Բլոգ

Արդեն շուրջ 3 տարի է ինչ ‹‹Ծնողներ հանուն երջանիկ երեխաների›› ծրագրի շրջանակներում աշխատում ենք Հայաստանում տարբեր մարզերի և մայրաքաղաքի դեռահասների ծնողների հետ: Արդյունքում այս տարիների ընթացքում աշխատել ենք ավելի քան 500 ծնողների հետ:

Հատկանշական է, որ շատ խմբերում ծնողների հիմնական սպասելիքներն իրենց երեխաներից նրանց լավ սովորելն է, լավ մարդ դառնալը: Եվ որ հետաքրքրիր է, հիմնական ծնող-երեխա կոնֆլիկտները կապված են դասապատրաստման գործընթացի հետ: Այստեղ հարց է առաջանում ի՞նչն է խնդիրը: Գուցե արժե վերանայե՞լ ծնողների մոտեցումները: Գուցե երեխան նախ պետք է մի որոշ ժամանակ զբաղվի իր սիրելի զբաղմունքով, հանգստացնի իր մտքերը, զգացմունքները, այնուհետև անցնի դասապատրաստմանը, այլ ոչ թե փորձի արագ պատրաստել դասերը, որպեսզի ազատ ժամանակ մնա իր համար սիրելի զբաղմունքով զբաղվելու համար: Եվ ի վերջո, արդյո՞ք երջանիկ լինելու համար պարտադիր է լավ սովորելը, բոլոր դասավանդվող առարկաներից գերազանց գնահատականներ ստանալը: Չի՞ կարող երեխան զբաղվել ինչ-որ արհեստով, որն իրեն հոգեհարազատ է և երջանիկ լինել: Այս ամենը հարցեր են, որոնք լուրջ մտորելու տեղիք են տալիս ծնողներին/խնամակալներին և կարող են հիմք հանդիսանալ երեխայի դաստիարակման հետ կապված մոտեցումները վերանայելու համար:

Ինձ համար իբրև հասարակության անդամ ես կարող եմ ասել, որ շատ կարևոր է փոքրուց ձևավորել երեխայի մեջ երջանկության և երջանիկ լինելու արժևորումը: