Ինչու՞ «կանանց իրավունքների օր» և ոչ թե «կանանց տոն»

Home / Ինչու՞ «կանանց իրավունքների օր» և ոչ թե «կանանց տոն»

Ինչու՞ «կանանց իրավունքների օր» և ոչ թե «կանանց տոն»

Ինչու՞ «կանանց իրավունքների օր» և ոչ թե «կանանց տոն»

$0

Campaign Target

0

Donations
Donated
0% $0 to go

Ամեն տարի մարտի 8-ն աշխարհում տոնվում է որպես կանանց միջազգային օր: Սա ևս մեկ առիթ է տոնելու կանանց դերը պատմության, մշակույթի, քաղաքականության մեջ, բարձրաձայնելու կանանց հավասարության մասին իրազեկվածության մակարդակը և քաղաքականություն մշակողներին ու որոշումներ ընդունողներին հիշեցնելու գենդերային հավասարության հրատապության մասին: 

 Մեր հասարակության մեջ վերջին տարիներին նկատվում են միտումներ մարտի 8-ի իրական խորհուրդն ըմբռնելու ուղղությամբ, երբ գնալով շեշտվում է կանանց իրավունքների համար պայքարելու անհրաժեշտությունը և ոչ թե տարվա ընթացքում մեկ օր կանանց ուշադրության արժանացնելը՝ բոլորիս հայտնի և ընդունված/տարածված ձևերով: Բայց եկեք հասկանանք այս օրվա պատմական խորհուրդը:

Պատմական ակնարկ

Ըստ տոնի ծագման վերաբերյալ ընդունված տեսակետի` այն հաստատվել է 1907թ.՝ նշանավորելու Նյու Յորքի աշխատավոր կանանց (կարուձևի ոլորտում) ցույցի 50-րդ տարեդարձը: Սակայն այս պատմությունն այնքան էլ հավանական չէ, քանի որ ոչ 1857–ի ցույցը, ոչ էլ դրա 50-րդ տարեդարձը չէին կարող իրականում տեղի ունեցած լինել: Իրականում, հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ միֆը հորինվել է 1950-ականներին՝ որպես Սառը պատերազմի շրջանի պայքարի գործիք՝ Կանանց միջազգային օրը իր սոցիալիստական արմատներից տարանջատելու համար: 

Առաջին անգամ կանանց ազգային օրը Ամերիկայում տոնվել է 1909թ. փետրվարի 28-ին: Այնուհետև, գերմանացի սոցիալիստ Կլարա Ցետկինի առաջարկով՝ 1910թ.-ին տեղի ունեցած Աշխատավոր կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ որոշվեց օրը միջազգային շարժման վերածել՝ կանանց ընտրական իրավունքի ջատագովության նպատակով: Ցետկինը ճանաչված հռետոր ու աշխատավոր կանանց իրավունքների ջատագով էր, և նրա ջանքերը՝ օրվա ճանաչման ողղությամբ, վճռական դեր ունեցան ամբողջ Եվրոպայում 1910-ական թթ.: 

Թեև Կանանց միջազգային օրը սկսվել է ԱՄՆ-ում կանանց աշխատավորական շարժումից, այն իրական հեղափոխական տեսք է ընդունել Ռուսաստանում 1917թ.:

Մինչ Ցետկինի գաղափարը տարածվում էր Եվրոպայում, Ռուսաստանում (որտեղ Կանանց միջազգային օրը հաստատվել էր 1913թ.) ցույցեր էին տեղի ունենում: Դրանց պատճառներն էին պատերազմից սպառված երկրի իրավիճակը, սննդի պակասը ու աճող ժողովրդական բողոքը: 

Մարտի 8-ին մեկնարկած ցույցերը սկզբում հեղափոխական առաջնորդների կողմից էին ուղղորդվում, սակայն աստիճանաբար վերածվեցին աշխատավորների ամենօրյա գործադուլի՝ հացի, իրավունքների բարելավման և միապետությանը վերջ դնելու պահանջներով: Մեկ շաբաթ անց Ցարը հրաժարվեց գահից՝ ազդարարելով Ռուսական կայսրության անկումը և ճանապարհ հարթելով սոցիալիզմի և Խորհրդային Միության ձևավորման համար 1922թ.:

 

                                                                                                                                 Աղբյուրը՝ ehne.fr

Ընտրելու իրավունքը և Կանանց միջազգային օրը

Ռուս կանայք պահանջեցին և ստացան ընտրելու իրավունք 1917թ.՝ որպես ուղղակի հետևանք մարտյան ցույցերի, որին մասնակցեցին ավելի քան 40.000 կանայք ու տղամարդիկ՝ փողոց դուրս գալով և համընդհանուր ընտրական իրավունք պահանջելով: Սրանով Ռուսաստանը դարձավ առաջին գերտերությունը, որ կանանց ընտրական իրավունք տվեց՝ Բրիտանիայից մեկ և Միացյալ Նահանգներից երեք տարի շուտ: Իրականում, վերոնշյալ երկների սուֆրաժիստները Ռուսաստանին էին նայում որպես օրինակի, ու նրանց համար կանանց ազատագրումը իրենց երկրների առաջընթացի նշան պիտի լիներ, իսկ տվյալ դեպքում իրենց երկրները հետ էին մնացել:

Սակայն Կանանց միջազգային օրը Միացյալ Նահանգներում այդքան նշանակալի չդարձավ 20-րդ դարի ընթացքում՝ հիմնականում Խորհրդային միության ու սոցիալիզմի հետ կապված ասոցիացիաների պատճառով: Այդ մասին է վկայում այն փաստը, որ միայն 1975թ. ՄԱԿ-ը պաշտոնապես ընդունեց այդ օրը:

Աղբյուրը՝ Getty Images

 

Օրվա խորհուրդը 

 

Տարիների ընթացքում Կանանց միջազգային օրվա տոնը հեռացավ իր քաղաքական արմատներից: Որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, այն դարձել է կոմերցիոն տոն, երբ տղամարդիկ ծաղիկներ ու նվերներ են գնում իրենց կանանց համար: 

1996թ. ՄԱԿ-ն առաջին անգամ հայտարարեց տոնի՝ այդ տարվա թեմատիկան՝ «Տոնում ենք անցյալը, պլանավորում՝ ապագան», որին հաջորդեցին այլ թեմատիկաներ. 1997թ.՝ «Կանայք խաղաղության սեղանի շուրջ», 1998թ.՝ «Կանանց և մարդու իրավունքներ», 1999թ.՝ «Կանանց նկատմամբ բռնությունից զերծ աշխարհ» և այդպես շարունակ: 2022թ. թեմատիկան է՝ «Գենդերային հավասարություն այսօր՝ հանուն վաղվա կայուն ապագայի»: 

Վերջին տարիներին կանանց և տղամարդկանց մոտ նկատվում է վերաբերմունքի փոփոխություն կանանց հավասարության և ազատագրման հարցի հանդեպ: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչները կարող են մտածել, թե «կանանց բոլոր կռիվները կռված են», մինչդեռ 1970-ականների ֆեմինիստները շատ լավ գիտեն հայրիշխանության արմատացած բարդությունները: Այսօր, երբ ավելի շատ կանայք են մասնակցում որոշումների կայացման պրոցեսին, երբ կանայք ավելի շատ օրենսդրական հավասարություն ունեն, և երբ տեսնում ենք հաջողության հասած կանանց, ովքեր այլ կանանց ու աղջիկների համար օրինակ են ծառայում, կարելի է կարծել, թե կանայք հասել են իրական հավասարության: Սակայն իրականությունն այն է, որ կանայք դեռևս իրենց տղամարդ գործընկերների չափ չեն վարձատրվում, հավասար չափով ներկայացված չեն բիզնեսում ու քաղաքականության մեջ, և գլոբալ առումով՝ կանանց կրթության, առողջության ու նրանց հանդեպ բռնության հարցերը շատ ավելի վատ վիճակում են տղամարդկանց հետ համեմատած: Իրավիճակը գնալով փոխվում է, բայց շատ դանդաղ: Ըստ World Economic Forum-ի՝ ևս 268 տարի կպահանջվի տնտեսական առումով գենդերային ճեղքվածքը փակելու համար: COVID-19 համավարակը նոր պատնեշներ է դրել ներառական ու զարգացող հասարակություններ ունենալու ճանապարհին: Ուստի այժմ, առավել քան երբևէ, կարիք կա գլոբալ մտածելու և գործելու՝ ամեն մեկս իր տեղում: 

 

Նյութի աղբյուրներ՝

  • history.com
  • internationalwomensday.com
  • time.com
  • weforum.org

 

Leave a Reply

Your email address will not be published.