Կանանց իրավունքները բազմակի ճգնաժամերի համատեքստում. կլոր սեղան-քննարկում

Home / Առանց բաժնի @hy / Կանանց իրավունքները բազմակի ճգնաժամերի համատեքստում. կլոր սեղան-քննարկում
Կանանց իրավունքները բազմակի ճգնաժամերի համատեքստում. կլոր սեղան-քննարկում

Մարտի 7-ին, Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպեց «Կանանց իրավունքները բազմակի ճգնաժամերի համատեքստում. մարտահրավերներ և հնարավորություններ» կլոր սեղան-քննարկումը: 

Հանդիպման նպատակն էր ստեղծել երկխոսության հարթակ պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, որտեղ կքննարկեինք հետպատերազմական շրջանում կանանց իրավունքների շրջանում առկա մարտահրավերները, ինչպես նաև համատեղ անելիքները՝ գլոբալ անվտանգային հարցերի տեսանկյունից: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան կազմակերպության համահիմնադիր Լարա Ահարոնեանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչ Գայանե Մամիկոնյանը:

Հանդիպումը բաժանվեց երկու մասի, որոնցից առաջին մասում եղան իրականացվող ծրագրերի և մարտահրավերների ներկայացում:

 ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց կառավարության անելիքները գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ 2024թ. Գենդերային հավասարության նոր ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկի, դեմոգրաֆիական քաղաքականության, զբաղվածության ծրագրերի մասին:

Հայաստանում կանանց հիմնադրամ համահիմնադիր Գոհար Շահնազարյանը ներկայացրեց Հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում էին հետպատերազմական շրջանում կանանց իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ու նախաձեռնությունների կարիքներին, գենդերային հիմնահարցերին ուղղված ֆինանսական միջոցների սակավությանը և  հակագենդերային շարժումների ազդեցությանը:

Աննա Հովհաննիսյանը՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիոն թիմի համակարգողը, ներկայացրեց Հայաստանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակներում որոշ մտահոգիչ հարցեր, այդ թվում՝ կանանց անվտանգային հացերը, որոնք առանձնացրել է կազմակերպությունը թե՛ պատերազմի, թե՛ հետպատերազմական շրջանում՝ աշխատելով կանանց տարբեր խմբերի հետ:

Հանդիպման այս հատվածում Անուշը Պողոսյանը՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի գործադիր տնօրենը, ներկայացրեց կանանց սեռական և վերարտադրողական իրավունքների մարտահրավերները, որոնք հատկապես սրվել են պատերազմից հետո: 

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը ներկայացրեց օրենսդիր մարմնի իրականացրած նախաձեռնությունները կանանց իրավունքների ոլորտում, մասնավորապես՝ Ընտանեկան բռնության մասին օրենքի բարելավմանն ուղղված նախաձեռնությունները, ՀՀ աշխատանքային օրենսգրքում սեռական ոտնձգությունների արգելքն ամրագրող մեխանիզմների ներառումը, հաշմանդամություն ունեցող կանանց առնչվող օրենսդրական փոփոխությունը: Տիկին Բաթոյանը նաև մատնանշեց պետության պատրաստակամությունը համագործակցելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և արդյունավետ երկխոսություն ձևավորելու գործիքները:

Հիմնական զեկուցողների կողմից բարձրացված հարցերին արձագանքեցին նաև կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ:

Հիմնական խոսնակների բարձրացրած հարցերին հաջորդեց մասնակիցների կողմից կարևոր հարցադրումների և առաջարկների ներկայացում, որոնք ամփոփվեցին կլոր սեղանը համակարգող, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Լարա Ահարոնեանի կողմից:

Հանդիպմանը որոշվեց նաև պարբերաբար կազմակերպել խորհրդատվական հանդիպումներ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ և մշտապես ներկայացնել հրատապ հարցերը այդ հանդիպումների ժամանակ:

Այս նպատակով հանդիպման երկրորդ մասը նախատեսված է հենց հավաքվածներին խոսք տրամադրելու համար՝ ոչ միայն ներկայացնելու կանանց իրավունքներին վերաբերող մարտահրավերները պատերազմական և հետպատերազմական շրջանում, բայց նաև թե ինչ կարող ենք անել միասին այդ մարտահրավերները մեղմելու համար:

Leave a Reply

Your email address will not be published.