Սեքսիզմը` զենք քաղաքական գործիչների ձեռքում. իշխանության, արտոնությունների և քաղաքական պատասխանատվության մասին

Home / Նորություններ / Սեքսիզմը` զենք քաղաքական գործիչների ձեռքում. իշխանության, արտոնությունների և քաղաքական պատասխանատվության մասին
Սեքսիզմը` զենք քաղաքական գործիչների ձեռքում. իշխանության, արտոնությունների և քաղաքական պատասխանատվության մասին

Գաղտնիք չէ, որ հանրային գործիչների խոսքը կամ արարքը, հատկապես նրանց, ովքեր իշխանություն ունեն կամ բարձր պաշտոններ են զբաղեցնում, հասարակության մեջ ավելի մեծ կշիռ է ունենում, քան հասարակ քաղաքացիներինը: Ֆեմինիզմի տեսությունն առանձնացնում է իշխանության երկու տեսակ. 1) իշխանությունը որպես ռեսուրս (որը պետք է հավասար բաժանվի մարդկանց միջև) և 2) իշխանությունը որպես միջոց (որի դեպքում մի կողմն անարդար վերահսկողություն է իրագործում մյուսի հանդեպ): 

Քաղաքական գործիչները տիրապետում են իշխանության այս երկու ձևերին էլ. նրանք ունեն ինստիտուցիոնալ իշխանություն և կարող են ձևավորել հանրային դիսկուրս, բայց նաև ռիսկ կա իրենց գերիշխանությունը հարատև դարձնելու, երբ իրենց հարթակներն օգտագործում են անհատներին` մասնավորապես կանանց ու այլ համակարգայնորեն անտեսված խմբերին թիրախավորելու համար ու մերժում ցանկացած կառուցողական քննադատություն՝ հատկապես քաղհասարակության կողմից:

Իշխանությունն իր հետ բերում է պատասխանատվություն: Քաղաքական գործիչներն ու նրանց ընտանիքները պարզապես մասնավոր անձինք չեն. նրանք հանրային գործիչներ են, որոնց հայտարարությունները սահմանում են նորմեր և կարող են կա՛մ մարտահրավեր նետել համակարգային անհավասարությանը, կա՛մ ամրապնդել այն: Երբ երկրի վարչապետն իր խոսքում թիրախավորում է կանանց կամ բացահայտում է կնոջ մասին անձնական տեղեկություններ (լինի դա իրական, թե ենթադրյալ)՝ դրանով նա ոչ միայն հարձակվում է անհատի վրա, այլև ամրապնդում է այն համակարգը, որում կանանց սեռականությունը որպես զենք օգտագործվում է քաղաքական շահի հասնելու համար:

Հասկանալի է, որ «շատ դժվար է» չտրվել գայթակղությանը և խուսափել նման բառապաշարից, հատկապես երբ նմանատիպ ու էլ ավելի վատ բառապաշարով է հաղորդակցվում, օրինակ, աշխարհի գերտերություններից ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր խոսքում շարունակ նվաստացնելով կանանց, սեռական բնույթի կատակներ անելով և այլն: Նման վարքագծի կրկնօրինակումը գուցե ստեղծում է ուժի ու իշխանության պատրանք այդ անողի մոտ, սակայն դա ոչ այլ ինչ է, քան կանանց մարդկային վահան դարձնելն ու նրանց հետևում թաքնվելը՝ խուսափելով քաղաքական պատասխանատվությունից: 

Արտոնություն և գենդերային երկակի ստանդարտներ

Արտոնությունը սոցիալական դիրքի վրա հիմնված առավելությունն է: Քաղաքականության մեջ տղամարդիկ` հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնողները, հաճախ օգտվում են հայրիշխանական նորմերից, որոնք նրանց պաշտպանում են այնպիսի քննադատությունից և ամոթից, որի փորձառությունը հաճախ կանայք են ունենում: Երբ առաջին տիկինը մատնանշում է իր դեմ ուղղված գենդերային բնույթի հարձակումները, ճիշտ է անում. դա ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչպես են կանայք պարբերաբար թիրախավորվում քաղաքական կյանքում: Այստեղ արժե հիշեցնել, որ Կանանց ռեսուրսային կենտրոնը շարունակ արձագանքել է կին քաղաքական գործիչների հանդեպ ատելության խոսքի դրսևորումներին՝ անկախ քաղաքական պատկանելիությունից, և միայնակ մնացել, երբ թիրախավորել են հենց մեզ՝ ԿՌԿ-ին ու կին իրավապաշտպաններին: Այնուամենայնիվ, նման հարձակումները նորմալացնելը կամ նույն կերպ արձագանքելը լուծում չէ: Հարկավոր է հիմնովին փոխել այն համակարգը, որը կանանց մարմիններն ու սեռականությունը դարձնում է քաղաքական մարտերի խաղալիք ու գործիք:

Սակայն այստեղ պետք է մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե որն է տարբերությունը առաջին տիկնոջ և շարքային կնոջ միջև: Թեև երկրի առաջին տիկինը կամ որևէ այլ բարձր պաշտոնյա կին նույնպես զերծ չի մնում հայրիշխանական վերահսկողությունից ու թիրախավորումից, նա ունի համակարգային իշխանություն ու ավելի մեծ տեսանելիություն, քան շարքային կինը: Նրա հանդեպ գենդերային բնույթի հարձակումներն արագ տարածվում են լայն հասարակության շրջանում, մեդիայում հայտնվում, համախոհների կողմից պաշտպանող քայլեր են հետևում դրանց, այլ խոսքերով` նրա հարցը դառնում է «հասարակական հարց»: Մինչդեռ եթե շարքային կինն է նմանատիպ հարձակումների ենթարկվում, նա չունի հասանելիություն վերոնշյալ ռեսուրսներին, նրա փորձառությունը «անձնական» է մնում, լայն տարածում ու պաշտպանություն չի գտնում: Ուստի, ինչպես ասում են` “Check your privilege, sis.”

Երբ քաղաքական գործիչն է կնատյաց արտահայտություններ օգտագործում` հատկապես բարձր պաշտոն ունեցող գործիչը, որն իր ձեռքում ունի ուժի ու իշխանության մեծ չափաբաժին, սա հստակ հաղորդագրություն է հանրությանը, որ նման վարմունքը կամ մարտավարությունն ընդունելի մի բան է, այսինքն` հասարակական կյանքում կանանց թիրախավորելն ու ցածրացնելը դառնում է նորմա: Ուստի ֆեմինիստական կազմակերպություններն իրենց պարտքն են համարում հիշեցնելու քաղաքական գործիչներին, որ կանանց արժեքը չպետք է որոշվի տղամարդկանց հետ ունեցած նրանց հարաբերություններով ու չպետք է շահարկման առարկա դառնա:

Անձնական կյանք և էթիկական նկատառումներ

Ֆեմինիզմը բարդ փոխհարաբերություն ունի անձնականի կամ գաղտնիության քաղաքականության և հասարակականի հետ: Մի կողմից` անձնական կյանքի գաղտնիությունը կարևոր պայման է կանանց ինքնավարության ու անվտանգության համար, մյուս կողմից` անձնական-հասարակական բաժանումը պատմականորեն ծառայել է կանանց լռեցնելուն, նրանց փորձառությունները թաքցնելուն ու կանանց հանդեպ բռնությունը անպատիժ թողնելուն: Սակայն մի բան պարզ է. կնոջ անձնական/ինտիմ կյանքը քաղաքական նպատակներով շահարկելը նրա իրավունքների ու ինքնավարության կոպտագույն խախտում է: Սա հատկապես վտանգավոր է մեր թվային դարում, երբ անձնական կյանքի մասին ցանկացած չնչին տեղեկության բացահայտում շատ արագ բերում է ավելի մեծ «բացահայտումների»` տևական վնաս հասցնելով տվյալ կնոջը և խորացնելով գենդերային դիսբալանսը: 

Եվ այստեղ նույնպես կան երկակի ստանդարտներ. եթե տղամարդու անձնական կյանքից են բացահայտումներ արվում, հասարակությունը դա համարում է «սայթաքում» կամ «սխալմունք», իսկ կնոջ դեպքում այն վերածվում է մեղադրանքների մի ամբողջ շարքի` «տնաքանդ», «անբարոյական», «շահամոլ» և այսպես շարունակ: Ուստի կնոջ անձնական կյանքի վերաբերյալ մանրամասների շահարկումը քաղաքական պատերազմներում հակաէթիկական է ու անընդունելի: 

Բուլինգը, ամոթն ու սեքսիզմը քաղաքականության մեջ

Ամոթը կանանց սեռականությունը վերահսկելու և պատրիարխալ վերահսկողությունը պահպանելու կենտրոնական գործիք է: Հանրային ամոթը` հատկապես սեռականության շուրջ, ծառայում է կանանց լռեցնելուն, հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խոչընդոտելուն և վնասակար կարծրատիպերն ամրապնդելուն: Երբ քաղաքական գործիչներն օգտագործում են գենդերացված և սեռականացված վիրավորանքներ կամ մեղադրանքներ, նրանք ընդունելի են դարձնում այն մշակույթը, որում կանայք պատժվում են իրենց սեռականության համար՝ իրական, թե ենթադրյալ:

Կա նաև այսպես կոչված «արդարացված սեքսիզմի» միֆ, ըստ որի` գենդերային բնույթի հարձակումներն ընդունելի են, երբ ուղղված են  «կեղծավորների» կամ քաղաքական թշնամիների դեմ: Սա վտանգավոր մոլորություն է: Ֆեմինիզմը «նրանք առաջինը սկսեցին» սկզբունքով չի գործում: Առաջին տիկնոջ դեմ ընդդիմության կնատյաց արշավներն անարդարացի են, բայց նույն կերպ արձագանքելը ոչ թե քանդում է հայրիշխանությունը, այլ ավելի ամրապնդում դրա դիրքերը: Երբ առաջնորդներն ընդօրինակում են իրենց հակառակորդների սեքսիզմն ու սեքսիստական խոսույթները, դրանով ազդանշան են տալիս, որ իշխանության հասնելու գործում կանանց արժանապատվությունը քննարկման ընդունելի առարկա է։

Մենք հասկանում ենք, որ վարչապետի ուղերձի հիմնական թիրախը մեկ այլ հայրիշխանական կառույցն է՝ եկեղեցին, այլ ոչ անմիջապես որևէ կին: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ նույնիսկ հայրիշխանական կառույցին թիրախավորելով՝ վարչապետը օգտագործում է կնոջ կերպար ու սեռականացված բառապաշար: 

Մեր արձագանքը վարչապետի հայտարարությանը ոչ թե նշան է, որ մենք անտեսում ենք բարձրաստիճան կանանց հանդեպ գենդերային բնույթի հարձակումները, այլ որ հանձնառու ենք քանդելու այն ամբողջ համակարգը, որն օգտագործում է գենդերը և սեռականությունը որպես զենք` հատկապես կանանց դեմ։ Ուստի ևս մեկ անգամ պատասխանատվության կոչ ենք անում.

  • Քաղաքական գործիչներին` դադարեցնել կանանց անձնական կյանքի շահարակումները քաղաքական կոնտեքստում հաջողությունների հասնելու համար,
  • Վարչապետին` հանրային ներողություն խնդրել խտրական արտահայտության և ենթադրյալ զուգընկերոջ մասին տվյալների բացահայտման համար՝ այդպիսով նախադեպ ծառայելով այլ քաղաքական գործիչների մոտ և կանխարգելելով դրա շարունակական բացասական հետևանքները,
  • Մեդիային` դադարեցնել անպարկեշտ բամբասանքների տարածումը և փոխարենը ուսումնասիրել այն համակարգերը, որոնք հնարավորություն են տալիս նման մարտավարությունների տարածմանը,
  • Հանրությանը` չհաշտվել սեքսիստական հռետորաբանության հետ, անգամ եթե այն գալիս է ձեր գաղափարակից քաղաքական ու հասարակական գործիչներից

Հայրիշխանական համակարգը ծաղկում է, երբ սեքսիզմը դարձնում ենք քաղաքական ռազմավարություն, նույնիսկ այն դեպքում, երբ թիրախում մեկ այլ հայրիշխանական կառույց է, այս դեպքում՝ եկեղեցին: Նման միջադեպերը միայն ազդեցիկ տղամարդկանց միջև թշնամանքի մասին չեն. դրանք վերաբերում են նրան, թե ինչպես են կանայք ու իրենց մարմինները կրկին ու կրկին դառնում մարտադաշտ: Հասարակական ինչ դիրք էլ որ զբաղեցնի թիրախավորվող կինը, մի բան հստակ է` նրա արժանապատվությունը չի կարող զոհաբերվել տղամարդկանց քաղաքական օրակարգերի համար: Միայն առաջնորդներին պատասխանատվության ենթարկելով և սեռական ու գենդերային բնույթի հարձակումներին արձագանքելով կարող ենք ստեղծել այնպիսի քաղաքական ու հասարակական մշակույթ, որում կանայք գնահատվում են իրենց գաղափարների և անձնական որակների համար, այլ ոչ թե թիրախավորվում իրենց կապերի կամ սեռական կյանքի պատճառով:

Կարդացեք նաև հասարակական կազմակերպությունների կողմից արված դատապարտող հայտարարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում նա թիրախավորել է հոգևորական գործչի ենթադրյալ զուգընկերոջը. https://womenofarmenia.org/hy/2025/05/30/stop-the-exploitation-of-women-in-political-conflicts-joint-statement/

Leave a Reply

Your email address will not be published.