Ֆեմինիստական ակտիվիստական տարածք
2024թ․ հունվար-հուլիս ամիսների ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնի ֆեմինիստական ապահով տարածք է այցելել 253 անձ՝ տարբեր միջոցառումների մասնակցելու և կենտրոնի տրամադրած ծառայություններից օգտվելու համար:
Փետրվարի 16-18-ը և հունիսի 14-16-ը ԿՌԿ-ն իրականացրեց ամենամյա «Կանանց իրավունքների եռօրյա» դասընթացները: Առաջին դասընթացին մասնակցեց 23 անձ, իսկ երկրորդին՝ 24: Դասընթացների արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան ֆեմինիստական ենթադրամաշնորհային նախագծեր իրականացնելու: Առաջին դասընթացի արդյունքում իրականացվել են 4 դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում՝ կանանց բարօրության հավաք, դեռահաս աղջիկների իրավագիտակցման բարձրացման հանդիպումներ, հայ կանանց մասին տեղեկատվական հարթակ (armfemmes), գենդերային հավասարության թեմայով հանդիպումներ: Իսկ ևս 4 նախագիծ իրականացման փուլում են երկրորդ դասընթացի արդյունքում:
Իսկ այստեղ կարող եք դիտել Լուրերի անդրադարձը եռօրյա դասընթացին:

Կանանց իրավունքների համար պայքարն, իհարկե, ամբողջական չէր լինի առանց մարտի 8-ին կազմակերպվող դիմադրության և կանանց իրավունքների ընդլայնման արշավի:
Այս տարի մենք կազմակերպել էինք մարտիության բաց քննարկում հետևյալ նշանաբանով.

Քննարկմանը հաջորդեց սոցիալական մեդիա արշավ՝ ուղղված կանանց՝ մարտիության մեր հաղորդագրությունն էլ ավելի տարածելուն:
Այս ամիսներին մենք նաև կազմակերպել ենք «Աղջիկները խոսում են»-ի հերթական շրջանը: Ծրագրի 8 սեսիաներին մասնակցեցին աղջիկներ ՀՀ տարբեր մարզերից և Երևանից:
Աղջիկները խոսում էին ինքնաճանաչման, առողջ հարաբերությունների, մարմնի դրական ընկալման, ֆեմինիզմի, ակտիվիզմի և նմանատիպ թեմաների շուրջ:

Հուլիսի 13-ին Մարտունիում տեղի ունեցավ ԿՌԿ արտ-ակտիվիստական աշխատարանը, որի ընթացքում քննարկեցինք ֆեմինիզմի և արվեստի միջոցով ակտիվիզմը, ապա միասին զարգացրինք մեր արտ-ակտիվիստական գաղափարները և իրականացրինք դրանք՝ գրաֆիտիների տեսքով:

Հուլիսի 26-28-ը կազմակերպել էինք «Աղջիկների* զորեղացման ճամբար 2024»-ը, որին մասնակցեց 19 անձ:
Ճամբարն անդրադարձել է ֆեմինիզմի, ինքնախնամքի և հոգեկան բարօրության, առաջնորդության և հավասար մասնակցության, սեռական ու վերարտադրողական առողջության և նմանատիպ թեմաների:

Հունվարից սկսած մեր ֆեմտարածքում կազմակերպել ենք 4 ֆեմախոսություններ հետևյալ թեմաների շուրջ.
- COVID-19-ի ազդեցությունը կալանավորված և դատապարտված կանանց վրա
- Շուշանիկ Կուրղինյան. հեղափոխական ֆեմինիստի կյանքն ու ժամանակը
- Կլիմայի փոփոխության ազդեցությունը կանանց վրա. ֆեմախոսություն և մանդալայի պատրաստում
- Կանանց աշխատանքային իրավունքները
Սեպտեմբերից ֆեմախոսությունները կշարունակվեն:

Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
2023 թ. նոյեմբերին ԿՌԿ-ի մեկնարկած տեղեկատվական դասընթացների շարքը Արցախից բռնի տեղահանված հղի կանանց համար շարունակվել է 2024թ.-ի հունվարից ի վեր: Դասընթացների շարքը բաղկացած էր 6 հանդիպումներից, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ: Ընդհանուր առմամբ՝ դասընթացներին մասնակցել է 61 կին։

Միջազգային պլանավորված ծնողավարության ֆեդերացիայի նախագծի շրջանակում ԿՌԿ-ն տրամադրել է սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններ համակարգայնորեն անտեսված խմբերի կանանց: Ծրագրի նպատակն էր երաշխավորել, որ Արցախից բռնի տեղահանված կանայք հասանելիություն ունեին հիմնարար բժշկական աջակցության:
2023-ի դեկտեմբերից մինչ 2024-ը մայիս բժշկական ծառայություններ են մատուցվել 379 կանանց: Նրանք բոլորը Արցախից բռնի տեղահանված անձինք էին:
Մարտ ամսին մեկօրյա վերապատրաստման դասընթաց իրականացվեց Երևանի հենակետային բժշկական քոլեջի մանկաբարձության ամբիոնի 26 ուսանողների համար:
Կանանց իրավունքների ադվոկացիա
Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիոն թիմը շարունակում է իր աշխատանքները՝ ազդելով պետական քաղաքականությունների, օրենսդրության վրա՝ դարձնելով դրանք գենդերազգայուն և ներառական կանանց տարբեր խմբերի համար: Այս ամիսներին ունեցանք մի շարք նախաձեռնություններ պետական գերատեսչությունների հետ:
Աշխատանքային իրավունքների ուղղությամբ իրականացրինք «Կանանց նկատմամբ գենդերային խտրականության դրսևորումները աշխատանքային հարաբերություններում Հայաստանում» հետազոտությունը: Ոլորտում այլ կազմակերպությունների ջանքերը համախմբելու համար ունեցանք թվով 15 իրավապաշտպան կառույցների հարթակ, որը կզբաղվի կանանց աշխատանքային իրավունքների շուրջ ադվոկացիայով: Այս նախաձեռնությունները հնարավոր եղավ իրագործել Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Կանանց սեռական և վերարտադրողական իրավունքների խթանման ուղղությամբ առաջարկներ ներկայացրինք, ինչպես նաև հանդիպումներ ունեցանք ՀՀ ազգային ժողովի պատգամավորների հետ, որի նպատակն էր քննարկել «ՀՀ մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները պատգամավորների կողմից: Արդյունքում, հուլիսի 12-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց վերոնշյալ օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ի թիվս այլ կարգավորումների թույլ է տալիս կանանց իրականացնել դեղորայքային աբորտ արտահիվանդանոցային պայմաններում մինչև հղիության 8 շաբաթը: Այս փոփոխությունը կարևոր առաջընթաց է կանանց վերարտադրողական իրավունքների առաջխաղացման համար:

«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի խթանման ուղղությամբ շարունակում ենք մեր խորհրդատվական հանդիպումները մարզային և գյուղական բնակավայրերում աշխատող կանանց կազմակերպությունների հետ: Վերջին ամիսներին ձևավորել ենք 22 կազմակերպությունների ցանց, որի հետ քննարկում ենք ճգնաժամերի ժամանակ ծառայությունների մատուցման համակարգային խնդիրներն ու կանանց կազմակերպությունների դերը, ինչպես նաև օրակարգի խթանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը: |
Այս տարի մասնակցեցինք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68): Հանձնաժողովի ամենամյա նիստը գենդերային hավասարության և կանանց ու աղջիկների հզորացման վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամեծ գլոբալ հավաքն է: #CSW68-ի խորագիրն էր «Ավելի արագ հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց ու աղջիկներին՝ հասցեագրելով աղքատությունը»: |

Այս ամիսներին ունեցել ենք նաև մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների կողմից Հայաստանին ուղղված առաջարկների մշտադիտարկման ուղղությամբ, մասնավորապես՝ ներգրավվելով ՀՀ-ում գործող դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակությանը և պետական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին:
Կանանց ՔՀԿ-ների կարողությունների զարգացում
2024-ին շարունակվել է դրամաշնորհների տրամադրումը 3 հիմնական գործընկեր կազմակերպություններին: 2023թ․ ավարտին հայտարարվեց ենթադրամաշնորհային ծրագրերի կանչ: Արդյունքում 2024-ին 7 կազմակերպություն ընտրվեց Արցախից բռնի տեղահանված կանանց շրջանակում իրականացնելու տնտեսական զորեղացման ծրագրեր, 7-ը՝ սոցիալ-հոգեբանական ադապտացման ծրագրեր, և ևս 7 կազմակերպություն ընտրվեց իրականացնելու ավելի երակարատև ծրագրեր, որոնք ներառում են երկու բաղադրիչներն էլ: Ծրագրերից օգտվել են շուրջ 900 շահառուներ:

Հուլիսի 1-ին տեղի ունեցած Ժողովրդավարության հայկական ֆորումի մեկնարկային պանելային քննարկմանը՝ նվիրված մարդու իրավունքներին, մասնակցեց նաև ԿՌԿ համահիմնադիր Լարա Ահարոնեանը: Ելույթը դիտել կարող եք այստեղ:

Հոգեբանական հանդիպումներ
ԿՌԿ հոգեբանները նշված շրջանում անցկացրել են «Անձնային աճ» խորագրով խմբային թերապիաների շարք երկու տարբեր խմբերի հետ՝ յուրաքանչյուրը 9-ական հանդիպումով, իսկ ևս 14 անձի տրամադրվել է անհատական հոգեբանական խորհրդատվություն:
Անվճար իրավաբանական խորհրդատվություն
Այս կիսամյակում մեր անվճար իրավաբանական խորհրդատվության ծառայության համարին ստացել ենք 172 զանգ, իսկ տեղում խորհրդատվություն տրամադրել 11 այցելուի։

Leave a Reply