Հանրային ուղերձ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ

Home / Նորություններ / Հանրային ուղերձ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ
Հանրային ուղերձ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ

Վերջին շրջանում սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում լրագրողների և բլոգերների կողմից բարձրաձայնվեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր, որոնք տեղի են ունեցել դպրոցներում: Ցավոք սրտի, դրանք առաջին նման դեպքերը չեն մեր երկրում․ ամեն անգամ երեխայի նկատմամբ որևէ դեպքի մասին տեղեկանալուց հետո, հանրությունը փորձում է մեղավորներ գտնել, դատապարտում է բռնության ենթարկված երեխային, երեխայի մորը, հազվադեպ՝ բռնարարին, որից հետո, բոլորը մոռանում են այս մասին, իսկ որոշ ժամանակ անց, մի նոր դեպքի բարձրաձայնվելու արդյունքում, նորից քննարկումներ ծավալում՝ մոռանալով խնդրի կանխարգելման և արձագանքման համակարգային լուծումների պահանջատիրության մասին:

Համաձայն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, դպրոցում բռնության կանխարգելման համար կարևոր մեխանիզմներից է աշակերտների իրազեկվածությունը բռնության դրսևորումների, մեծահասակներին հայտնելու մեխանիզմների և հարաբերություններ կառուցելու մոդելների վերաբերյալ: Երեխան, իր տարիքին համապատասխան տեղեկատվության միջոցով պետք է իմանա, թե ինչ է սեռական բռնությունը, ում դիմել մարմնի սահմանների խախտման դեպքում, երեխան պետք է իմանա ինչպես կառուցել առողջ հարաբերություններ իր հասակակիցների հետ: Այս ամենի շուրջ կարևոր է, որ խոսեն ծնողները և դպրոցի մասնագետները:

Կանանց ռեսուրսային կենտրոնի տարիների փորձը այս ոլորտում վկայում է, որ ծնողների մեծ մասը դեռահասների հետ սեռականության վերաբերյալ խոսում է միայն շատ մակերեսորեն, իսկ դպրոցներում չկան սեռական բռնության կանխարգելման և արձագանքման մեխանիզմներ: Սեռական դաստիարակության մասին տեղեկատվությունը հիմնվում է ժուժկալության մոտեցման վրա (հայտնած տեղեկատվությունը վերաբերում է միայն ռիսկերին և վտանգներին): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որպես արդյունավետ մեթոդ, առաջարկում է ներդնել համապարփակ սեռական կրթություն, որտեղ կհամատեղվեն վտանգների և ռիսկերի մասին (պաշտպանվել սեռավարակներից, անցանկալի հղիությունից և այլն) ուսուցումը սեռականության դրական կողմերի մասին (սեր, առողջ հարաբերություններ, առողջություն) ուսուցման հետ, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ միայն ռիսկերի և վտանգների մասին խոսելը կարող է երեխաների մոտ վախեր և բացասական վերաբերմունք առաջացնել ամբողջ առարկայի նկատմամբ և անպատասխան թողնել նրանց հարցերը և անհանգստությունները:

Leave a Reply

Your email address will not be published.