Ժամանակակից աշխարհում կլիմայական փոփոխությունները հասել են այնպիսի մասշտաբների, որ այլևս հնարավոր չէ դրանք անտեսել։ Այսքան բարձր ինտենսիվությամբ և խորությամբ ճգնաժամեր նախկինում չեն արձանագրվել։ Այս համատեքստում պատահական չէ, որ հենց կապիտալիստական համակարգում է ծագում և սրվում կլիմայական ճգնաժամը։ Սակայն այս ճգնաժամը մեկուսացված չէ, այն խորը կապ ունի այլ ճնշող համակարգերի հետ, ինչպիսիք են սեքսիզմը, ռասիզմը, գաղութատիրությունը ու սփեշիսիզմ։
Կապիտալիզմի գոյությունը հենվում է շահագործման վրա։ Նախ՝ դա բնության շահագործումն է մասնավոր ընկերությունների կողմից, որոնք անհատույց կամ փոքր վճարի դիմաց օգտագործում և աղտոտում են «բնական միջավայրերը»՝ անտառները, ջրերը, ընդերքը։ Իսկ հետո մարդկանց՝ հատկապես կանանց շահագործումն է։ Կապիտալիզմը գոյատևում է կանանց անվճար աշխատանքի շնորհիվ. հենց կանայք են հոգում խնամքի և դաստիարակության աշխատանքները՝ առանց դրա համար պատշաճ ճանաչում կամ վարձատրություն ստանալու։
Ճնշող համակարգերը` սեքսիզմից մինչև սփեշիսիզմ
Սեքսիզմը կլիմայական ճգնաժամում արտահայտվում է կանանց աշխատանքի արժեզրկման, երկրորդական պլան մղման և որոշումների կայացման գործընթացներից դուրս մղման միջոցով։ Կանայք հաճախ ենթարկվում են առավել մեծ ռիսկերի՝ հատկապես աղետների ժամանակ։
Գաղութատիրությունն այսօր արտահայտվում է Գլոբալ հյուսիսի (զարգացած երկրների) կողմից Գլոբալ հարավի (զարգացող երկրների) ռեսուրսների ու աշխատուժի համակարգված օգտագործմամբ։ Ռեսուրս բառն ինքը շատ խնդրային է, որովհետև այդպես են սկսում անվանել ապրող, կյանքը տվող ու պահպանող համակարգերը՝ բնությունը, մարդկանց․․․ ինչը թույլ է տալիս հետագայում արդարացնել նրանց նկատմամբ բռնությունը՝ շահագործումը, աղտոտումը, ոչնչացումը։ Գետերը, լեռները, անտառները կոչվում են «բնական ռեսուրսներ»` ենթադրելով, որ դրանք պարտադիր պետք է ծառայեն մարդուն։ Հանքարդյունաբերական նախագծերը, հսկա նավթամուղներն ու աղտոտ արդյունաբերական ծրագրերն իրականացվում են կա՛մ Գլոբալ հարավում, կա՛մ էլ Գլոբալ հյուսիսի բնիկ ժողովուրդների տարածքներում՝ առանց նրանց համաձայնության, ինչն արտահայտում է կապիտալիզմի, ռասիզմի և գաղութատիրության միախառնված գործելակերպը։ Գաղութատիրության կիրառման գլխավոր դերակատարներ են դարձել ոչ միայն կորպորացիաները, այլև միջազգային զարգացման բանկերն ու ֆինանսական ինստիտուտները։
Սպեշիսիզմը՝ գաղափարը, թե մարդը գերակա է մոլորակի վրա ապրող մյուս կենսատեսակների հանդեպ, թույլ է տալիս բնության նկատմամբ կիրարկել նույն (կամ է՛լ ավելի դաժան) հպատակեցման մեխանիզմները, ինչ կիրառվում են ճնշված մարդկանց նկատմամբ։ Ընտանի կոչված կենդանիներն անխնա բռնության ու շահագործման են ենթարկվում ֆերմաներում, վայրի կենդանիները վտանգավոր գիտափորձերի զոհ են դառնում, փակվում են գազանանոցներում ու կրկեսներում։
Հայաստանում կլիմայական փոփոխությունները զգալի ազդեցություն ունեն հատկապես գյուղական բնակչության վրա։ Գյուղատնտեսությունը՝ որպես հիմնական ապրուստի միջոց, դարձել է խոցելի՝ ջրի պակասի, հողերի անապատացման և եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով։
Հատկապես կանայք գյուղական վայրերում կրում են այս բեռը. տղամարդիկ հաճախ ժամանակավորապես տեղափոխվում են քաղաք աշխատանք որոնելու, իսկ կանայք մնում են՝ իրենց ուսերին վերցնելով ամբողջ ընտանեկան և հողագործական աշխատանքը։ Սակայն ըստ տարբեր տեղական և միջազգային հետազոտությունների՝ չնայած տղամարդկանց միգրացիայի արդյունքում կանայք վերցնում են աշխատանքի ամբողջ բեռը՝ դա չի ավելացնում նրանց իրավունքները․ նրանք հաճախ զրկված են հողի սեփականության իրավունքից կամ որոշում կայացնելու հնարավորությունից։
Կլիմայական ճգնաժամերը հաճախ ուղեկցվում են գենդերային բռնության աճով, ինչի մասին վկայում են տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի փորձը։
Աղետների և էկոլոգիական փոփոխությունների պայմաններում կանայք դառնում են առավել խոցելի՝ ապաստանների սահմանափակ հասանելիության, տնտեսական լարվածության և կանանց նկատմամբ բռնության արմատավորված մշակութային գործոնների ազդեցության պատճառով։ Այս հանգամանքները լրջորեն խոչընդոտում են կանանց և աղջիկների վերականգնման ուղիները՝ խորացնելով աղքատության, թերսնուցման, ինչպես նաև կրթությունից դուրս մնալու հավանականությունը։ Շատ դեպքերում հատկապես գյուղական և աղետներից տուժած շրջաններում կանայք չեն ստանում նաև տարրական վերարտադրողական հիգիենայի միջոցներ։
Հայաստանի շատ մարզերում կանայք ունեն քաղցկեղի տարբեր ձևերի դրսևորումներ, որոնք հաճախ կապված են էկոլոգիական խնդիրների, աղտոտված միջավայրի, թունաքիմիկատների կիրառման և անբավարար բժշկական վերահսկման հետ։ Հատկապես գյուղական համայնքներում կանայք չունեն բավարար հասանելիություն վաղ ախտորոշման և բուժման ծառայությունների, ինչի հետևանքով հիվանդությունները հաճախ հայտնաբերվում են ուշ փուլերում։ Սա է՛լ ավելի է խորացնում կանանց առողջական և սոցիալական խոցելիությունը՝ միաժամանակ վկայելով շրջակա միջավայրի և վերարտադրողական առողջության սերտ կապի մասին։
Բնապահպանական շարժումներում հիմնական շարժիչ ուժը հենց կանայք են, քանի որ նրանք են ամենաշատը տուժում կլիմայական և էկոլոգիական ճգնաժամերից, սակայն չնայած նրանց կատարած ահռելի աշխատանքին՝ շատ դեպքերում տեսանելիության առումով գերակշռում են տղամարդիկ։ Մեդիայում ու հանրային հարթակներում հիմնականում տղամարդիկ են հայտնվում. սա նույնպես վկայում է գենդերային անհավասարության մասին նաև բնապահպանական պայքարի դաշտում։
Կանանց նկատմամբ (բռնա)ճնշումները նույնպես տարբերվում են․ սեռական հայհոյանքները, սեռականության ու բարոյականության մասին քննարկումներն անպակաս են սոցիալական մեդիայում։
Խոսնակ՝ Արփինե Գալֆայան
Նշումները՝ Վիկտորյա Մելիքյանի
Ֆեմախոսության պրեզենտացիան հասանելի է այստեղ
Ֆեմախոսությունը տեղի է ունեցել 2025թ.-ի ապրիլի 30-ին Կանանց ռեսուրսային կենտրոնում: Ֆեմախոսությունների մասին տեղեկանալու համար՝ հետևեք մեզ Ֆեյսբուքում և Ինստագրամում:
Leave a Reply