ԿՌԿ կիսամյակային ամփոփաթերթ (օգոստոս-դեկտեմբեր, 2023թ.)

Home / Առանց բաժնի @hy / ԿՌԿ կիսամյակային ամփոփաթերթ (օգոստոս-դեկտեմբեր, 2023թ.)
ԿՌԿ կիսամյակային ամփոփաթերթ (օգոստոս-դեկտեմբեր, 2023թ.)

Ֆեմինիստական ակտիվիստական տարածք

2023թ․ օգոստոս֊դեկտեմբեր ամիսների ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնի Ֆեմինիստական ապահով տարածքը հյուրընկալել է բազմաթիվ միջոցառումներ և ծառայություններ է մատուցել ավելի քան 200 անհատի:

Սեպտեմբերի 1-3-ը կազմակերպեցինք մեր երկրորդ ամենամյա Կանանց իրավունքների դասընթացը, որին մասնակցելու 81 հայտ էինք ստացել, որոնցից ընտրվեցին 29-ը: Եռօրյա դասընթացից հետո մասնակիցներին հնարավորություն տրվեց ներկայացնելու համայնքի զարգացման ծրագրեր՝ հիմնված քննարկված 6 թեմաներից 1-2-ի վրա: Դրանք են՝ Մարդու իրավունքներ, Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, Գենդեր, Գենդերային բռնություն, Ֆեմինիզմ և Կանայք, խաղաղություն ու անվտանգություն: 4 նախաձեռնություն հավանության է արժանացել և իրագործվել:

Նախագծերը հետևյալն էին.

  1. «Քայլ դեպի հավասար իրավունքներ» – Բավրա գյուղում 20 երեխաներ և նրանց ծնողները ֆորում թատրոնի և արշավային էքսկուրսիայի միջոցով ծանոթացան գենդերային հավասարության և մարդու իրավունքների թեմաներին:
  2. «Ծնողի դերը»- Արարատի մարզում ապրող տարբեր ծագում ունեցող կանանց հետ կազմակերպվել է երկու քննարկում՝ սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների մասին խոսելը նորմալացնելու նպատակով:
  3. «Սեռական և վերարտադրողական առողջության և ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանության խթանում»- հետազոտություն է իրականացվել ազատազրկված կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների պաշտպանության կարևորության մասին` հասարակության և պատասխանատու պաշտոնյաների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
  4. «Մասնագիտության ընտրություն՝ առանց գենդերային կարծրատիպերի»- 1-ից 3-րդ դասարանի աշակերտների հետ քարտերով խաղ՝ գենդերային կարծրատիպերի և մասնագիտության ընտրության մասին:

Սեպտեմբերի 22-ին մեկնարկեցինք մեր առաջին սոլիդարության հավաքը, որի նպատակն էր ապահովել մարդկանց անվտանգ տարածքով` համախոհների շրջանում, կիսվելու իրենց մտահոգություններով, զգացմունքներով և ապրումներով, թե ինչպես հաղթահարել սթրեսային ժամանակները`կապված արցախյան շրջափակման, պատերազմի և բռնի տեղահանության հետ: Այդ ժամանակից ի վեր ամեն շաբաթ` ամեն հինգշաբթի, հանդիպումներ ենք արել մեր ապահով տարածքում՝ խոսելու և միաժամանակ ինչ-որ բանով զբաղվելու համար, օրինակ՝ կավե ամաններ և արձանիկներ, ֆեմինիստական զիներ, նկարներ և մաքրամե պատրաստել: Այս հավաքները շարունակական բնույթ կկրեն, քանի որ դրանք արդյունավետ աջակցության միջոց են մեր տարածք այցելողների համար:

Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավի ընթացքում` նոյեմբերի 28-ին, հանրության համար կազմակերպեցինք «Ակտիվիզմը ճգնաժամի պայմաններում» խորագրով միջոցառում, որին ներկա էին 3 համայնքային ակտիվիստների տարբեր ոլորտներից՝ որպես խոսնակներ: Նրանք կիսվեցին իրենց ակտիվիստական փորձով, շարժառիթներով և մարտահրավերներով։ Խոսնակ ակտիվիստներն էին՝ Գայանե Համբարձումյանը, որն աշխատում է Արցախից տեղահանված կանանց հետ, Նարե Հովհաննիսյանը, որը զբաղվում է ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանությամբ, և ԿՌԿ կամավոր Արմի Մկրտչյանը, որի ակտիվիզմը հասարակական ոլորտի տարբեր կազմակերպություններում է դրսևորվում:

Աշխատանք ապաստարանների հետ

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայից հետո շուրջ 100.000 արցախցիներ բռնի կերպով տեղահանվեցին իրենց ծննդավայրից՝ ապաստան հաստատելով Հայաստանում: Արցախցիների ժամանումից անմիջապես հետո մեր կազմակերպությունն առաջնագծում էր: Մենք իրականացրինք կանանց ու աղջիկների կարիքների գնահատում՝ գենդերազգայուն մեթոդաբանությամբ, ինչպես նաև տրամադրեցինք հումանիտար աջակցություն բռնի տեղահանված շուրջ 250 կանանց և աղջիկների: Ներկայումս մենք աջակցում ենք պետության կողմից արցախցիներին տրամադրված 4 կացարաններում բնակվող կանանց, ինչպես նաև այլ խոցելի համայնքներում բնակվող կանանց՝ Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: 

Իսկ նոյեմբերից մեկնարկել է կանանց առողջության անվճար բուժսպասարկման ծառայությունը, որին կարող են դիմել 18-60 տարեկան կանայք և աղջիկները:

Թեժ գծին կարող եք դիմել այն դեպքում, եթե ունեք առողջության հետ կապված հետևյալ խնդիրները՝

✅սեռավարակների (ներառյալ՝ ՄԻԱՎ) թեստավորում և բուժում,

✅խորհրդատվություն հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ,

✅սեռական բռնության դեպքերում բժշկական հետազոտությունների անվճար իրականացում և այլն: 

Կանանց իրավունքների ադվոկացիա

Երևանի ավագանու ընտրություններից առաջ` սեպտեմբերի 12-ին, Կանանց ռեսուրսային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ավագանու թեկնածուների հետ, որի նպատակն էր մեր կամավորների, աջակիցների և համայնքի այլ ներկայացուցիչների հետ հարցադրումներ ուղղել ավագանու թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում կանանց իրավունքներին վերաբերող դրույթների վերաբերյալ: Մասնակիցներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը ավագանու թեկնածուներին, ծանոթացան կուսակցությունների ծրագրերին, որն օգնեց առավել գիտակցված որոշում կայացնել ընտրություններից առաջ:

2022թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման ազդեցության, հումանիտար աղետի և կանանց իրավունքների վրա ազդեցության վերաբերյալ, ինչպես նաև 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման և տեղի բնակչության բռնի տեղահանման վերաբերյալ մեր թիմը պատրաստել է 4 իրազեկող հաշվետվություններ՝ մեր միջազգային գործընկերներին իրավիճակի մասին տեղյակ պահելու համար:

Հոկտեմբերի 4-5-ը ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 74-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված ՀՀ 4-րդ պարբերական զեկույցի քննարկումը: ԿՌԿ֊ն ներկայացրել էր Կոմիտեին այլընտրանքային զեկույց կանանց իրավունքների մասով, ինչպես նաև պետության դիտարկումից առաջ հանդես եկել ելույթով՝ ներկայացնելով Կոմիտեին անդամներին կանանց իրավունքների ոլորտի հրատապ խնդիրները: Քննարկման արդյունքում Կոմիտեն ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումները:

Կանանց ռեսուրսային կենտրոնը՝ որպես Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ, այլ գործընկերների հետ նոյեմբերին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կոալիցիան վարչապետին է ներկայացրել Հայաստանում գենդերային բռնության իրավիճակը տարբեր ոլորտներում ու առաջարկություններ ներկայացրել դրանց լուծումների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կանանց նկատմամբ բռնության հետ կապված խնդրի քննարկումը:

Նոյեմբերի 6-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանը մշտադիտարկող ԵՄ առաքելության հետ կազմակերպեցինք խորհրդատվական հանդիպում, որի նպատակն էր քննարկել կանանց դերը ՀՀ անվտանգային օրակարգում: Հանդիպմանը մասնակցում էին սահմանամերձ համայնքներում կանանց հիմնահարցերով զբաղվող, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շուրջ ադվոկացիա իրականացնող կազմակերպություններ:

Նոյեմբերի 17-ին մեր տարածքում հյուրընկալեցինք Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությանը` տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող 7 պատգամավորներով, որոնք ժամանել էին Հայաստան՝ մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ Հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Պատրիկ Սվենսոնը: Այցի նպատակն էր ծանոթանալ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ իրականացվող ծրագրերին Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից, դրանց մարտահրավերներին ու հաջողություններին:

Նոյեմբերի 25-ին մասնկացեցինք Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կազմակերպած մոմավառությանը՝ Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում: Իսկ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած մամլո ասուլիսին ԿՌԿ ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց գենդերային բռնության դեմ պայքարում Կոալիցիայի կատարած աշխատանքը, առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները:

Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին երիտասարդ կանանց խմբի համար անցկացրել ենք «Իմ մարմին՝ իմ իրավունք» խորագրով դասընթացների շարք` բաղկացած 8 հանդիպումներից: Դրանց ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սեռական և վերարտադրողական անատոմիան և ֆիզիոլոգիան, անձնական հիգիենան, դաշտանային ցիկլը, առողջ սեռական հարաբերությունները, սեռավարակները և հակաբեղմնավորման մեթոդները և այլն:

Այս ժամանակահատվածում իրականացրել ենք հերթական երկօրյա վերապատրաստման ծրագիր հոկտեմբերի 30-ին և 31-ին: Նպատակն էր բարձրացնել առողջապահական ծառայություններ մատուցողների, մասնավորապես՝ մանկաբարձների, գինեկոլոգների և ընտանեկան բժիշկների տեղեկացվածությունը և զգայունությունը:

Համագործակցելով իրավապաշտպանների և մասնագետների հետ՝  ԿՌԿ-ն թիրախավորել է գինեկոլոգիայի և ընտանեկան բժշկության ոլորտում մասնագիտացած 100 բժշկի: Որպես լրացուցիչ ռեսուրս՝ մասնակից բժիշկներին բաժանվել է մանրամասն գրքույկ, որը ներառում է քննարկված թեմաները և համապատասխան ուղեցույցները: Այս գրքույկը ծառայում է որպես արժեքավոր տեղեկատու ուղեցույց՝ օգնելով բուժօգնություն մատուցողներին իրենց պրակտիկայում ներառականության, խտրականության բացառման և գենդերազգայուն բժշկական ծառայություն իրականացնելու հարցում: 

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է, և ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես թեմատիկ բաց հանդիպում ունեցանք ԿՌԿ ֆեմինիստական ապահով տարածքում` քննարկելով կրծքագեղձի խնամքի առանձնահատկությունները, ինքնազննման տեխնիկաները, կրծքագեղձի քաղցկեղի տարածվածությունը և կանխարգելման մեթոդները:

Կանանց ՔՀԿ֊ների կարողությունների զարգացում

2023 թ-ի օգոստոսից իրականացվել և ամփոփվել են 3 գործընկեր կազմակերպությունների ենթադրամաշնորհային ծրագրերը: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացված «Կանայք սեռական բռնության մասին. ընկալումներ, փորձառություն» հետազոտությունը: Հայաստանում կանանց հիմնադրամը սեպտեմբերին կազմակերպեց «Հայաստանի աշխատավոր(ուհի)» ամսագրի ներկայացման միջոցառումը։ Տրվել է նոր ենթադրամաշնորհների կանչ` տնտեսական հզորացման և սոցիալական ինտեգրման ծրագրերի համար՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված կանանց ու աղջիկներին:

Հոգեբանական հանդիպումներ

ԿՌԿ հոգեբանները նշված շրջանում անցկացրել են  «Անձնային աճ» խորագրով խմբային թերապիայի սեանս, իսկ ևս 2 անձի հետ  ընդհանուր առմամբ անցկացվել է 11 անհատական հոգեբանական խորհրդատվություն: 

Անվճար իրավաբանական խորհրդատվություն

Օգոստոս-դեկտեմբեր ամիսներին մեր անվճար իրավաբանական խորհրդատվության ծառայության համարին ստացել ենք 110 զանգ, իսկ տեղում խորհրդատվություն տրամադրել 12 այցելուի։ Հոտեմբերից մեր իրավաբանը պատասխանում է նաև բռնի տեղահանված արցախահայերի հեռախոսազանգերին: 

ԿՌԿ-ն 20 տարեկան է

Սեպտեմբերի 8-ին տոնեցինք Կանանց ռեսուրսային կենտրոնի հիմնադրման 20-ամյակը՝ քաղաքացիական հասարակության մեր ընկերների, աջակիցների, համախոհների, պետական ոլորտի բարձրաստիճան հյուրերի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու դեսպանների հետ: Այս 20 տարիները լի են եղել բազմաթիվ դժվարություններով ու ձեռքբերումներով, ուստի մեզ համար կարևոր էր անգամ այս դժվարին ու ճգնաժամային շրջանում տոնել այն փաստը, որ ԿՌԿ-ն շարունակում է իր գործունեությունը և կանանց զորեղացելու իր առաքելությունը:

Մեր գործունեությանն աջակցելու համար ձեր նվիրատվությունը կարող եք անել այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published.