Սկսում ենք նոր ծրագիր՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համատեղ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» սկսում է «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն՝ որպես Կոալիցիայի հիմնադիր անդամ, ևս ստանձնել է կարևոր գործառույթներ այս ծրագրի շրջանակներում, որոնց մասին կիրազեկենք հաջորդիվ:

Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական աջակցության կենտրոնների, առողջապահական հաստատությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները և զգայունությունը ընտանեկան ու գենդերային բռնության  խնդիրների նկատմամբ, իրականացնել մշտադիտարկումներ՝ գենդերային բռնությունից տուժած առավել խոցելի և լուսանցքային խմբերի շրջանում, պետական մարմինների հետ համագործակցությամբ մշակել իրավական փաստաթղթեր և իրականացնել հանրային իրազեկման արշավներ։ Ծրագրի շրջանակներում գենդերային բռնություն վերապրած կանանց կտրամադրվի նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքների վերացմանն ուղղված աջակցություն։
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերացմանը:

Ծրագրային հիմնական ուղղություններն են.

  1. Կանանց ընտանեկան բռնությունից ու գենդերային բռնություններից պաշտպանությանն ու կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ օրենքների, քաղաքականությունների և մեխանիզմների ընդունումը պետության կողմից, ինչպես նաև բռնության դեպքերին արդյունավետ, զգայուն և բազմաոլորտային արձագանքի ապահովումը,
  2. Կանանց, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և հասարակության իրազեկվածության բարձրացումը ընտանեկան և գենդերային բռնության, առկա պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ:

 Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ գործողությունները

• Մշակվելու են նոր կամ փոփոխված իրավական փաստաթղթեր և քաղաքականություններ սեռական բռնության վերաբերյալ, նոր ենթաօրենսդրական ակտեր ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի շրջանակներում ոստիկանական մեխանիզմների վերաբերյալ․

• Իրականացվելու են հետազոտություններ ՄԻԱՎ-ով ապրող և թմրանյութեր օգտագործող կանանց, ինչպես նաև փակ հաստատություններում կանանց նկատմամբ գենդերային բռնության վերաբերյալ․

• Հրապարակվելու է  2 զեկույց՝ ընտանեկան բռնության և կնասպանության դեպքերի  վերաբերյալ․

• Իրականացվելու են կարողությունների զարգացման դասընթացներ․ 8-շաբաթյա՝ 4 սոցիալական պաշտպանության կենտրոնների 12 աշխատակցի համար, 30 դասընթաց՝ առողջապահության ոլորտի 100 աշխատակցի համար, 30 հանդիպում և դասընթաց  տեղական ինքնակառավարման մարմինների 300 մասնակցի հետ՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, 3 դասընթաց մարզային հասարակական կազմակերպությունների 45 մասնակցի հետ․

• Իրականացվելու են  COVID-19 համավարակի ընթացքում կանանց խոցելիության նվազեցման ուղղությամբ միջոցառումներ, որոնց թվում՝ իրավաբանական խորհրդատվության տրամադրում աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերյալ, 10 500 եվրոյի չափով ենթադրամաշնորհների տրամադրում մարզային հասարակական կազմակերպություններին՝ համավարակից տուժած խոցելի կանանց աջակցության տեղական նախաձեռնությունների իրականացման համար․

• Ընտանեկան և գենդերային բռնության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով իրականացվելու են միջոցառումներ․ Հոկտեմբերի 1-ի՝  ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա և գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակի շրջանակներում, հայտնի հասարակական գործիչների մասնակցությամբ բեմադրվելու է կանանց իրավունքների հիմնահարցերը քաղաքական օրակարգ բարձրացնող «Յոթի պատմությունը» ներկայացումը, պատրաստվելու և տարբեր մեդիահարթակներում ցուցադրվելու է ընտանեկան և գենդերային բռնության վերաբերյալ 3 սոցիալական հոլովակ, Կոալիցիայի հետազոտությունների արդյունքների և տվյալների հիման վրա սոցիալական մեդիաներում տարածվելու են տեսանյութեր և պաստառներ, «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվելու է  14 հեռուստահաղորդում՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ․

• Ընտանեկան և գենդերային բռնության վերաբերյալ իրականացվելու է տարեվերջյան ազգային համաժողով՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների հետ համագործակցությամբ։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ»  ծրագիրը շարունակվելու է մինչև 2023 թվականի հունվարի 30-ը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ 

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Հայտնի են Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհների բաց կանչի արդյունքները

Աղջիկները խոսում են. 2026

Բաց կանչի արդյունքները հայտնի են

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։