Կոնֆլիկտի ընթացքում սեռական բռնությունը վերաբերում է սեռական բռնության այն ակտերին (ներառյալ՝ բռնաբարություն, սեռական ստրկություն, հարկադրված մարմնավաճառություն և սեռական չարաշահման այլ ձևեր), որոնք տեղի են ունենում ռազմական կոնֆլիկտի կամ պատերազմի կոնտեքստում:
Նման բռնությունը հաճախ կիրառվում է որպես ռազմավարություն կամ ընդունված պրակտիկա զինված ուժերի կողմից՝ քաղաքացիական բնակչության շրջանում վախի մթնոլորտ և վերահսկողություն հաստատելու համար: Չնայած կանայք և աղջիկներն ավելի հաճախ են դառնում այս քրեական ակտի զոհ, յուրաքանչյուր մարդ, անկախ իր գենդերից, կարող է ենթարկվել նման բռնության (United States Institute of Peace, n.d.):
Ռազմականացված սեռական բռնության պատմական օրինաչափությունը, որը հաճախ արհամարհվում է «տղաները տղա կմնան» (“boys will be boys”) վերաբերմունքով, ընդգծում է բռնաբարության նորմալիզացումը ռազմական մշակույթի մեջ: Սա նաև ապացուցվում է Երկրորդ համաշխարհային և Վիեատնամի պատերազմներից հետո նմանատիպ հանցագործությունների քրեական հետապնդման բացակայությամբ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական ուժերը իրենց բռնազավթած տարածքներում լայնորեն շահագործում էին «սփոփման կանանց» (“comfort women”)` նրանց ենթարկելով սեռական ստրկության։ Վիետնամի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի զինվորականները նպաստում էին ռազմականացված մարմնավաճառության համակարգին, որտեղ վիետնամցի կանայք հաճախ բռնաբարվում էին կամ պիտակվում որպես մարմնավաճառներ՝ արտացոլելով խոր արմատացած կնատյացությունը և ռասայական գերիշխանությունը:
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը նույնպես ներգրավված են եղել տեղի կանանց և երեխաների սեռական շահագործման մեջ Կոսովոյում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Արևմտյան Աֆրիկայում և Հայիթիում` չնայած այն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կողմից 2003 թվականին հրապարակված «զրո հանդուրժողականության» քաղաքականությանը:
Զոհին մեղադրելու ռազմավարությունը, որտեղ տեղաբնիկ կանայք և աղջիկները ներկայացվում են որպես խիստ սեքսուալացված և ագրեսիվ՝ «անմեղ» խաղաղապահների նկատմամբ իրենց առաջխաղացումներում, նկատվել է ինչպես Հաիթիում, այնպես էլ Լիբերիայում և այլուր:
Նույնիսկ կին զինվորներն ու տեղեկատուները ՄԱԿ-ի առաքելություններում հաճախ ընդունում են «տղաները տղա կմնան» վերաբերմունքը, որը փաստագրված է Իրաքում՝ Աբու Գրեյբի, Հաիթիի և Լիբերիայի նման համատեքստերում (Maxwell, 2010):

Հայկական կոնտեքստ
Կանանց նկատմամբ բռնությունը Հայոց ցեղասպանության հիմնական հատկանիշներից էր: Դեռ զանգվածային սպանություններից առաջ սեռական նվաստացումները կիրառվում էին հայ համայնքին ահաբեկելու համար։ Հայկական ղեկավարության և զինվորական տարիքի տղամարդկանց սպանելուց հետո, օսմանյան իշխանությունները և իթթիհադականների կողմնակիցները Անատոլիայից փրկված հայերին արտաքսեցին Սիրիական անապատ: Այս էթնիկ զտումների ժամանակ բռնաբարությունները, առևանգումները, սեռական ստրկությունը և բռնի վերամուսնությունը փաստացի դարձան ցեղասպանության գործիք: Ականատեսների վկայությունները և դիվանագիտական զեկույցները լույս են սփռում ցեղասպանական հալածանքների ժամանակ գենդերի նշանակության վրա:
«Հարյուր [հայ] աղջիկների, ովքեր հաճախում էին միսիոներական դպրոց … բաժանել են խմբերի, և նրանք, ովքեր թուրք սպաների կարծիքով ամենագեղեցիկ էին, առևանգվել են սպաների կողմից»։
Մասնավորապես, տեղահանված կանանց մերկությունը նպաստել է նրանց ապամարդկայնացմանը ընդհանուր բնակչության աչքում։
Հարկադիր խառնամուսնությունները և դրանց հետևանքով կանանց և աղջիկների ձուլումը արմատավորվել են տղամարդկանց՝ որպես էթնիկ պատկանելության միակ կրողների ավանդական ընկալման մեջ։

Պատմականորեն, մարդասիրական իրավունքը դիտարկել է բռնաբարությունը որպես հանցագործություն կնոջ «պատվի» դեմ (և, ընդլայնելով, համայնքի պատվի), քան թե որպես լուրջ բռնության հիմքով հանցագործություն կնոջ դեմ, որը հարձակում է նրա ինքնավարության վրա և իր կյանքը վտանգի տակ է դնում (Derderian, 2005);
Այս վերաբերմունքը համապատասխանում է հայրիշխանական նորմերին, որոնցով կնոջ պատիվը կախված է տղամարդկանց հետ իր հարաբերություններից: Տղամարդիկ կարող են շնորհել կնոջը պատիվ՝ նրան «ամուսնանալու ենթակա» և «մաքուր» համարելով: Տղամարդիկ կարող են նաև զրկել կնոջը պատվից՝ նրան բռնաբարելով և «անարժան» դարձնելով (Maxwell, 2010):
ՄակՔինոնի խոսքերով՝ կին քաղաքացիական անձանց բռնաբարությունը հաճախ «նվաստացման ծես է մյուս կողմում գտնվող տղամարդկանց համար, ովքեր չեն կարող (առնականության առումով) «պաշտպանել» իրենց կանանց: Այս արարքներից շատերը կանանց մարմինները դարձնում են տղամարդկանց արտահայտման հարթակ, որի միջոցով տղամարդկանց մի խումբ ասում է մյուսին այն, ինչ ուզում է ասել» (Whisnant, 2017):
Մինչ մենք չսկսենք անդրադառնալ բռնաբարության հիմնական պատճառներին՝ հակամարտությունների ժամանակ և այլուր, արգելքի և հետապնդման միջոցով խնդրին լուծում տալու ջանքերը ապարդյուն կմնան (Maxwell, 2010):

Վիզուալները՝ Դիանա Հովհաննիսյանի
Տեքստը՝ Ջի Աբգարյանի, արմի նելլիկի
Ծանոթագրություններ
Sexual violence is not an inevitable cost of war. (n.d.). United States Institute of Peace. https://www.usip.org/publications/2023/12/sexual-violence-not-inevitable-cost-war?utm_source=usip.org
Maxwell C. (2010). Moving Beyond Rape as a “Weapon of War”: An Exploration of Militarized Masculinity and its Consequences. Canadian Women Studies. https://cws.journals.yorku.ca/index.php/cws/article/view/30786/28248
Whisnant, R. (2017). Feminist Perspectives on Rape (E. N. Zalta, Ed.). Stanford Encyclopedia of Philosophy; Metaphysics Research Lab, Stanford University. https://plato.stanford.edu/entries/feminism-rape/#WarRapGenRap
Derderian, K. (2005). Common fate, different experience: Gender-Specific Aspects of the Armenian Genocide, 1915-1917. Holocaust and Genocide Studies, 19(1), 1–25. https://doi.org/10.1093/hgs/dci001
Leave a Reply