Հայտարարություն Մարո Գուլոյանի մահվան 14 ամյակին. տասնչորս տարի առանց ճշմարտության, տասնչորս տարի առանց արդարության

Մարո Գուլոյանի լուսանկարը արխիվից, որում նստած է հեծանիվին:

ՆՈՅԵՄԲԵՐԻ 25 – ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Տասնչորս տարի առանց ճշմարտության։ Տասնչորս տարի առանց արդարության։

Այս նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, մենք հիշում ենք Մարո Գուլոյանին, ով մահացել է 2012 թվականին՝ հանգամանքներում, որոնք մինչ օրս մնում են բազմաթիվ անպատասխան հարցերի ներքո։

Ներպետական քննության արդյունքում ենթադրվել է, որ Մարոն ինքնասպան է եղել։ Սակայն նրա ընտանիքը երբեք չի ընդունել այս վարկածը։ Նրանք միշտ հավատացել են և շարունակում են հավատալ, որ Մարոյին սպանել են։ Նրա մահվանը նախորդած և այն ուղեկցող հանգամանքներն ու գործի փաստական տվյալները լուրջ կասկածներ են հարուցել ինքնասպանության վարկածի հավաստիության վերաբերյալ, սակայն այդ հարցերը երբեք պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել ներպետական մարմինների կողմից։

Նրա ամուսինն ու ամուսնու ընտանիքը երբեք չեն բացահայտել ճշմարտությունը։ Քննությանը չի հաջողվել պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Եվ այն ճշմարտությունը, որի բացահայտման համար Մարոյի ընտանիքը տարիներ շարունակ պայքարել է, գուցե ընդմիշտ մնա չբացահայտված։

2026 թվականին՝ նրա մահից տասնչորս տարի անց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատեց, որ պետությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունները՝ արձանագրելով այդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի խախտում։ Խոսքը մահվան հանգամանքները պարզելու և, անհրաժեշտության դեպքում, պատասխանատու անձանց բացահայտելու ունակ արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորության մասին է։

Դատարանի վճիռը չի հաստատում, թե ով է պատասխանատու Մարոյի մահվան համար։ Այն չի վերացնում անպատասխան հարցերը և չի տալիս նրա ընտանիքին այն ճշմարտությունը, որի որոնումներում նրանք արդեն տասնչորս տարի են։ Նրա մահվան հանգամանքները շարունակում են մնալ չպարզված։

Սակայն, առնվազն, մեկ ձախողում վերջապես ճանաչվել է. պետությունը չի կատարել արդյունավետ քննություն իրականացնելու և Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի պաշտպանության իր ընթացակարգային պարտավորությունը։

Տասնչորս տարի անց ճշմարտությունը շարունակում է մնալ անհասանելի։ Հարցերը մնում են անպատասխան։ Ընտանիքի համոզմունքը չի փոխվել։ Սակայն պետության ձախողումն այլևս պարզապես ընտանիքի անպատասխան բողոքը չէ․ այն ճանաչվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։

Այս միջազգային օրը Մարո Գուլոյանի դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ գենդերային հիմքով և ընտանեկան բռնությունը չեն կարող դիտարկվել որպես մասնավոր ընտանեկան հարցեր։ Արդյունավետ քննություն չիրականացնելը, ահազանգերին պատշաճ ուշադրություն չդարձնելը և կնոջ մահվան հանգամանքները չպարզելը ևս մեկ ծանր անարդարություն են՝ հասցված զոհերին և նրանց ընտանիքներին։

Մենք հիշում ենք Մարոյին։ Մենք կանգնած ենք նրա ընտանիքի կողքին։ Մենք պահանջում ենք ճշմարտություն, պատասխանատվություն և յուրաքանչյուր կնոջ արդյունավետ պաշտպանություն։

Որովհետև յուրաքանչյուր կնոջ կյանքն արժեքավոր է։ Որովհետև յուրաքանչյուր կասկածելի մահ արժանի է արդյունավետ քննության։ Որովհետև կյանքի պաշտպանության պարտավորությունը պետք է իրական լինի, այլ ոչ թե պարզապես հռչակված։ Եվ որովհետև արդարության որոնումը երբեք չպետք է դադարեցվի, նույնիսկ եթե ճշմարտության բացահայտման համար պահանջվում է տասնչորս տարի, կամ եթե այն այդպես էլ երբեք չի բացահայտվում։

Այս հայտարարությանը կհաջորդի ավելի ծավալուն հոդված, որը կանդրադառնա Մարո Գուլոյանի գործին, նրա մահվան հանգամանքներին և ներպետական քննության ընթացքին, ինչպես նաև առավել մանրամասն կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը և պետության ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ դատարանի եզրահանգումները։

Կանանց ռեսուրսային կենտրոն

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց – նոյեմբեր, 2026

Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց

Փնտրում ենք իրավաբան՝ ադվոկացիայի թիմում ներգրավվելու համար

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։