Հայտարարություն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով առաջացած իրավիճակի վերաբերյալ 

Home / Առանց բաժնի @hy / Հայտարարություն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով առաջացած իրավիճակի վերաբերյալ 
Հայտարարություն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով առաջացած իրավիճակի վերաբերյալ 

Վերջին օրերին Լոռիում և Տավուշում տեղացած հորդառատ անձրևները  հանգեցրել են սաստիկ հեղեղումների՝ առաջացնելով համատարած ավերածություններ երկու մարզերում։ Ավերվել են մի քանի կամուրջներ, ամբողջությամբ վնասվել են շրջանի շրջակա քաղաքների ու գյուղերի ճանապարհներն ու փողոցները։ Հաղորդվում է չորս զոհի և ավելի քան 440 անձի մասին, որոնք ավերման պատճառով տեղահանվել են իրենց տներից: Որպես կանանց իրավունքների և գենդերային հավասարության խթանմամբ զբաղվող կազմակերպություն՝ մենք խորապես մտահոգված ենք այս աղետի բազմակողմանի ազդեցությամբ, հատկապես՝ կանանց և մարգինալացված համայնքների վրա:

Կլիմայի փոփոխությունը զգալիորեն մեծացրել է եղանակային էքստրեմալ իրադարձությունների հաճախականությունը, իսկ Լոռիում և Տավուշում ջրհեղեղը բացահայտ հիշեցում է դրա սարսափելի հետևանքների մասին։ Նման աղետների հետևանքները հաճախ սրում են առկա խոցելիությունը, և կանայք կրում են դրանց անհամաչափ բեռը:

Ալավերդի, Իջևան և Վանաձոր քաղաքներում աշխատող մեր գործընկերների հաղորդմամբ՝ շատ ընտանիքներ մնացել են առանց համապատասխան սոցիալական աջակցության՝ սննդի, անկողնային պարագաների, էլեկտրականության և այլ առաջնային անհրաժեշտության պարագաների:

Ջրհեղեղից առավել տուժել են հատկապես գյուղական բնակավայրերը: 

Կանայք հաճախ կրում են երեխաների, տարեցների և հիվանդների խնամքի հիմնական պատասխանատվությունը: Ջրհեղեղից հետո խնամքի այս պարտականություններն էլ ավելի են դժվարանում, քանի որ ռեսուրսները սպառվում են: Առողջապահական ծառայությունների հասանելիությունը խաթարված է, և աղետից հետո գենդերային բռնության վտանգը կարող է մեծանալ մեկուսացված համայնքներում: Կանայք և աղջիկները հատկապես խոցելի են ժամանակավոր կացարաններում կամ նոր միջավայրերում: 

Չնայած պետության ջանքերին աղետից տուժած բնակչությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելու, մաքրման աշխատանքներում կամավորների մոբիլիզացմանը և ճանապարհների ու կամուրջների վերականգնմանը մեկուսացած համայնքներում բնականոն կյանքը վերականգնելու համար՝ մենք ստանում ենք կանանցից և մեր գործընկերներից ահազանգեր, որ աջակցությունը կազմակերպվում է դանդաղ: 

Ջրհեղեղի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին անդրադառնալու և արձագանքը ժամանակին, գենդերազգայուն և առավել խոցելիների համար ներառական ապահովելու համար կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը.

  • տրամադրել անհապաղ օգնություն և աջակցություն, այդ թվում՝ հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին,
  • տրամադրել անվտանգ և ապահով կացարաններ տեղահանված ընտանիքներին՝ կանանց և աղջիկների համար առանձին և պաշտպանված տարածքներով, ինչպես նաև հարմարեցված տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին,
  • ուժեղացնել աղետների արձագանքման պատրաստվածությունը և դիմակայունությունը, որոնք կներառեն գենդերային հատուկ ռազմավարություններ և կներգրավեն կանանց որոշումների կայացման գործընթացներում ռիսկային մարզերում և համայնքներում,
  • աջակցել կանանց տնտեսական վերականգնմանը՝ տրամադրելով ֆինանսական օգնություն, վերակառուցելով ջրհեղեղից տուժած ընտանեկան հողատարածքները կամ վերականգնելով տեղական բիզնեսները,
  • ապահովել տուժած բնակչության վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությունը և հոգեկան առողջության պահպանման աջակցության շարունակական տրամադրումը, ինչպես նաև բռնության կանխարգելման թեժ գծերի առկայությունը,
  • արձագանքել կլիմայի փոփոխության մարտահրավերներին. ներգրավել տարբեր համայնքներին և շահագրգիռ կողմերին՝ կլիմայի հարմարվողականության և մեղմացման ծրագրերի իրականացման համար:

Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղն ընդգծում է կլիմայի փոփոխության և գենդերային անհավասարության փոխկապված խնդիրները և դրանց լուծման հրատապ անհրաժեշտությունը։ 

Leave a Reply

Your email address will not be published.