Կանանց ռեսուրսային կենտրոնը, որպես ֆեմինիստական կազմակերպություն, հայտնում է իր անհամաձայնությունը Երևանի քաղաքապետարանի՝ հանրային տրանսպորտի գնի բարձրացման որոշմանը:
Չնայած քաղաքապետ Ավինյանը վերջերս հայտարարեց նոր գնային համակարգ՝ հանրային տրանսպորտի 1 տոմսի արժեքը սահմանելով 150 դրամ (միևնույն ժամանակ պահպանելով միասնական տոմսային համակարգի փաթեթները), այս փոփոխությունը չի արդարացնում հասարակական տրանսպորտի գնի 50% բարձրացումը:
Հասանելի հանրային տրանսպորտը մարդկանց ամենատարրական կարիքներին ուղղված միջոց է՝ հասնել աշխատանքի, ուսման, ժամանցի, գնումներ անել և այլն: Տոմսի գնի բարձրացումը սահմանափակում է բազում մարդկանց՝ մասնավորապես կանանց հասանելիությունը տրանսպորտին և հետևաբար՝ կյանքի տարբեր անհրաժեշտ ոլորտներին:
Կանայք ավելի խոցելի են հանրային տրանսպորտի գնի բարձրացման հարցում. ավանդական գենդերային դերերի պատճառով կանայք իրականացնում են չվճարվող տնային և խնամքի աշխատանքների մեծ մասը (OECD, 2019): Օրինակ՝ կանայք հաճախ օրվա ընթացքում մի քանի կանգառներ են անում՝ երեխային մանկապարտեզ/դպրոց տանելու, խանութ գնալու, այլ տնային գործերով դուրս գալու համար, ի տարբերություն տղամարդկանց, որոնք հաճախ միայն երկու ուղղությամբ են ճամփորդում հանրային տրանսպորտի միջոցով՝ տնից աշխատանքի և հակառակ ուղղությամբ: Բացի այդ, Հայաստանում վարորդների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են՝ ոչ թե տղամարդկանց՝ ավելի լավ վարորդներ լինելու կարծրատիպի, այլ պատմականորեն կանանց՝ մեքենաներ տնօրինելու և վարելու համակարգային խտրականության պատճառով:
Հանրային տրանսպորտի սահմանափակ հասանելիությունը նշանակում է, որ կանայք է՛լ ավելի շատ խոչընդոտների են բախվելու աշխատանք գտնելիս՝ մեծացնելով աշխատավարձի գենդերային խզվածքը (որն, ի դեպ, 2024-ի տվյալներով 40.7% է, ըստ Արմստատի) և ռիսկի տակ դնելով կանանց տնտեսական անկախությունը (Blumen, 1994):
Ընդ որում՝ հանրային տրանսպորտի գնի բարձրացումն, իհարկե, դասակարգային խնդիր է: Կանայք բազմաչափ աղքատների մեջ գերակշիռ՝ 54․0% են կազմում: Իսկ 2023 թվականին 15-74 տարեկան կանանց 50%-ը կամ 592 հազար կին չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ 46%: Հիշեցնենք, որ անգամ 50 դրամ աճը տոկոսային հենց 50% բարձրացում է, որը մեծ ազդեցություն ունի առավելապես օրավարձով աշխատող կամ ոչ կայուն աշխատանքներ ունեցող մարդկանց վրա: 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվել է՝ նոյեմբերին կազմելով 1․4%: Ստացվում է, որ գնաճը կազդի կանանց վրա թե՛ իրենց դասակարգային, թե՛ գենդերային պատկանելիության հիմքերով:
Ի վերջո, գնի բարձրացումը հատկապես խնդիր է մարզաբնակ անձանց համար, որոնք գալիս են Երևան՝ աշխատանքի կամ ուսման նպատակով, նախ ծախսելով 300-700 կամ անգամ մինչև 1500 դրամ միջմարզային, իսկ հետո՝ լրացուցիչ 150 դրամ՝ ներքաղաքային տրանսպորտի վրա:
Որպես ֆեմինիստական կազմակերպություն՝ մեր առաքելությունն է ոչ միայն պայքարել գենդերային արդարության ուղղությամբ, այլև քննադատորեն մոտենալ (պետական) քաղաքականություններին՝ ձգտելով դրանք դարձնել ավելի գենդերազգայուն, ներառական և հասանելի: Հիմնվելով նաև վերջերս մեր կազմակերպած Մենք կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին հավատարիմ մնալ հասանելի հանրային տրանսպորտային համակարգ ստեղծելուն և հրաժարվել տոմսի գնի 50% բարձրացումից:
Leave a Reply