Հայտարարություն Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքի վերաբերյալ

Վեդիում անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության դեպքը և դրա շուրջ իրավապահ մարմինների՝ ս․թ․ փետրվարից մայիս անգործությունը վկայում են զոհականացնող մոտեցման, երեխայի լավագույն շահն անտեսելու, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքների ոտնահարման մասին:  Մինչդեռ դեռևս 2020թ․ ՀՀ-ն վավերացրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որի հիմնասյուներից է զոհակենտրոն և երեխայակենտրոն իրավական համակարգի ստեղծումը: 

Մեր գործընկեր կազմակերպությունների և մեր 15 տարիների փորձառությունը սեռական բռնության ենթարկված անձանց աջակցության և շահապաշտպանության ոլորտներում վկայում է, որ նման դեպքերի պարագայում տուժողների կարիքները և փորձառությունը հաճախ ստորադասվում են կասկածյալի «անմեղության կանխավարկածին»: Վերհիշենք 2010 թ․-ին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի դեպքը, երբ նախկին սաները բարձրաձայնեցին իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ուսուցչի արարքների մասին, սակայն միայն կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների և հանրային ճնշման արդյունքում իրավապահ մարմինները սկսեցին պատշաճ ձևով քննել դեպքը: 

Վեդիի դեպքով օրեր առաջ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը «մտավոր խնդիրների» և «հակասական ցուցմունքների», «նախկինում ունեցած սեռական հարաբերությունների» շեշտադրմամբ խտրական է և վկայում է միջհատվող խտրականության մասին․ սեռական բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող աղջկա ցուցմունքը ոչ վերապրածակենտրոն իրավապահ մարմինների կողմից մշտապես խնդրայնացվում է և դիտարկվում որպես ոչ արժանահավատ: 

Նման դեպքերը, ցավոք, եզակի չեն, ամեն դեպքի բացահայտումից հետո հանրությունը քննադատում է բռնարարին, փորձում մեղադրել ծնողներին, հատկապես՝ մորը, բայց համակարգային փոփոխություններն այդպես էլ տեղի չեն ունենում: 

Բարեբախտաբար, ուսուցիչները չեն առաջնորդվել «մեր գործը չէ» մոտեցմամբ, և լրագրողները վստահել են աղջիկների պատմությանը: Մինչդեռ մեր հասարակությունում դեռ քննարկվում է՝ արդյո՞ք երեխաների հետ պետք է խոսել սեռականության մասին այն պարագայում, երբ ընտանիքին աջակցող մտերիմ անձինք են հենց հաճախ հանդիսանում սեռական բռնություն գործադրող անձինք: 

Որպես ոլորտում երկար տարիների փորձ ունեցող իրավապաշտպան կազմակերպություն՝ պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից․ 

  • Ծառայողական քննություն իրականացնել՝ պարզելու իրավապահ մարմինների գործողությունների և անգործության իրավաչափությունը
  • Իրականացնել գործի պատշաճ, արդար քննություն՝ առաջնորդվելով երեխաների լավագույն շահով և զոհակենտրոն մոտեցմամբ
  • Բացառել տուժող երեխաների երկրորդային զոհականացումը, խտրական վերաբերմունքը և անձնական կյանքի վերաբերյալ անհարկի կամ նվաստացնող շեշտադրումները
  • Ապահովել տուժող երեխաների և նրանց ընտանիքների անվտանգությունը, գաղտնիությունը և մասնագիտական աջակցություն ստանալու հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պահանջում ենք ներդնել համապարփակ, իրավունքահեն և երեխաների տարիքին համապատասխան սեռական կրթություն առարկան, որը կներառի մարմնի անձեռնմխելիության թեման, որի ուսուցանումն իր հերթին կկանխարգելի և կօգնի ավելի վաղ հայտնաբերել սեռական բռնության դեպքերը:

Մենք հիշեցնում ենք նաև այն կազմակերպությունների հեռախոսահամարները, որոնք մասնագիտական աջակցություն, խորհրդատվություն կտրամադրեն սեռական բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ.

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն  Թեժ գիծ՝ 077991280

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ՝ 077 043042 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ՝ 077 400350 

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների մասին երկխոսություն քաղաքական ուժերի հետ. շարքի #1 հանդիպում

Առցանց դասընթացների շարք ԼՂ-ից տեղահանված սոցիալական աշխատողների համար

Հայտնի են Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհների բաց կանչի արդյունքները

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։