Հոկտեմբերի 5-ին Շաքիի ջրվեժը գենդերագունելը չպետք է դիտարկվի որպես մշակույթի և բնության հանդեպ ոտնձգության անջատ դեպք: Փոխարենը կարող ենք փորձել այն տեղակայել համատեքստում, որը նման հոռի արարքը խրախուսել և թույլատրել է:
Նախևառաջ, գենդեր փարթիները միաժամանակ համ ոչ մի աղերս չունեն գենդերի հետ, համ էլ, ըստ էության, լիովին գենդերի մասին են: Դրանք նպատակ ունեն քեֆի առիթ դարձնելու պտղի «սեռի» հանրայնացումն՝ այն դեպքում, երբ հաճախ «ողբի» պատճառ է դառնում իգական սեռի երեխա/թոռ ունենալու հավանականությունը: Սա էլ քանիցս բերրի հող է ստեղծում հակաաբորտային արշավների համար, որոնք, իբր պայքարելով սեռով պայմանավորված աբորտների դեմ, փաստացի դեմ են գնում աբորտին ամբողջությամբ. չէ՞ որ սեռով պայմանավորված աբորտների խնդրին պետք է արձագանքել սեքսիստական և կնատյաց համակարգերի՛ դեմ կռիվ տանելով, ոչ թե մարդկանց առողջապահական ծառայություններից զրկելով:
Ամեն դեպքում, «գենդեր փարթիները» ի ցույց են դնում մեր հասարակությունում մարդկանց մարմինները գենդերելու հայրիշխանական մոլեգնությունը. նույնիսկ մինչև երեխայի ծնունդը կենսական է իմանալ և հայտնել նրա գենդերը, պիտակավորել և հարմար արկղում տեղավորել նրան, որ հանկած ծնունդից հետո երեխան չհանդգնի պակաս կառավարելի լինել: Այլ կերպ ասած, մինչ ծնունդը ապագա երեխայից հասարակությունը ձևավորում է շատ կոնկրետ գենդերային սպասումներ՝ նրա վարքի, շարժուձևի, հագուկապի, լեզվի ու ժեստերի, անգամ մտածելու կաղապարների վերաբերյալ: Այսպիսով, «գենդեր փարթին» ուրախ տոն է ժամանակակից հայրիշխանական ընտանիքի մոդելում պտուղը և ապագա երեխային ու նրա գենդերը սեփականաշնորհելու շուրջ:
Կարմիր թելով այս սեփականաշնորհական մոտեցումը կարվում է բնության հանդեպ բարձիթողի վերաբերմունքին: Թեպետ ուրախալի է, որ չուշացան ջրվեժի աղտոտման վերաբերյալ հանրության լայն շրջանակաների դժգոհ մեկնաբանությունները սոցիալական տարբեր հարթակներում՝ մշակույթն ու տնտեսությունը երկու քայլ հետ են մարդկանց վիրտուալ կերպարներից և «պոլիտկոռեկտ» կարծիքներից: Սովետական միության փլուզումից ի վեր, կապիտալիզմն է՛լ ավելի անհագաբար տրակտորել է բնության ռեսուրսները՝ առանց բավարար փոխհատուցման: Լավագույն օրինակ է Ամուլսարը, որ տեղացիների և ակտիվիստների ծանր ու հետևողական պայքարից հետո կրկին շահագործման վտանգի տակ է: Օրինակները շատ են բիզնեսների՝ բնական ռեսուրսները ցոփ ու շռայլ ձևով շահագործելու, աշխատավոր ժողովրդին դրա դիմաց կոպեկներ տալու և նույն մարդկանց առողջական/սոցիալական վիճակի վրա տասնյակ տարիներ տևող վնասներ թողնելու:
Մշակույթը, որն առաջնահերթություն է տալիս բիզնես շահին և անհատին բնության և համայնքային բարօրության հաշվին, չի կարող խթանիչ գործոն չդառնալ Շաքիի ջրվեժի «գենդեր փարթիի» պես դեպքերում: Մենք պե՛տք է արդարություն պահանջենք նման իրադրությունում, բայց ինչու՞ ենք լռում, երբ լսում ենք, օրինակ, Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի տեղակայման (երբ լեռան փեշերին առկա են պատմության և մշակույթի պետական ցուցակում գրանցված շուրջ 20 հուշարձաններ և բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց) և Սևանի տարաբնույթ հիմնախնդիրների մասին: Դրանք պակաս շոկային են ա՞յդ պատճառով, թե՞ քանի որ համակարգային և արդեն մշակութային հանդուրժողականություն ունենք կապիտալիստների կողմից բնության մասնավորեցման և անխնա շահագործման հանդեպ:
Համատեքստը լայն է, բարդ և փոխհատվող մի քանի բռնաճնշող համակարգերով: Չենք կարող ականատես լինել Շաքիի ջրվեժի «փարթիին», բայց ավելի գլոբալ հարցեր չհարուցենք բնության մասին մեր պետական և մշակութային սկզբունքների շուրջ: Արդյո՞ք սա, ի վերջո, տասնամյակներ տևող կապիտալիստական տնտեսահամակարգի և դրա անդադար քարոզի արդյունքը չէ:
արմի մկրտչյան,
Կանանց ռեսուրսային կենտրոնի հաղորդակցության բաժին