7 տարվա ուշացած արդարադատություն. համակարգը ձախողում է Լարա Ահարոնեանի և բոլոր կին իրավապաշտպանների պայքարը

Home / Նորություններ / 7 տարվա ուշացած արդարադատություն. համակարգը ձախողում է Լարա Ահարոնեանի և բոլոր կին իրավապաշտպանների պայքարը
7 տարվա ուշացած արդարադատություն. համակարգը ձախողում է Լարա Ահարոնեանի և բոլոր կին իրավապաշտպանների պայքարը

Օրերս ստացանք հերթական հիասթափեցնող հաստատումն առ այն, թե որքան խորն են մեր դատական համակարգի խնդիրները։ Յոթ տարի շարունակ  իրավապաշտպան, ԿՌԿ համահիմնադիր Լարա Ահարոնեանը փորձում է առաջին ատյանի դատարանում պաշտպանել իր իրավունքները մի անձի կեղծ ու չարամիտ զրպարտանքից, ով մեղադրել էր Ահարոնեանին «երեխաներին պղծելու» և «մանկապղծություն տարածելու» մեջ. սրանք հաճախակի կիրառվող հարձակումներ են գենդերային հավասարության և մարդու իրավունքների համար պայքարող  իրավապաշտպանների դեմ:

Ողջամիտ ժամկետում և արդար դատաքննության փոխարեն գործը հայտնվել է անվերջ ձգձգումների, բյուրոկրատական անարդյունավետության և կանխամտածված ուշացումների կենտրոնում: Եվ հիմա, այսքան տարի անց, գործընթացը կրկին հետաձգվում է՝ սպասելով նոր դատավորի նշանակմանը: Սա ոչ թե պարզապես վարչական ձախողում է, այլ մերժված  արդարադատություն:

Լարա Ահարոնեանի գործը եզակի դեպք չէ. այն հաճախ հանդիպող օրինակ է նրա, թե ինչպես են Հայաստանում կին իրավապաշտպանները մնում առանց պաշտպանության, դառնում զրպարտող արշավների թիրախ և ստիպված լինում անցնել հյուծիչ դատական գործընթացների միջով՝ արդարացի հանգուցալուծման աննշան հույսով: Անարդյունավետ արդարադատության համակարգը հանգեցնում է անպատժելիության:

Երբ հարձակվում են իրավապաշտպանների վրա, երբ կեղծ մեղադրանքները մնում են անպատիժ, իսկ դատարանները անգործության են մատնված, ուղերձը պարզ է. նրանք, ովքեր պայքարում են հավասարության համար, միայնակ են: Ահա թե ինչպես է վախը վերածվում զենքի: Ահա թե ինչպես են լռեցվում իրավապաշտպանները:

Յոթ տարին չափազանց երկար ժամանակ է արդարադատությանը սպասելու համար։ Յուրաքանչյուր ուշացում է՛լ ավելի է ոգևորում նրանց, ովքեր ձգտում են ճնշել մարդու իրավունքներն ու հավասարությունը:

Հարցերի դեպքում կապվեք մեզ հետ՝ womenofarmenia@gmail.com էլ. հասցեով կամ +374 (94) 56 56 26 հեռախոսահամարով:

Leave a Reply

Your email address will not be published.