Կանանց ռեսուրսային կենտրոնը, որպես ֆեմինիստական իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, որն աշխատում է արցախցի կանանց և աղջիկների հետ 2006թ.-ից, հարկ է համարում անդրադառնալ և ներկայացնել մեր համայնքին հուզող խնդիրները, որոնք վերաբերում են ատելության տարածմանը և խտրականությանը:
Այսպիսով՝ արձանագրում և դատապարտում ենք նախընտրական շրջանում արցախցիների հանդեպ ատելություն տարածելու, արցախցիների հավաքական տրավման չարաշահելու, նրանց ուղղված անիրատեսական խոստումները, ցավն ու անորոշությունը քաղաքական շահի վերածելու գործելակերպը։
Իշխանության որոշ ներկայացուցիչների կոչ ենք անում գիտակցել իրենց խոսքի և վարքի ազդեցությունը հատկապես այն դեպքերում, երբ հանրային տարածքներում թիրախավորում են արցախցիներին՝ իրենց ծագման, փորձառության կամ ենթադրվող քաղաքական դիրքորոշման հիմքով։ Նման հարձակումները, անգամ եթե ներկայացվում են որպես քաղաքական վեճ կամ պահի լարված և զգացմունքային արձագանք, կարող են անուղղակիորեն նորմալացնել արցախցիների նկատմամբ խտրական խոսքը և ուժեղացնել հասարակության մեջ արդեն առկա լարվածությունը, անվստահությունն ու ատելությունը։ Իշխանության խոսքը երբեք չի մնում միայն անհատական կարծիք․ այն ազդանշան է տալիս հասարակությանը, թե ինչպիսի վերաբերմունք է թույլատրելի տեղահանված և խոցելի խմբերի նկատմամբ։ Արցախցիներին անհրաժեշտ է արժանապատիվ աջակցություն, իրավունքների պաշտպանություն, լսված լինելու և իրենց կյանքին վերաբերող որոշումներին մասնակցելու իրական հնարավորություն։
Ընդդիմադիր որոշ ուժերի կոչ ենք անում դադարեցնել օգտագործել արցախցիների ցավը, տեղահանումը և հավաքական տրավման քաղաքական շահի համար: Երբ արցախցիներին տրվում են կեղծ խոստումներ կամ նրանց վերադարձի իրավունքը շահարկվում է քաղաքական նպատակներով, դա ավելի է սրում հասարակության բևեռացումը և հետագայում կարող է առաջացնել ավելի խորը հիասթափություն:
Քաղաքական ուժերը հանրային պատասխանատվություն ունեն հասարակության տարբեր շերտերի միջև համերաշխություն պահպանելու, այլ ոչ թե մարդկանց տարբեր խմբերի իրար դեմ տրամարդելու՝ նրանց էթնիկ հատկանիշների, պատմության կամ ինքնության որևէ այլ հիմքով:
ԱԺ ընտրությունների բոլոր թեկնածու ուժերին և յուրաքանչյուր քաղաքական գործիչի ևս մեկ անգամ կոչ ենք անում՝
– հանրային ելույթներում զե՛րծ մնացեք արցախցիներին որևէ կերպ թիրախավորելուց,
– նման դեպքերում հորդորում ենք պատասխանատվություն ստանձնել՝ ատելության խոսք և խտրական դիսկուրս տարածելու համար՝ ոչ միայն հանրային ներողություն խնդրելով, այլև հետագայում բացառելով նման խոսքը և գործողություններով ապացուցելով նվիրումը մարդու իրավունքներին և հավասարությանը,
– մի՛ տվեք անիրատեսական խոստումներ, որոնք խորացնում են մարդկանց անորոշությունը և կրկին չարաշահում նրանց տրավման՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար,
– ստեղծե՛ք ավելի ապահով և արժանապատիվ հանրային տարածք, որտեղ արցախցիները կարող են սգալ, վերականգնվել, բարձրաձայնել իրենց կարիքները և մասնակցել իրենց վերաբերող որոշումներին: