Վերջին օրերին քննարկման առարկա է դարձել ՀՀ առողջապահության նախարարության կողմից մի շարք ծննդատների պետպատվերի դադարեցման որոշումը: Հունվարի 14-ին Առողջապահության նախարարը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ անդրադարձավ այս խնդրին՝ պարզաբանելով որոշման պատճառները: Մասնավորապես, նախարարը նշեց, որ 2018 թ.-ին անկախ գնահատողների խմբի կողմից իրականացվել է ՀՀ տարածքում գործող բոլոր ծննդատների մոնիթորինգ, որի արդյունքում մի շարք ծննդատներում բացահայտվել են ծննդկանի և նորածնի կյանքն ու առողջությունը վտանգող գործոններ, այդ թվում՝ տեխնիկական հագեցվածության խնդիրներ, համապատասխան մասնագետների բացակայություն և այլն: Նախարարն իր խոսքում նշեց, որ պետությունը հստակ գիտակցում է մոր և մանկան առողջության պահպանման երաշխիքի ապահովման կարևորությունը, սակայն հաշվի առնելով որոշ հիվանդանոցներում արձանագրված խնդիրները, այս որոշումը հրամայական է: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ բոլոր բուժկենտրոնները, որոնք զրկվել են պետպատվերից կարող են բարելավել արձանագրված բացերը, որից հետո նախարարությունը կվերանայի պետպատվերի տրամադրման հետագա հնարավորությունները: Նախարարը նաև անդրադարձավ կանանց՝ վերարտադրողական ծառայությունների հասանելիության խնդրին, նշելով, որ շտապօգնության ծառայություններն անվճար կարող են տեղափոխել ծննդկաններին համապատասխան բուժհաստատություններ: Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել՝ https://bit.ly/3adec24
Կանանց ռեսուրսային կենտրոնն իր աշխատանքի ընթացքում մշտապես բարձրաձայնել է մարզերում գործող վերարտադրողական ծառայություններ մատուցող կառույցների՝ կանանց տարբեր խմբերին պատշաճ որակի ծառայությունների տրամադրման խնդիրները, մասնավորապես՝ Վայոց ձորի, Արմավիրի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի որոշ ծննդատների և գյուղական ամբուլատոր կենտրոնների կողմից վերարտադրողական ծառայությունների մատուցման խոչընդոտները, որոնք պետության պարտավորությունների շրջանակներում պետք է համապատասխանեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կառույցների չափորոշիչներին: Այս տեսանկյունից, ողջունում ենք պետության և մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությունը և պատրաստակամությունը վերանայել մատուցվող ծառայությունների որակը: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՀՀ ստանձնած մի շարք պարտավորություններով, այդ թվում՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայով, որը ՀՀ-ն վավերացրել է 1993 թ․-ին, պետությունն ունի պարտավորություն հարգելու, պաշտպանելու և ապահովելու սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի իրացումը: [Թիվ 24 Ընդհանուր եզրակացություն]
Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի կոմիտեն 2016 թ․-ին իր ամփոփիչ դիտարկումներում Հայաստանի Հանրապետությանը նշել է, որ պետությունը պարտավոր է ապահովել կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական ծառայությունների նկատմամբ, հատկապես՝ գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող և էթնիկ փոքրամասնությունների խմբերի կանանց շրջանում: [Առաջարկներն ամբողջությամբ` https://bit.ly/36QriQF
Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն չափորոշիչներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կարևորում է, որ վերարտադրողական առողջության ծառայությունները լինեն՝ 1. համապատասխան բնակչության թվաքանակին, 2. հասանելի իրենց տեղակայմամբ և ֆինանսապես, 3․ խտրականությունից զերծ, 4․ պատշաճ որակի: Սրանցից յուրաքանչյուրը չպետք է բացառի մյուս սկզբունքի իրագործումը: [Զեկույցն ամբողջությամբ՝ A/61/338]
Հաշվի առնելով պետության պարտավորություններն այս ոլորտում, կոչ ենք անում պետությանը շարունակական բարեփոխումների և բյուջետային միջոցների հատկացման շնորհիվ բարելավել մարզային, հատկապես՝ գյուղաբնակ կանանց վերարտադրողական ծառայություններ մատուցող հաստատությունների պետպատվերը՝ համապատասխանեցնելով դրանց գործունեությունը միջազգային չափորոշիչներին: Ինչպես նաև իրազեկել բնակչությանը հասանելիության խոչընդոտները վերացնող ժամանակավոր միջոցների մասին (օրինակ՝ շտապօգնության անվճար ծառայություններ հղիների համար):
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության դիրքորոշումը ՀՀ տարածքում գործող մի շարք ծննդատների պետպատվերի դադարեցման վերաբերյալ կանանց վերարտադրողական իրավունքի կոնտեքստում
Home
/
Նորություններ
/
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության դիրքորոշումը ՀՀ տարածքում գործող մի շարք ծննդատների պետպատվերի դադարեցման վերաբերյալ կանանց վերարտադրողական իրավունքի կոնտեքստում
Leave a Reply