանկություն են ունեցել, անհոգ ապրել են իրենց մանկության տանը, որտեղ ո՛չ բռնություն է եղել, ո՛չ էլ սոցիալական ծանր վիճակ։ Այդ տարիների մասին խոսելիս՝ հինգն էլ ժպտում էին, նրանց աչքերում կարոտի, երջանիկ անցյալի փայլ կար, իսկ վերադառնալով ներկա՝ նույն թախիծն էր պատում նրանց։  

Առաջին զրուցակիցս 48-ամյա Մանեն է, ով սուրճի սեղանի շուրջ սկսեց կիսվել իր հաճելի հուշերով, ներկայիս դառը իրականությամբ և անորոշ ապագայի մտահոգությամբ: Մանեն հերոսի մայր է, ում որդինզոհվել է 44-օրյա պատերազմի հետևանքով:

Համակ ուշադրությամբ լսելով Մանեի պատմությունները` հայացքով զննում էի նրա անմխիթար տնակն ու մտածում. «Մի՞թե զոհվածի մայրն արժանի է ապրել այսպիսի պայմաններում…»:   

Զրույցի ընթացքում պարզեցի, որ Մանեի կրտսեր որդին ծնվել է սրտի արատով: Նրան թանկարժեք վիրահատություն է անհրաժեշտ, որը Հայաստանում չի արվում: Այս իմանալով` սկսեցի ավելի շատ հետաքրքրվել Մանեի որդիներով: Խնդրեցի մի քիչ պատմել նրանցից:

– 2020 թվականից 3 տարի է անցել, սակայն մինչև հիմա ուշքի չեմ գալիս: Միգուցե, եթե ծնողներս այդքան շուտ չմահանային, եթե փոքր տղաս առողջ լիներ, այսքան չխելագարվեի ցավից: Ծնողը չպետք է երբեք երեխու կորուստ տեսնի: Որդուս զոհվելուց հետո հրաժարվել էի և’ կառավարության, և’ բարերարների օգնությունից: Այդ բոլորն ուղարկում էի հարսիս ու թոռնիկիս, ովքեր առանձին են ապրում: Սակայն, հիմա մտածում եմ, որ փոքր որդիս էլ է մեղք, այս տնակի մեջ մնալով` վիճակն ավելի կվատանա: Միայն նրա մասին եմ մտածում, որ իմ մահանալուց հետո չմնա այս ցուրտ ու խոնավ պատերի մեջ, սիրտը չի դիմանա: Նա մինչև այժմ բժիշկների հսկողության տակ է: Շատ խելացի տղա է, սակայն չի կարող իր հասակակիցների նման առույգ կյանք վարել: Նա հոր հեռանալն ու եղբոր մահը շատ ծանր տարավ, պարփակվեց իր մեջ, սակայն նորից ուժ գտավ, ինքնուրույն հանձնեց քննությունները և այժմ սովորում է քոլեջում, դրա հետ մեկտեղ հաճախում է անգլերենի և ծրագրավորման դասընթացների: Հատուկ նրա համար ապառիկով նոթբուք եմ գնել, որ իր նպատակներն իրագործի:  Սակայն դասի գնալու ճանապարհը նրան հոգնեցնում է, հևալով է քայլում և շուտ է գունատվում: Զուտ եթե բնակարանի հարց լուծվի որդուս համար, ես էլ ուրիշ բան չեմ ցանկանա, ինձ էլ ուրիշ օգնություն պետք չի: Միգուցե մի օր մի բարերար, դոնոր կազմակերպություն հայտնվի, որ այս հարցը լուծի,- մտախոհ ասաց կինը:

Այստեղ հարցերս շատացան: Նախ հետաքրքրվեցի` արդյո՞ք Մանեն դիմել է որևէ պետական կառույցի: 

– Գրավոր դիմել եմ մեր պաշտպանության նախարարությանը, համայնքապետարանին ու մարզպետարանին, նրանք էլ պատճառաբանում են, որ օգնում են որդուս կնոջն ու երեխային: Նաև հիմք են ընդունում այն, որ մենք բնակարան ունեցել ենք, սակայն վաճառել ենք: Ոչ մեկ չի հետաքրքրվում, թե ինչ պայմաններում ենք ապրում: Չէ՞ որ ես իմ ամենաթանկն եմ տվել մեր հայրենիքին… Ոչ մի պաշտոնյա երբևէ չի այցելել իմ տնակ: Չգիտեն, որ ձմռանը օրեր են եղել, որ ի վիճակի չեմ եղել գազի գումար մուծելու, և ես ու տղաս սառել ենք խոնավ պատերի մեջ: Այնուհանդերձ, քանի որ տան հույս էլ չունեմ, քաղաքապետարանից մեկ բան խնդրեցի ընդամենը`գերեզմանատեղ ինձ համար, որն ապահովեցին և գերեզմանատներից մեկում մի փոքր հողակտոր հատկացրեցին ինձ համար…

– Իսկ ինչպե՞ս եղավ, որ վաճառեցիք ձեր բնակարանը:

– Երկրաշարժի ժամանակ կորցրեցինք մեր հին բնակարանը: Մեզ ժամանակավոր մեկ սենյականոց փոքրիկ տնակում տեղավորեցին` մինչև բնակարան հատկացնելը: Իսկ բնակարան հատկացրեցին մի քանի տարի անց` որպես ծնողազուրկ ու զոհ ունեցող ընտանիք: Ես այդ ժամանակ արդեն ամուսնացել էի: Հայրս բնակարանը ինձ էր կտակել, և, քանի որ կրտսեր տղայիս անհապաղ հետազոտվել էր պետք, որոշեցինք վաճառել մեր միակ սեփականությունը:

– Կպատմե՞ք երկրաշարժի հիշողություններից:

– Մենք ապրում էինք 9 հարկանի շենքում, երկու սենյականոց բնակարանում, ու շատ երջանիկ ընտանիք էինք: Ես այդ ժամանակ 13 տարեկան էի, երբ երկրաշարժը ցնցեց ողջ քաղաքը: Այդ ժամանակ դպրոցում էի և հիշում եմ, թե ինչպես դպրոցի կեսը փլվեց և ինչպես փախա: Եկա մեր բակ ու տեսա, թե ինչպես է մեր շենքը կուբիկի նման փլվել: Չէի հասկանում, թե ինչ է կատարվում, փնտրում էի մեր շքամուտքը ու մտածում` ու՞ր է անհետացել 9 հարկանի շենքը: Հետո տեսա հայրիկիս: Նա պանելների վրա էր: Ես գոռում էի. «Պապա, ու՞ր են մաման ու քուրիկը»: Պապաս գոռում էր` «Չգիտե~մ, չգիտե~մ, տունս քանդվեց»: Հայրս շատ առնական տղամարդ էր, և ես երբևէ նրան լացելուց չէի տեսել: Գլուխն առել էր ափերի մեջ ու լաց էր լինում: Ես կորցրել էի մայրիկիս ու քույրիկիս…

– Կպատմե՞ք հայրիկի մասին:

– Նա ինձ համար ամեն ինչ արել է: Երբ մեր տունը փլվեց, մենք ոչինչ չունեինք, հայրս զրոյից ամեն ինչ ստեղծել էր, գնել ինձ համար: Նա այդպես ուշադիր էր նաև մայրիկիս ու քրոջս հանդեպ: Շատ եմ կարոտում մեր հին օրերը: Չդիմանալով մայրիկիս ու քրոջս կորստի ցավին` հայրս էլ շատ շուտ հեռացավ ինձանից` երկրաշարժից 6 տարի անց, սրտի կաթվածից, նոր բնակարանը ստանալուց մեկ տարի անց, և այդ ժամանակ ես զգացի իսկական որբությունը»,- թախծում է Մանեն: 

Ծնողներին կորցնելու վիշտը փարատել է միայն իր ավագ որդին: Ասում է 17 տարեկան էր ընդամենը, երբ գրկեց իր առաջնեկին: 

«Ես մեծացա իմ ավագ որդու հետ, այդ պատճառով իմ կապը նրա հետ շա~տ ուրիշ էր… Նա իմ եղբայրն էր, իմ ընկերը, իմ թիկունքը, իմ ամեն ինչը»,- պատմում է Մանեն:

Զրույցի արդյունքում պարզեցի նաև, որ մայրիկի կարոտից դրդված է Մանեն շուտ ամուսնացել, 16 տարեկան հասակում: Խնդրեցի մի քիչ պատմել ամուսնական կյանքից:

– Ոստիկանի համազգեստը շատ կսիրեի, ինքն էլ ոստիկան էր, հելա փախա հետը,- ժպտում է նա արցունքն աչքերին: 

Ամուսնուն հանդիպել է տնակում ապրելու տարիներին: Պատմում է, որ ամուսնու քույրը նրանց հարևանն էր, այդպես են տեսել իրար: 

– Սիրահարված չէի, պարզապես երեխա էի, շուտ համոզվեցի: Մտածում էի` բոլորը մատով ցույց կտան, որ ոստիկանի հետ եմ ամուսնացել: Հետագայում, սակայն, շատ զղջացի, որ առանց սիրելու, առանց ճանաչելու եմ ամուսնացել: Առաջնեկիս ունենալուց մի քանի ամիս անց հավաքեցի իրերս և հետ եկա հայրական տուն, քանի որ նա և իր ընտանիքը շատ վատ էին վարվում ինձ հետ: 7 հոգով ապրում էինք Շիրակի մարզի գյուղերից մեկի 3 սենյականոց սեփական տանը: Ինձ ամեն ինչ արգելված էր` բարձրագույն ուսում ստանալ, ընկերուհիների հետ հանդիպել, հայրական տուն այցելել: Բացի այդ, 16 տարեկանից պետք է միանգամից վերածվեի հասուն կնոջ, որին ո’չ ֆիզիկապես էի պատրաստ, ո’չ հոգեպես: Սակայն, որոշ ժամանակ անց մտքափոխվեցի, ուզում էի, որ որդիս անհայր չմեծանա, դրա համար էլ հետ ընդունեցի ամուսնուս: Այդ ընթացքում ծնվեց կրտսեր որդիս: Այնուհանդերձ, մենք լրիվ տարբեր մարդիկ էինք: Նա նույնիսկ ֆիզիկական բռնություն էր գործադրում ինձ վրա: Անտարբեր և անուշադիր էր երեխաներիս հանդեպ: Եթե ներկայիս համարձակությունն ունենայի, ավելի շուտ կբաժանվեի նրանից:

Արդեն մի քանի տարի է ամուսինը, հայ շատ տղամարդկանց նման, աշխատում է օտար երկրում: Պարզվել է, որ նա այնտեղ ուրիշ կին ունի:

– Նա գնաց «խոպան» և մեզ մոռացավ… Ուղղակի փախավ դժվարություններից: Նույնիսկ որդու հուղարկավորությանը չեկավ: Եկավ միայն մեկ տարի անց, երբ գերեզմանաքարն արդեն դրված էր…

Մի կերպ զսպելով արցունքներս` հարցս փոխում եմ.

– Ինչպե՞ս հայտնվեցիք այս տնակում:

– Քանի որ բնակարանի վաճառքից մի քիչ գումար էր մնացել, իսկ ավագ որդիս սիրահարվել էր, ամուսնանալ էր ուզում, որոշեցի նրան ուրախություն պարգևել և մեծ հարսանիք կազմակերպեցի` իմ սեփական ուժերով, իսկ մնացած գումարով էլ այս տնակը գնեցինք` ժամանակավորապես բնակվելու համար, քանի որ հիպոթեքով բնակարան գնելու հույս ունեինք: Տղաս այդ ժամանակ զինված ուժերում էր ծառայում, ես էլ Գյումրու գործարաններից մեկում էի աշխատում: Շատ նպատակներ ունեինք, սակայն պատերազմը խլեց ինձանից ամեն ինչ…

– Ապագայի հանդեպ ի՞նչ հույսեր ունեք:

– Հիմա, երբ այսքան կոտրված եմ, միշտ ներողություն եմ խնդրում իմ կրտսեր որդուց, որ չեմ կարողանում վերագտնել ինձ և նրա համար էլ անել այն ամենը, ինչ մեծ որդուս համար արեցի: Չնայած նրան ամուսնանալ կարելի է, սակայն նա չի էլ մտածում այդ մասին, միայն երազում է լավ աշխատանք ունենալ և մի փոքր բնակարան` զուտ այս սառը պատերից դուրս գալու համար: Պահի տակ երկուսս էլ վատ ենք զգում մեզ, երբ հյուր է գալիս ու տեսնում մեր տան անշուք վիճակը: Մեր կյանքը որոշ չափով նման է «Թղթե երազանքը» սերիալի հերոսների կյանքին, մենք էլ ենք հիմա միայն երազանքով ապրում` հուսալով, որ մի օր այն կիրականանա…

Հաջորդ զրուցակիցս, ում հետ հանդիպեցի 2 օր անց, 69-ամյա Անահիտն է: Նա էլ, գյումրեցի հյուրասեր կանանց նման, սուրճի սեղան պատրաստեց և սկսեցինք խոսել իր կյանքի ներկայից ու անցյալից: Անահիտը նշում է, որ արդեն 5 տարի է, ինչ վարձակալությամբ ապրում է ներկայիս քարաշեն տնակում: Խնդրեցի մանրամասն պատմել, թե ինչու է տնակը վարձակալում և ինչու է միայնակ ապրում: Պարզեցի, որ երիտասարդ հասակում անհաջող ամուսնության զոհ է դարձել, 24 տարեկանում առևանգել, կամ այսպես կոչված «փախցրել» են, տարել Մոսկվա: Ասում է շատ քիչ է ապրել առաջին ամուսնու հետ` ընդամենը 4 ամիս: Ամուսինը ստիպել է Անահիտին աշխատել, որ նա ապրի կնոջ հաշվին: Այդ ընթացքում կնոջը միշտ ծեծել է, կինը նույնիսկ վիժել է: Դրանից հետո Անահիտը վերադարձել է հայրական տուն, որտեղ անհոգ մանկություն և պատանեկություն է ունեցել, և սկսել է աշխատել տարբեր գործարաններում:

 Երկրաշարժի ժամանակ նա կարի գործարանում աշխատելիս է եղել,  փլատակների տակից են գտել, երկու պանելների արանքից, ոտքերը ճզմված  են եղել, տարել են հիվանդանոց: Նրանց շենքն էլ է մասամբ փլուզվել, և ընտանիքը ստիպված 3 օր գիշերել է փողոցում: Այնուհետև նրանք տեղափոխվել են ժամանակավոր տնակ: Այս դեպքից որոշ ժամանակ անց, երկրորդ անգամ ամուսնացել է 1994 թվականին, մոտ 36 տարեկան հասակում: 

– Ամուսնուս հետ ծանոթացել եմ նրա քրոջ հարևանի միջնորդությամբ: Մտածեցի՝ տարիքս արդեն մեծ է, համաձայնվեմ, գոնե կհասցնեմ մեկ երեխա ունենալ: Նրա ծնողները շուտ էին մահացել, ուներ 4 քույր և 4 եղբայր: Նա խիստ, ավանդապաշտ չէր, հոգատար ծնող էր երեխաների հանդեպ, նվիրված ամուսին: Ճիշտ է, նրա կյանքն էլ լավ չի դասավորվել, կալանավայրում է հայտնվել, այնուհանդերձ, նա շատ գրագետ էր, հասկացող, կարեկից, ազատամիտ: Հենց նրա մարդկային արժանիքների համար եմ նրան սիրել: Ափսոս, երջանկությունս կարճ տևեց` ընդամենը 6 տարի: Եթե իմանայի, որ ճակատագիրս այսպես է դասավորվելու, երևի ոչ էլ կամուսնանայի: Փառք Աստծո, գոնե 2 երեխա եմ մեծացրել, դաստիարակել: Մեծ տղաս արդեն 27 տարեկան է, իսկ փոքրս` 25: Ճիշտ է, երեխաներս հիմա կողքիս չեն, սակայն ամեն առավոտ աղոթում եմ Աստծուն, որ նրանք միշտ առողջ լինեն: Ամուսնուս մահից հետո տարբեր տեղեր եմ աշխատել, նույնիսկ հավաքարարություն եմ արել` երեխաներիս ապրուստը հոգալ էր պետք: Մայրս ու եղբայրներս օգնում էին ինձ, ամուսնուս քույրերն ու եղբայրներն էլ իմ երեխաների հանդեպ նվիրված են եղել, աջակցել են ինձ ամեն հարցում:

Ամուսինը ոչինչ չի ունեցել, ապրել է քրոջ տանը, սակայն ամուսնանալուց հետո քույրը նրա համար գնել է 6 մետրանոց թիթեղյա տնակը և նրանք առանձնացել են: Անահիտն էլ համակերպվել, ապրել է նրա հետ այդ տնակում: Երկու որդի են ունեցել: Մեծ որդին 6 տարեկան էր, իսկ փոքրը` 3, երբ ամուսինը մահացել է 2002 թվականին: Ամուսնու մահը հերթական անգամ դժվարությունների առաջ է կանգնեցրել Անահիտին:

– 2003 թվականն էր, մի քանի րոպեով դուրս էի եկել տանից` հաց գնելու, 2 որդիներիս թողել էի տանը` մենակ: Փոքրս 4 տարեկան էր այդ ժամանակ: Հետ վերադարձա` տեսնեմ տնակս այրվում է, հարևաններս հազիվ հասցրել են կրակը մարել և փոքր որդուս այրվածքներով հասցրել են հիվանդանոց: Հարևաններս պատմեցին, որ փոքր որդիս ուզեցել է վառարանը վառել, սակայն վառարանի վրայի կաթսայով տաք ջուրը թափվել է վրեն, հետո տնակը բռնկվել է: Իմ աչքին այդ պահին ոչինչ չէր երևում, բացի իմ տղայից: Միչև հիմա էլ այրվածքների հետքերը կան տղայիս մարմնի վրա:

Այդ դեպքից հետո Անահիտն ու 2 որդիները հայտնվել են դրսում, և սկսվել է նրանց դժվար կյանքը` տնից տուն վարձակալությամբ ապրելով:

– Արդեն 20 տարի է` այս կերպ ենք ապրում: 3 տարի ուրիշ տնակում եմ վարձակալությամբ ապրել, 4 տարի` մեկ այլ տնակում, և այդպես շարունակ` ուղիղ 20 տարի: Տղաներիս բանակ ուղարկեցի ուրիշ տնից, դիմավորեցի մեկ այլ տանը: Նրանք էլ չէին հասկանում, թե ինչու է մեր կյանքն այսպես դասավորվել: Այս ամենից հիասթափված` 2 տղաներս էլ լքեցին հայրենիքը, քանի որ հայրենիքը նրանց տեր չկանգնեց…

Անահիտի որդիներն այժմ Ռուսաստանում են, աշխատում են, փող հավաքում, որ մի տեղ տուն գնեն: Անահիտն էլ միայնակ է ապրում, ասում է շաբաթը մեկ երեխաները զանգում են, դրանով է փարատվում:

Անահիտը մի քանի անգամ դիմում է ներկայացրել համայնքապետարան ու մարզպետարան, այնտեղից էլ պատճառաբանում են, թե ինչու՞ նա 2008 թվականին չի տվել դիմում, այլ 2013-ին է տվել, ուղղորդում են գնալ դատարան, սակայն Անահիտն ասում է, որ ինքն օրինական պահանջ է ներկայացնում, քանի որ 3 սենյակ է կորցրել, անօթևանի կարգավիճակ ունի, դատարան գնալու իմաստը չի հասկանում:

– Մարդիկ կան` 2008 թվականից քաղաքում չեն բնակվում կամ ապրում են ուրիշի տանը և առանց անօթևանի կարգավիճակի, սակայն նրանց բնակարան է հատկացվում, իսկ ես, որպես 3 սենյականոց կորցրած այրի, ամբողջ կյանքս քաղաքում եմ ապրել, սակայն մինչև օրս իմ բնակարանի հարցը չի լուծվում: Նույնիսկ դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ հեռուստատեսությամբ լսեցի, որ ասում էր, թե անկախ այն բանից, անձը 2008 թվականին դիմում տվել է, թե ոչ, բոլորին պետք է ապահովել բնակարաններով: Այդ մասին նույնիսկ համայնքապետարանում ասացի, ծիծաղեցին, թե երևի ես լավ չեմ հասկացել: Նամակ եմ ուղարկել  ՀՀ նախագահին, Ազգային Ժողովին, սակայն այնտեղից էլ պատասխան եկավ, որ մեր համայնքապետարանն է որոշողը:

 – Այս 20 տարիների ընթացքում ո’չ հովանավոր գտնվեց ինձ համար, ո’չ որևէ ծրագրում ընդգրկեցին ինձ, ո’չ էլ որևէ տեղից օգնություն եմ ստացել: Մի քանի տասնյակ քաղաքապետ ու մարզպետ փոխվեց, սակայն ոչ մեկը հարցիս լուծում չտվեց: Շատ հեռուստաընկերություններից են եկել, նկարել, սակայն պաշտոնյաներից ոչ մեկը չեկավ տեսներ, թե ինչպես է կաթում տնակի տանիքից, մանավանդ հեղեղների ժամանակ: Տնակներում գազի խողովակներ քաշեցին, սակայն իմ տնակի կողքով անցան, ես էլի մնացի առանց գազամատակարարման: Ձմռանը տղամարդու նման գնում եմ այստեղից-այնտեղից ծառ եմ կտրում, փայտ հավաքում, բերում, վառում եմ, որ տաքանամ: Մի օր գնացի համայնքապետարան, վառելիք խնդրեցի, բերեցին տոնածառի ճյուղերը տվեցին` իբրև թե մեծ օգնություն էր: Ինձ հիշում են մենակ ընտրությունների ժամանակ, երբ իրենց ձայն հավաքել է պետք: 

Անահիտն այլևս չի կարողանում աշխատել, ասում է մեծ է արդեն, միգրեն ունի, նաև ճնշման խնդիր, հարևանները հաճախակի շտապօգնություն են կանչում: 

Հիմա նա միայն մտածում է որդիների տունդարձի և նրանց բնակարանով ապահովելու մասին: Երբ նրանց ամուսնության մասին են հարցնում, տղաներն ասում են, որ չեն ուզում ուրիշի աղջկան էլ իրենց նման «թափառական» դարձնել: Մինչև տուն չունենան` ամուսնության մասին խոսք լինել չի կարող: Անահիտն ասում է` տղաները միշտ չէ, որ կարողանում են օգնել իրեն, քանի որ նրանք էլ նորմալ աշխատանք չունեն: Տան վարձը ինքն է տալիս իր թոշակից, իսկ սնունդին գրեթե չի հերիքում: Ներկայիս տանտերն էլ տնակն ուզում է վաճառել, և կինը ամեն օր վախով սպասում է, թե երբ է հերթական անգամ լքելու տունը:

– Այս ամենով հանդերձ, ապագայի հույս տեսնու՞մ եք:

– Սա ի՞նչ կյանք է, էս ամեն ինչը մարդկայի՞ն է, հա՞: Ես ոչինչ չունեմ, նույնիսկ իմ սեփական գույքը չունեմ, բոլորը տանտիրոջինն է: Եթե նա էլ տունը վաճառի, ես կամ ծերանոցում կհայտնվեմ, կամ` փողոցում: Ապագայի սպասելիքներ ընդհանրապես չունեմ, միակ հույսս այն է, որ եթե մահանամ էլ, գոնե իմանամ, որ մեզ մի օր բնակարան կհատկացնեն, որ տղաներս երբ ուզենան` կգան իրենց սեփական տուն: Չնայած էս ամենին, ես Գյումրիից ոչ մի տեղ չեմ գնա, նույնիսկ եթե տղաներս արտասահմանում տուն գնեն, էստեղ է իմ հողն ու ջուրը, իմ լավ հարևանները: Ցավն այն է միայն, որ հիմա մեն-մենակ եմ: Իմ կյանքը մի գիրք է, որը կարելի է գրել նույնիսկ հատորներով…

Իմ երրորդ զրուցակիցը 63-ամյա Կարինեն է, ով ապրում է Անահիտի հարևանությամբ, խարխլված տնակում, իր դստեր և թոռան հետ: Իմ հարցին, թե ինչու դուստրը սենյակից դուրս չի գալիս, պատասխանեց, որ մեկ տարի առաջ դստեր մոտ լուրջ հիվանդություն են հայտնաբերել, արյան խնդիր ունի և հաճախակի ցավեր է ունենում: Նորմալ բուժում պետք է ստանա, հիվանդանոց պառկի, դեղեր ընդունի, սրսկվի, որի համար ահագին գումար է պահանջվում:

Կարինեին խնդրեցի պատմել, թե ինչպես են գոյատևում այս կիսավեր տնակում: 

– 9 մետրանոց, 2 սենյականոց տնակ է: Առնետների հետ ենք բնակվում: Գիշերները թոռնիկիս կողքին եմ պառկում, համարյա չեմ քնում, վախենում եմ, որ առնետները երեխային չվնասեն: Տանն ամենուրեք թակարդներ են դրված: Տան պատերը հարևանուհուս հետ մի կերպ փակել ենք, քարեր շարել, որ ուրիշ կենդանիներ չկարողանան սողոսկել:

– Երկրաշարժի ժամանակ տուն կորցրե՞լ եք:

– 2 սենյականոց բնակարան ենք կորցրել: Մի քանի անգամ գնացել եմ քաղաքապետարան, քաղաքապետն ու աշխատակիցները ծիծաղում են. «էլի եկե՞լ ես»: Անօթևանի կարգավիճակ ունեմ, բնակարանների հաշվառման մեջ եմ, սակայն ասում են, որ մինչև 2027 թվականը պետք է սպասեմ: Բնակարանների գնման վկայական են առաջարկում, սակայն այդ գումարով նույնիսկ շան բույն չեմ կարող գնել: Ես վկայական չեմ ուզում, իմ կորցրած 2 սենյականոց բնակարանն եմ ուզում: 

– Ինչպե՞ս հայտնվեցիք այս տնակում:

– 27 տարեկանում ամուսնացա: Ամուսնուս ընտանիքը շատ վատ պայմաններում էր ապրում, իսկ ես հարուստ ընտանիքից էի: Այդ ամենը հաշվի չառնելով` առանց սիրո ամուսնացա, իսկ թե ինչու՞, որովհետև 7 տարի սիրել եմ մի տղայի, նա էլ ինձ, երկուսս էլ նույն գյուղից էինք, սակայն այդ տղայի մայրը խանգարեց մեզ, ինձ չէր ուզում իր տղայի կողքին տեսնել, քանի որ կրկին մեր լավ ապրուստն էր խնդիրը: Իմ սերն ամուսնացավ մեր համադասարանցու հետ: Ես էլ, հիասթափված ամեն ինչից, սկսեցի մի քանի տեղ աշխատել, հետո էլ քեռակնոջս միջնորդությամբ ամուսնացա իր բարեկամի տղայի հետ, և եկանք քաղաք: Ավագ դստերս ունեցա 1988 թվականի նոյեմբերի 24-ին, և մինչև դեկտեմբերի 7-ը ինձ հիվանդանոցում էին պահում: Այդ ժամանակ կարգն էր այդպիսին: Ժամը 11:30 դուրս գրվեցինք, ու 10 րոպե անց տեղի ունեցավ այդ սարսափելի երկրաշարժը: Գալով մեր բակ` տեսանք, որ շենքը կիսով չափ փլվել էր: Այդպես անօթևան դարձանք: Որոշ ժամանակ մեր բարեկամի տանը մնացինք: Այդ ընթացքում ամուսինս օրերով տուն չէր գալիս, ծնողներս էլ որոշեցին ինձ ու երեխայիս տանել գյուղ` իրենց մոտ: Քանի որ ես եղբայրներ ունեի, անհարմար էր այնտեղ երկար ապրելը, և հայրիկիս խնդրեցի մի փոքրիկ տնակ գնի ինձ ու երեխայիս համար, որ երեխաս կարողանա քաղաքում դպրոց գնալ: Մտածում էի, որ ավելի լավ է մարդ իր սեփական անկյունն ունենա: Եկանք քաղաք, տեսանք այս տնակը, այդ ժամանակ այսքան խարխլված չէր, հայրս էլ գնեց այն` հույսով, որ շուտով մեզ բնակարան կհատկացնեն: Ամուսինս էլ սկսեց մեկ-մեկ տուն գալ, սակայն միշտ խմած էր: Ամբողջ կյանքում խմեց: Հենց ուզում էր ծեծել, ասում էի` երբ ինձ ու երեխուս նորմալ պահես, այդ ժամանակ էլ իրավունք կունենաս, իսկ հիմա` ձեռքերդ կարճացրու: Նույնիսկ չգիտեի, որ կալանավայրում նստած է եղել: Դրա համար ինձ ամուսնացրին հետը` լավ գիտենալով, որ ես 6 տարի մեծ եմ նրանից: Երկրորդ աղջկաս էլ ունեցա, երբ մեկ-մեկ հիշում էր ինձ ու գալիս տուն: Երեխայի ծնվելուց որոշ ժամանակ անց, սակայն, անվերադարձ գնաց: Նա իմ երեխաներին երբևիցե հայրություն չի արել: Միայն հետո իմացա, որ երկրորդ անգամ է ամուսնացել ու մահացել է 2001 թվականին:

Կարինեին ու երեխաներին նրա ծնողներն են շատ լավ պահել, գյուղից միշտ ուտելիք են ուղարկել, որ Կարինեն կարողանա երեխաներին կերակրել: Նա միայն հիմա է անապահով, քանի որ հայրն ու մայրն այլևս չկան, ինքն էլ հիմնական աշխատանք չունի:

Երկու դուստրերն էլ ամուսնացել են, սակայն մեծ դստեր բախտն էլ չի բերել ամուսնության հարցում: Երեխան մի քանի ամսական է եղել, երբ հետ է եկել մայրական տուն: Երեխայի հայրն էլ է անհետացել, չի այցելում իրենց: Այժմ երեխան 9 տարեկան է, սովորում է թատերական խմբակում, երազում է դերասան դառնալ, ինչպես նաև հաճախում է անգլերենի և ռուսերենի մասնավոր դասընթացների: 

– Ի՞նչ հույսեր կան ապագայի հանդեպ:

– Մենք դարձել ենք իսկական գնչու, սա ի՞նչ կյանք է: Հայրս այս տնակը գնեց` մտածելով, որ մի 2 տարի հետո ինձ բնակարան կհատկացնեն: Արդեն 35 տարի է` սպասում եմ… Ես արդեն մեծ եմ, հազիվ կարողանում եմ դաշտերում աշխատել, որ թոռնիկիս ուսման վճարները տամ: Ձմռանը ծառ եմ կտրում, բերում, որ չսառենք: Փայտից վառարանով ենք տաքանում, գազամատակարարում չունենք: Ինձանից հետո գոնե իրենք չմնան էստեղ: Իսկ քաղաքապետից ընդհանրապես հույս չունեմ…

Ճակատագրի հեգնանքով գրեթե նույն իրավիճակում է հայտնվել 55-ամյա Գայանեն: Նրա հետ էլ, խոսելով ընտանիքի, կյանքի դժվարությունների մասին, պարզեցի, որ ապրում է տղայի, հարսի և երկու թոռների հետ: Իմ հարցին, թե ինչպես են եկել ներկայիս տնակում ապրելու, պատասխանեց, որ ամուսնացել է բազմանդամ ընտանիքում, որտեղ ապրել են ամուսնու ծնողները և 2 եղբայրները` իրենց կանանց և երեխաների հետ: Ամուսինն էլ որոշել է առանձնանալ, քանի որ ի վիճակի չեն եղել այդպես ապրելու: 1987թվականին ամուսինը վիրահատվել էր, բժիշկները հույս չէին տալիս, հրաշքով էր փրկվել հաստաղիքի ուռուցքից։ Դրանից հետո հազիվ կարողացել են այս 2 սենյականոց տնակը գնել և 1993 թվականից ապրում են այստեղ։ Ի վիճակի չէր աշխատելու, թոշակ ու նպաստ էին ստանում։ Գայանեն է ստիպված եղել հոգալ ընտանիքի կարիքները` աշխատելով տեղի գործարաններից մեկում, միաժամանակ մեծացնելով երեք զավակներին` երկու դստերը և որդուն: 

Ասում է մի քանի անգամ գնացել են մարզպետարան ու քաղաքապետարան` հրաշքի ակնկալիքով, քանի որ տնակը հաշվառման մեջ է և սեփականաշնորված չէ, սակայն անօթևանի կարգավիճակ չունեն, քանի որ տուն չեն կորցրել: Մարզպետարանից պատասխանել են, թե իրենք բնակարանի հարցով չեն զբաղվում, իսկ քաղաքապետարանից էլ պատասխանել են, որ ոչնչով չեն կարող օգնել:

– Ուղիղ 30 տարի այս տնակի մեջ ենք: Մեր տանը լիքը մկներ կան, որոշեցինք կատուներ պահել, չնայած որ այդքան էլ կատու չեմ սիրում,- շարունակում է զրույցը Գայանեն,- թակարդներ էլ ունենք, և հաճախ են բռնում մկներին: Թոռներս հոգնել են այս կյանքից: Թոռնուհիս արդեն 20 տարեկան է, իսկ թոռս` 16: Նրանք միշտ ասում են, որ քիչ է մնում վառեն էս անտեր տնակը: Ամաչում են իրենց ընկերներին տուն հրավիրել: Մինչև հիմա ջուր ենք տաքացնում, որ լողանանք: Մի նորմալ սենյակ չունենք, բոլորը կիսաքանդ են, տանիքներից էլ ահավոր կաթում է անձրևոտ եղանակներին: Այս հոգսով տարված` որդիս էլ արդեն 10 տարի է բռնել է օտար ափերում աշխատելու ուղին, այն հույսով, որ փող կհավաքի, տուն կգնենք: Սակայն, ներկայիս թանկացումների ֆոնին, նրա աշխատածն ու ուղարկածը հազիվ վառելիքին և սննդին են հերիքում: 

Թեման փոխելով` փորձեցի Գայանեից հետաքրքրվել, թե ինչպե՞ս է հանդիպել իր ապագա ամուսնուն:

– 17 տարեկան էի, երջանիկ ապրում էի իմ մանկության տանը, ծնողներիս և եղբայրներիս հետ: Դպրոցս ավարտեցի, ինստիտուտ էի ուզում ընդունվել, սակայն կտրվեցի քննությունից: Այդ ժամանակ էլ նա միշտ ինձ հետևում էր, բոլոր երկրպագուներիս հետ կռվում, որ միայն իրեն նկատեմ: Նույնիսկ տարիքն էր խաբել` պարզվեց, որ 11 տարի մեծ էր ինձանից: Մի քանի անգամ ուզեց փախցնել, այդ իսկ պատճառով, վախից դրդված, համաձայնվեցի ամուսնանալ հետը 18 տարեկանում` առանց իմ ծնողների համաձայնության: Ոչ մի զգացմունք չունեի նրա հանդեպ, սակայն ամուսնանալուց հետո սկսեցի սիրել նրան, չնայած որ շատ խիստ մարդ էր, նահապետական հայացքներ ուներ, խանդոտ էր, իսկ ես լրիվ ուրիշ մտածելակերպ ունեի: Եթե հասուն տարիքում լինեի, ամեն ինչ ուրիշ ձև կլիներ: Երեխաներիս ու հարսիս հետ լավ էր, միայն թե խոսում էր ամեն ինչի վրա` հագուստի, կոսմետիկայի, և այլն: 2012 թվականին մահացավ: 

– Ի՞նչ կպատմեք երկրաշարժի հիշողություններից: Զոհեր ունեցե՞լ եք:

– Ընտանիքս մեծ կորուստ ունեցավ` մի եղբայրս` 37 տարեկան, ով աշխատում էր դպրոցում, մյուս եղբորս 2 որդիները, մորաքույրս, մորաքրոջս աղջիկը, քեռիս ընտանիքով, բոլորը զոհվեցին… Մայրս էլ մի տարի ապրեց միայն, մտածմունքից մեքենայի տակ ընկավ, մահացավ 58 տարեկանում… Եղբորս կնոջը փլատակների տակից հանեցինք, թևն էր կտրվել: Առաջին կինն էր, ում այդ օրերին ինքնաթիռով տեղափոխեցին ԱՄՆ` թևը բուժելու համար, նույնիսկ հեռուստատեսությամբ են ցուցադրել։ Վեց ամիս մնաց էնտեղ: Նա 3 տղա ուներ` երկուսը այդ օրը մահացան, մեկը ողջ մնաց: Մի քանի տարի անց ևս մեկ որդի ունեցան:

Տխրելով այս ամենից` փոխում եմ թեման:

– Կպատմե՞ք ձեր երեխաներից ու թոռներից: 

– Երեխաներս շատ կապված են միմյանց և ինձ հետ: Աղջիկներս ամուսնացել են, երեխաներ ունեն: Փոքր աղջկաս ամուսինն էլ շատ երիտասարդ մահացավ` 31 տարեկանում: Տղայիս երեխաներն էլ, ովքեր ինձ հետ են բնակվում, շատ տաղանդավոր են: Աղջիկը կարմիր վկայականով ավարտեց նկարչական դպրոցը, այժմ էլ իր ուժերով տնտեսագիտական համալսարանում է սովորում, երրորդ կուրս տեղափոխվեց, որպես արհեստ էլ մատնահարդարում է սովորել, մեկ-մեկ հաճախորդներ է ունենում տանը, իսկ տղան էլ երաժշտական կրթություն է ստանում, նաև տեղեկատվական տեխնոլոգիաներով և դիզայներությամբ է հետաքրքրված: Նրա միակ երազանքն է աշխատել և բնակարան գնել` օր առաջ այս կիսավեր տնակից փախչելու համար: Հարսս էլ Կապանից է, տղաս նրա հետ ծանոթացել է բանակում ծառայելու տարիներին: Հաճախ չի կարող հյուր գնալ ծնողներին, վախենում է` ամեն օր կարող է մի նոր պատերազմ սկսվել…

– Ի՞նչ հույսեր ունեք ապագայի հանդեպ:

– Մենք մեր անունով ոչ մի սեփականություն չունենք: Կուզենայի, որ մի հրաշք լիներ, մի պետական կառույց կամ բարերար մեզ աջակցություն ցուցաբերեր: Մեզ միայն բնակարան է հարկավոր, որն ի վիճակի չենք գնել, մնացածը ինքներս կստեղծենք: Երանի~ բոլոր տնակում ապրողներն էլ հասնեին իրենց երազանքին:

37-ամյա Շուշանն էլ, այս չորս կանանց նման, բնակվում է 10 մետրանոց փոքրիկ տնակում, որը զուրկ է անգամ լոգասենյակից։ Ասում է 16 տարի է արդեն, ինչ հարս է եկել այստեղ: Ներկայումս ապրում է ամուսնու և երկու երեխաների հետ: Որդին 15 տարեկան է, դուստրը` 8: Ամուսինը շուկայում միրգ է վաճառում, այդպես է ընտանիքի ապրուստը հոգում: Տնակը սեփականաշնորհված չէ, գազամատակարարում էլ չունեն, ձմռանը փայտ են գնում և ամուսինը շուկայից արկղեր է բերում, այդպես են տաքանում: Ամռանը շատ շոգ է այստեղ, ձմռանն էլ` շատ ցուրտ։ Սենյակ էլ չունեն քնելու, երեքով հյուրասենյակում են քնում, տղան էլ` խոհանոցում։ 

– Շուշան ջան, պատմիր խնդրում եմ, թե որքա՞ն ժամանակ է, ինչ այս տնակը կա:

– Երկրաշարժի ժամանակ ամուսնուս ընտանիքը 3 սենյականոց բնակարան էր կորցրել, ամուսինս, որն այդ ժամանակ 5 տարեկան էր, մնացել էր պանելների տակ, ոտքն էր վնասել: Ապրում էին հորեղբոր տանը: Մի քանի տարի անց նրանց բնակարան են հատկացրել: Ամուսնուս հայրն աշխատում էր շինարարությունում: Մի օր, աշխատանքի ժամանակ, սրտի կաթված է ստացել, ընկել բարձր հարկից և վնասել ողնաշարն ու ոտքը: Անհապաղ վիրահատություն էր անհրաժեշտ, ուստի նրանք ստիպված էին վաճառել բնակարանը, որպեսզի փրկեին հայրիկի կյանքը: Մոտ 2,5 տարի վարձով են բնակվել, որից հետո, տան մնացած գումարով էլ հազիվ գնել են այս տնակը: Գրեթե 27 ու կես տարի է արդեն, ինչ ամուսինս բնակվում է այստեղ:  Ամուսնանալուց հետո ապրում էինք 6 անձով` ամուսնուս քույրն էլ էր մեզ հետ բնակվում, հետո նա ուրիշ տնակ գնեց և առանձնացավ: Սկեսրայրս մահացավ մեր ամուսնությունից 2 տարի անց: 3 տարի առաջ էր սկեսուրս մահացավ: Շատ լավ մարդիկ էին, ինձ հարազատ դստեր պես էին սիրում, չնայած որ 4 դուստր ունեին: Շատ եմ ափսոսում ու կարոտում այդ տարիները,- թախիծով պատմում է Շուշանը:

Շուշանն այն երջանիկ կանանցից է, ում ո´չ հայրական, ո´չ էլ ամուսնու տանը երբևէ բռնություն չի եղել: Նա էլ, մնացած չորս կանանց նման, երջանիկ մանկություն է ունեցել հայրական տանը, որը ժպիտով է հիշում:

– Ամուսնուս հետ ծանոթացել եմ հիվանդանոցում: Այդ ժամանակ տատիկս պառկած էր նույն սենյակում, ինչ ամուսնուս մայրը: Երկուսին էլ ես էի խնամում, քանի որ այդ կնոջ երեխաները բոլորն աշխատանքի էին,- ժպիտով հիշում է Շուշանը: Այդ կինը ինձ շատ էր հավանել և որդուն պատմել էր իմ մասին, նա էլ եկել, տեսել, հավանել էր: Տատիկիս հիվանդանոցից դուրս գրվելու նույն օրը երեկոյան նրանք եկան մեր տուն` խնամախոսության: Այդպես ամուսնացանք: Ամեն ինչ շատ արագ կատարվեց, մեկ ամսվա մեջ, սակայն չեմ փոշմանում, երջանիկ եմ, սիրված: 

– Ինչը՞ կփոխեիր քո կյանքում: 

– Միակ բանը, որ ափսոփում եմ, դա այն է, որ աշխատելու հնարավորություն չունեմ: Նախքան ամուսնանալս աշխատանքի էի անցել վարսավիրանոցում: Ամուսնությունից հետո չշարունակեցի, քանի որ հղիացա և էլ ի վիճակի չէի: Հիմա էլ աղջիկս է փոքր, չեմ կարող տանը մենակ թողնել: Հենց մի քիչ մեծանա, աշխատանք կփնտրեմ:

– Իսկ հույս կա՞, որ ձեր երազանքը մի օր կկատարվի:

– Գնացել, դիմել ենք քաղաքապետարան, սակայն մերժում ենք ստացել, քանի որ բնակարան ստացել և վաճառել ենք։ Տնակը, սակայն, հաշվառված է։ Ոչ մի բարերարի չենք դիմել, ոչ մեկ չի այցելել մեր տնակ։ Մեր միակ հույսն այն է, որ բնակարանը ստանալու և վաճառելու ժամանակ ամուսինս անչափահաս է եղել, ինչը նշանակում է, որ նա ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել։ Միակ մտածմունքս այն է, որ հանկարծ տղաս իր ապագա կնոջն էլ չբերի այս տնակ։ Տղաս ձյուդո սպորտաձևով է զբաղվում, հաջողություններ ունի, 10 հատ առաջին կարգի մեդալ է նվաճել: Նրա միակ երազանքն է բանակից գալուց հետո էլ ավելի բարձունքների հասնել և կարողանալ հայրիկի հետ աշխատելով` բնակարանի հարց լուծել:

Լսելով այս վերջին նախադասությունը` շատ նմանություններ գտա Մանեի որդու, Գայանեի թոռնիկի և Շուշանի որդու երազանքների միջև: Ի~նչ հիանալի և ձգտող երիտասարդություն է մեծանում:

Ամփոփելով մտքերս` հույս ունեմ, որ այս հոդվածս կհասնի պատկան մարմիններին, ովքեր քայլեր կձեռնարկեն` 35 տարի տնակներում բնակվող մարդկանց կարիքները հոգալու, ինչպես նաև` մասնավորապես կանանց և երեխաների հանդեպ ավելի հոգատար և բարեգութ գտնվելու համար: Լիահույս եմ նաև, որ ինչ-որ մի բարերար, ինչ-որ մի կազմակերպություն իր ուժերի ներածին չափով կաջակցի այս և նրանց նման տնակներում բնակվող կանանց, ինչ-որ մեկը իրականություն կդարձնի գոնե մի երեխայի երազանքը: 

Կցանկանայի նաև, որ շատ երկրների օրինակին հետևելով, որոնք նույնպես ունեցել են նմանատիպ աղետներ, սակայն կարողացել են ավիրված քաղաքները ոտքի հանել ընդամենը մի քանի տարում, մեր կառավարությունն էլ շուտափույթ կարողանար լուծել անօթևանների խնդիրը, ոչ թե 35 տարի զուր հույսեր տար նրանց:  

Leave a Reply

Your email address will not be published.