Մեր մտահոգությունները 2025թ. օգոստոսի 8-ի Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ համատեղ հռչակագրի և նախաստորագրված ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերաբերյալ
2025թ. օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Վաշինգտոնում ստորագրեցին «Խաղաղության համատեղ հռչակագիր»: Այնուհետև, 2025թ․ օգոստոսի 11-ին հրապարակվեց նաև «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը: Թեև երկարատև պատերազմի ավարտին ուղղված ցանկացած քայլ ողջունելի է, մենք լուրջ մտահոգություններ ունենք խաղաղության գործընթացի և վերոնշյալ համաձայնագրի պայմանների վերաբերյալ։
ԱՄՆ-ի գերիշխանությունը հարցեր է առաջացնում երկարաժամկետ կայունության մասին
Հռչակագրի առանցքային բաղադրիչը՝ «Թրամփի ուղի» տարանցիկ միջանցքը, որը վերահսկվելու է ԱՄՆ-ի կողմից, ՀՀ կարևոր ենթակառուցվածքները դնում է օտարերկրյա վերահսկողության տակ։ Աշխարհով մեկ՝ Իրաքից մինչև Աֆղանստան և Լիբիա, մենք տեսել ենք, թե ինչպես է ԱՄՆ-ի ռազմավարական ներգրավվածությանը հաճախ հետևում անկայունություն և թուլացած տեղական ինքնիշխանություն։ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Իսրայելին Գազայում տեղի ունեցող ավերիչ պատերազմի ժամանակ է՛լ ավելի է խաթարում նրա հեղինակությունը՝ որպես չեզոք խաղաղարարի։ Այս օրինաչափությունները պետք է ազդանշաններ լինեն Հարավային Կովկասում սույն պայմանավորվածության շրջանակներում կայուն և հավասարակշռված խաղաղություն ակնկալելիս։
Անցումային արդարադատության մեխանիզմները բացակայում են
Համաձայնագրում անդրադարձ չկա այն անձանց կարիքներին, ովքեր հակամարտությունից առավել շատ են տուժել՝ ներառյալ բռնություն վերապրածները, տեղահանված ընտանիքները և տասնամյակներ շարունակ հակամարտության հետևանքները կրած համայնքները։ Անցյալի հանցագործությունների համար պատասխանատվության կամ հատուցումների սահմանման հստակ մեխանիզմներ Համաձայնագրով չեն ստեղծվում: Ավելին, Համաձայնագրի XV հոդվածը պարտավորեցնում է կողմերին հրաժարվել արդեն իսկ առկա միջազգային մեխանիզմների կիրառումից: Անցումային արդարության մեխանիզմների բացակայության դեպքում պատերազմի վերքերը մնում են չբուժված, իսկ նոր լարվածության վտանգը՝ բարձր։
Կանանց մասնակցությունն ապահովված չէ
Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Կանայք, խաղաղություն և անվտանգություն N1325 բանաձևի հստակ ուղեցույցներին՝ կանանց մասնակցությունը խաղաղության գործընթացներում ապահովված չէ: Հայաստանում և Ադրբեջանում կանայք կարևոր դեր են խաղացել հակամարտությունների լուծման և համայնքների վերակառուցման գործում։ Խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներից նրանց բացակայությունը բաց թողնված հնարավորություն է՝ ապահովելու, որ խաղաղությունը լինի ներառական, կայուն և արձագանքի բոլորի կարիքներին։
Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ
Իսկապես կայուն խաղաղությունը պահանջում է ավելին, քան պարզապես մարտերի բացակայությունը։ Այն պահանջում է գործընթացներ, որոնց կենտրոնում են տուժողների ձայները, ներառում են կանանց յուրաքանչյուր մակարդակում և անդրադառնում են հակամարտության հիմնական պատճառներին։ Որպես ֆեմինիստական հասարակական կազմակերպություն՝ մենք կարևորում ենք, որ լսելի լինեն սահմանամերձ շրջաններում, հատկապես Սյունիքում բնակվող կանանց ձայները, որոնք խաղաղության թե՛ ռիսկերի, և թե՛ հնարավորությունների առաջնագծում են։ Մենք կշարունակենք մեր քննարկումներն այդ շրջանների կանանց և մեր գործընկերների հետ՝ ապահովելու, որ նրանց տեսակետները ներկայացվեն ազգային և միջազգային քննարկումներում։
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին մինչև պայմանագրի վավերացումը բանակցել անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման ուղղությամբ և քայլեր ձեռնարկել կառուցելու կայուն խաղաղություն, որի կենտրոնում կլինեն ապաքինումը, արդարությունը և ընդհանուր անվտանգությունը:
Կանանց ռեսուրսային կենտրոն, 14.08.2025