Կանանց ՔՀԿ-ների միացյալ հայտարարություն՝ կանանց կազմակերպություններին վարկաբեկող և թշնամական դիսկուրսի վերաբերյալ

Վերջին օրերին ականատես ենք լինում հրապարակային հայտարարությունների, ներառյալ տարբեր ԶԼՄ-ներով, որոնք մեղադրում են կանանց կազմակերպություններին՝ պիտակավորելով նրանց իբրև «լուռ», քաղաքականապես կանխակալ կամ ընտրողական՝ կանանց իրավունքների պաշտպանության հարցում:

Նման օրինակ է մայիսի 19-ին ՍիվիլՆեթի հրապարակած «Փաշինյանի հանրային պոռթկումների քաղաքականությունը» փոդքասթը: Ըստ երևույթին, քննարկումը պետք է կենտրոնանար վարչապետի հանրային վարքագծի վերլուծության վրա, սակայն, հարցազրույցի հենց սկզբում, մեկնաբանն անդրադառնում է քաղաքական թոհուբոհի վերաբերյալ կանանց կազմակերպությունների «լռությանը»։ 

Մեդիայի այս անդրադարձը մենք դիտարկում ենք այն լայն օրինաչափության մաս, որում քաղաքական ուժերի քննադատությունը արագորեն վերածվում է կանանց կազմակերպությունների անհիմն պիտակավորման և վարկաբեկման։

Նման հայտարարությունները անպատասխանատու, ապակողմնորոշող և վնասակար են։

Կանանց քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դեպքերին հրապարակայնորեն արձագանքում են չտրվելով մեդիա ճնշումներին, կուսակցական ակնկալիքներին կամ հանրային պարսավանքից բխող քաղաքական շահարկումներին: Հանրային հաղորդակցության վերաբերյալ որոշումները պայմանավորված են բազմաթիվ գործոններով՝ վերապրողների ինքնավարությամբ, փաստերի ստուգմամբ, անվտանգության նկատառումներով, կազմակերպության առաքելությունով, ռեսուրսներով և ռազմավարությունով։ 

Իհարկե, լեգիտիմ է չհամաձայնել կազմակերպությունների դիրքորոշման, արձագանքման ժամանակատվածի կամ հայտարարություն չտարածելու որոշման հետ։ Սակայն ինչը լեգիտիմ չէ, այդ անհամաձայնությունն օգտագործել՝ կասկածի տակ դնելով, թե արդյոք կանանց կազմակերպությունները «իրական» քաղաքացիական հասարակություն են, և մեղադրել նրանց անբարեխղճության մեջ, կամ առանց ապացույցների ենթադրել, որ նրանք վերահսկվում կամ լռեցվում են կառավարության, դեսպանատների կամ քաղաքական ուժերի կողմից։

Սա կառուցողական քննադատություն չէ: Սա վարկաբեկում է:

Կանանց կազմակերպությունների մանդատը չի ենթադրում անվերապահ պաշտպանություն տրամադրել բոլոր կանանց, պարզապես նրանց կին լինելու հիմքով: Այստեղ պետք է կարևոր տարանջատում անել. տղամարդու և կնոջ միջև վեճը, կամ անհամաձայնությունն ինքնաբերաբար սեքսիստական կամ հայրիշխանական չէ։ Կարևոր է  համատեքստը, իշխանական դինամիկան, օգտագործված բառապաշարը և այն, թե արդյոք իրավիճակն արտացոլում է գենդերային բռնություն, խտրականություն, կառուցվածքային անհավասարություն կամ իրավունքների խախտումներ: Սրանք են այն հիմնախնդիրները, որոնցով զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանություն իրականացնող կազմակերպությունները։ Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ քաղաքական և հանրային գործիչները գործեն պատասխանատվությամբ ու արժանապատվորեն՝ չնորմալացնելով նվաստացուցիչ կամ թշնամական հանրային խոսույթը:

Մեզ մտահոգում է նաև, որ շատ հաճախ քաղաքական կամ մեդիա տիրույթում ներկայացված տղամարդիկ հրապարակայնորեն ցուցումներ են տալիս կանանց կազմակերպություններին, թե երբ խոսել, ինչպես խոսել և ինչ դիրքորոշում ընդունել: Նման «դաստիարակչական» ճնշումը չի ուժեղացնում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքը: Այն վերարտադրում է իշխանական նույն դինամիկան և գենդերային թշնամանքը, որի դեմ կանանց կազմակերպությունները պայքարում են երկար ժամանակ:

Մենք նաև նկատում ենք այս հարձակումներից շատերի ապշեցուցիչ ընտրողականությունը, կանանց կազմակերպություններից ագրեսիվ կերպով հայտարարություններ պահանջող անհատները սոցիալական մեդիայում, հիմնականում լռում են Հայաստանում կանանց և խոցելի խմբերի վրա ազդող ընտանեկան բռնության, սեռական բռնության, մարգինալացված համայնքների նկատմամբ խտրականության և մարդու իրավունքների այլ համակարգային խախտումների վերաբերյալ: Սա ապացուցում է, որ նրանց մտահոգության իրական կենտրոնում ոչ թե կանանց իրավունքներն են, այլ ֆեմինիստ ակտիվիստներին և կանանց ՔՀԿ-ներին քաղաքականապես թիրախավորելը, վարկաբեկելն ու արժեզրկելը: Մեզ համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ  ՍիվիլՆեթիը, երկար տարիներ լուսաբանելով կանանց իրավունքները և կանանց կազմակերպությունների աշխատանքը, նման տեսակետ է տարածում: 

Հայաստանում կանանց կազմակերպությունները տարիներ շարունակ աշխատել են ահռելի ճնշման ներքո՝ աջակցելով բռնություն վերապրածներին, առաջ մղելով իրավական բարեփոխումներ, փաստագրելով խտրականության դեպքերը, ստեղծելով ծառայություններ և պաշտպանելով կանանց ու մարգինալացված խմբերի՝ հանրային կյանքին մասնակցելու իրավունքը։ Կոնկրետ քաղաքական պահերի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով այս աշխատանքն անտեսելն ու արժեզրկելն անընդունելի է:

Քաղաքացիական հասարակության անկախություն նշանակում է՝ իրավունք որոշելու, թե ինչպես ենք մենք աշխատում, երբ ենք խոսում, ինչ բառապաշար ենք օգտագործում և ինչ ռազմավարություններ ենք ընտրում։ Դա չի նշանակում բեմականացնել զայրույթ ըստ պահանջի:

Հանրային խոսույթը չպետք է նորմալացնի հարձակումները կանանց քաղաքացիական հասարակության վրա զուտ այն պատճառով, որ մենք հրաժարվում ենք համապատասխանել քաղաքական «մաքրության» անհնարին չափանիշներին:

Մենք կոչ ենք անում մեդիայի դերակատարներին, հանրային մեկնաբաններին, քաղաքական գործիչներին և քաղաքացիական հասարակության մեր գործընկերներին դրսևորել պատասխանատվություն՝ առանց խարանելու, գործիքայնացնելու կամ վարկաբեկելու՝ կանանց կազմակերպություններին և ընդհանրապես քաղաքացիական հասարակությանը:

Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպությունները.

– Կանանց ռեսուրսային կենտրոն

– Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

– Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

– «Ընդդեմ ընտանեկան բռնության» աջակցման կենտրոնների կոալիցիա

– Մարդու իրավունքների տուն Երևան

– Հայաստանում կանանց հիմնադրամ

– «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոն ՀԿ

– Փինք իրավապաշտպան ՀԿ

– Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ

– Կանանց կենտրոն. Շուշի

– «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

– «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ

– «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական ՀԿ

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Շրջափակումը տան ներսից. արցախցի կանանց հայացքը

Սոցմեդիա կամավորություն Կանանց ռեսուրսային կենտրոնում

Հայտարարություն Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքի վերաբերյալ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։