Գենդերային բռնությունը մեր շուրջը․ խոսենք անկեղծ

– Սիրանուշ Դավթյան, հոգեբան, հոգեթերապևտ

Գենդերային բռնությունը շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ հասարակությունների ամենախորքային և ցավոտ խնդիրներից մեկը։ Այն դրսևորվում է ոչ միայն ակնհայտ ֆիզիկական բռնությամբ, այլ նաև հոգեբանական, տնտեսական, սեռական բռնությամբ և արդեն լայն տարածում գտած համացանցի միջոցով։

Այսպես, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների 15-49 տարեկան կանանց շրջանում ամեն չորրորդ կինը ենթարկվել է ֆիզիկական և/կամ սեռական բռնության գոնե մեկ դրվագի, իսկ ամբողջ աշխարհում կանանց սպանությունների 38%-ը իրականցվում է իրենց զուգընկերոջ կողմից: Թեպետ հաճախ այն ընկալվում է որպես ընտանիքի ներսում կամ անձնական հարաբերություններում տեղի ունեցող երևույթ, իրականում գենդերային բռնությունն ունի սոցիալական բնույթ և խորը արմատներ՝ հասարակության մեջ պահպանվող գենդերային դերերի, կարծրատիպերի և անհավասարության հետ միասին։

Անհրաժեշտ է դիտարկել գենդերային բռնության խնդիրը տարբեր տեսանկյուններից՝ հասկանալու, թե ինչպես են սոցիալական նորմերը ձևավորում վարքային մոդելներ, և ինչու բռնության դրսևորումները հաճախ աննկատ են մնում կամ արդարացվում են, օրինակ, վիրավորական արտահայտություններ, վերահսկողություն, ֆինանսական կախվածություն, սոցիալական մեկուսացում կամ հեռախոսների ու սոցիալական ցանցերի միջոցով վերահսկում։ Գենդերային բռնությունը հասկանալու կարևոր բաղադրիչներից է գենդերային սոցիալականացման գործընթացը՝ այն մեխանիզմը, որի միջոցով անձը մանկուց սովորում է հասարակության կողմից ներդրված գենդերային դերերի, վարքային նորմերի և սպասումների համակարգը։ Գենդերային սոցիալականացումը գործում է ընտանիքի, կրթական համակարգի, մեդիայի և մշակույթի միջոցով՝ ձևավորելով այն համոզմունքները, որոնք հետագայում կարող են արդարացնել կամ նորմալացնել անհավասարության և վերահսկողության դինամիկան, իսկ կարծրատիպային պատկերացումները ստեղծում են հող բռնության դինամիկայի համար՝ պատճառելով գենդերների միջև ուժի անհավասար բաշխում, որը հանդիսանում է գենդերային բռնության հիմքերից։

Այսպիսով, գենդերային բռնությունը ոչ միայն անհատական պրոբլեմ է, այլ համակարգային երևույթ, որն անհրաժեշտ է դիտարկել ուժի և վերահսկողության դինամիկայի տեսանկյունից, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել, միջամտել և պաշտպանել խոցելի անձանց՝ մասնավորապես կանանց և երեխաների իրավունքները:


Գենդերային բռնության հիմնական տեսակներն են

  • Ֆիզիկական բռնություն՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը՝ ապտակել, ծեծել, հարվածել ձեռքով կամ առարկաներով, թափահարելը, հրելը, կծելը, կճմտելը, ստիպել երկար ժամանակ մնալ միևնույն անհարմար դիրքով, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը:
  • Սեռական բռնություն՝ ցանկացած սեռական ակտ, սեռական ակտի փորձ, անցանկալի մեկնաբանություն կամ առաջարկ կամ հարկադրանքի կիրառում ուղղված անձի սեռականությանը, ժամադրության ընթացքում սեռական բռնություն (date rape)։
  • Հոգեբանական բռնություն՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական, տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում վտանգի մասին կամ հոգեկան առողջության վերաբերյալ (գազլայթինգը), արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը, նպատակային վերահսկողական վարքը։
  • Տնտեսական բռնություն՝ անձին հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով նրան գոյության անհրաժեշտ միջոցներիցսնունդ, հագուստ, կացարան, դեղորայք, զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը:
  • Վնասակար ավանդույթները և սովորույթները այն մշակութային, կրոնական, համայնքային կամ ընտանեկան պրակտիկաներն են, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ և ընկալվում որպես «նորմալ» կամ «ընդունելի», սակայն իրենց բովանդակությամբ խախտում են մարդու իրավունքները, սահմանափակում ազատությունները, խոչընդոտում արժանապատիվ կյանքին և կարող են առաջացնել ֆիզիկական, հոգեբանական կամ սոցիալական վնաս։ Վնասակար ավանդույթների օրինակներ են վաղ կամ հարկադրական ամուսնությունները, աղջիկների ու կանանց նկատմամբ սահմանափակող վարքային նորմերը, կանանց սեռական օրգանների ծիսական խեղումը։

Այսպիսով, գենդերային բռնության կանխարգելումը պահանջում է համալիր մոտեցում՝ իրավական պաշտպանություն, սոցիալական աջակցություն, կրթական ծրագրեր և հանրային իրազեկում։ Հավասարության մշակույթի ձևավորումը, գենդերային կարծրատիպերի կոտրումը և համայնքային ներգրավվածությունը կարևոր նախապայմաններ են՝ բռնության նվազեցման և անվտանգ, առողջ հասարակություն կառուցելու համար։

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Գենդերային բռնության դեմ պայքարը՝ հասարակության պատասխանատվությունը | 16-օրյակի էսսե

Հետքերը | 16-օրյակի էսսե

Երբ հաղթանակները տեղային են, իսկ պարտությունները` համամարդկային | 16-օրյակի էսսե

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։