Հետքերը | 16-օրյակի էսսե

Հետևյալ էսսեն ընտրվել է գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակին ընդառաջ հայտարարված թեմատիկ էսսեների բաց կանչի «գեղարվեստական» անվանակարգում: Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն Կանանց ռեսուրսային կենտրոնի կամ KVINFO-ի տեսակետների հետ:

Նախազգուշացում. տեքստը ներառում է սեռական բռնության, ֆիզիկական և հուզական ցավի, տառապանքի և բռնարարի հետ կապված հարաբերությունների նկարագրություններ: Եթե զգայուն եք նման թեմաների հանդեպ, առաջարկում ենք չընթերցել նյութը:

Հեղինակ՝ Միռեն Հովսեփյան

Հարցնում ա.
-Ինչպե՞ս պատժել բռնարարին: Ո՞րն ա ըստ ձեզ ամենաարժանի պատիժը:
Քննարկման մասնակիցները երկար չեն մտածում:
-Սեռական բռնության համար՝ ցմահ ազատազրկում:
-… կամ շատ երկար ժամկետով:
-Հա՛, թող բանտում փտի, ու որ իրա հետ էլ նույն ձև վարվեն:
Ես լռում եմ:
Մասնակիցներն իրար ընդհատելով շարունակում են տարբերակներ առաջարկել:
-Ես մահապատիժ տարբերակն էլ եմ էս դեպքում արժանի համարում:
-Ես դեմ եմ մահապատժին, բայց երևի էս անգամ բացառություն կանեմ:
Ես լռում եմ:
Դասընթացը վարողը ներկայացնում ա ինչ-որ հետազոտությունների վրա հիմնված տվյալներ, թե ինչ են էս
հարցի շուրջ մտածում ուրիշ մարդիկ: Պատկերը շատ չի տարբերվում:
Ես լռում եմ:


Դասընթացից հետո քայլում եմ կանգառ: Գլխումս մտքերի փոխարեն խշշոց ա. փչացած հեռուստացույցի
ձայն ա հիշացնում: Ականջակալներս բթում եմ ականջներիս մեջ:


Խառնում եմ կաթսայի մեջ եփող բրնձով շիլան: Արդեն կպել ա կաթսայի տակից:
Շիլան տեղափոխում եմ խորը ափսեի մեջ, իսկ կաթսան՝ լվացարանի: Չի ստացվում լվանալ. շիլայի
սևացած հատիկները սոսնձվել են կաթսային:
Եռացրած ջուր եմ լցնում վրան ու փակում կափարիչով:
Նստում եմ հաց ուտելու: Ափսեի միջի բրինձը սպիտակ ա. մեջը ոչ մի վառած հատիկ չկա:

Չեմ կարողանում ուտել, որովհետև վառածի համը մեկ ա կպել ա բրնձից:
Սառնարանում՝ կոֆեի բաժակի մեջ, թթվասեր եմ գտնում: Դատարկում եմ թթվասերը շիլայի վրա ու մի լավ
խառնում, բայց չեմ կարողանում ուտել. վառածի համը չի անցնում:
Իսկ կաթսան լվանալուց հետո էլ սևացած ա մնում:


Պառկում եմ քնելու:
Չեմ կարողանում քնել: Չգիտեմ խնդիրը սովն ա, թե փչացած հեռուստացույցի ձայնը:
«Փրկե՛ք ինձ»:
Ժամանակ առ ժամանակ աղմուկի միջից փրկության աղերս ա հնչում: Սա շատ հին բան ա: Սովորել եմ
արդեն:
Ինքս ինձ հիշացնում եմ, որ փրկության կարիք չունեմ:


Երազիս մեջ հին բնակարանիս սենյակում եմ:
Գիտեմ, որ քնած եմ, որովհետև հաճախ եմ տեսնում էս երազը:
Սենյակում մաքրող նյութերի հոտ ա գալիս, հատակը դեռ խոնավ ա: Սեղանին թասով տաք ջուր ա դրած, որ
գոլորշին խոնավեցնի օդը:
Մահճակալը ծածկված ա ծածկոցով, բայց անկողինը նոր մաքրած հատակին ա փռած:
Տարիներ առաջ, երբ ապրում էի էս սենյակում, դժվարաշնչություն ունեի: Ես հավատում էի, որ
խոնավությունը օգնում ա հեշտ շնչել: Երբ թասի միջի ջուրը սառում էր՝ ցողում էի հատակին:
Գիտեմ, որ քնած եմ, բայց պառկում եմ անկողնու մեջ ու փորձում քնել:


Արթնանում եմ հոգնած ու մեջքի ցավով, ոնց առաջ, երբ հատակին էի քնում:
Մի անգամ էլ եմ փորձում ուտել երեկվա շիլան: Չէ՛, վառածի համը չի անցել: Քիթս մատներով սեղմում եմ
ու մի քանի գդալ կուլ տալիս առանց ծամելու:


Օֆիսում ինչ-որ մեկն ասում ա.

-Խի՞ չէիր երեկ խոսում: Ինձ օրինակ հետաքրքիր ա՝ դու ինչ կանեիր բռնարարի հետ:
-Չգիտեմ,- պատասխանում եմ ես:
-Դե ես էլ չգիտեմ, ուղղակի մտածում եմ, որ սեռական բռնության ենթարկված մարդիկ հաստատ
կուզենային…
-Չէ՛,- ասում եմ՝ առանց մտածելու:
-Բայց չլսեցիր՝ ինչ եմ ասում: Հետո էլ՝ դու ի՞նչ գիտես:
-Դե ասեցի, որ չգիտեմ:
Մի պահ լռությունից հետո ինչ-որ մեկն ասում ա:
-Շատ դրամատիկ ես էսօր:


Աշխատանքից հետո քայլում եմ կանգառ:
Մեջքս դեռ ցավում ա:
«Փրկե՛ք ինձ»:
Գլխումս խշշոց ա:


Սևացած կաթսայի մեջ բրինձ եմ լցնում ու դնում գազին: Բրնձով շիլա եմ ուզում ուտեմ:
Էս անգամ չեմ վառում շիլան: Համտեսում եմ: Շատ լավն ա:
Սեղանին դեռ երեկվա վառած շիլան ա: Ափսոսում եմ թափեմ: Խառնում եմ էսօրվա սարքածիս հետ ու
նստում եմ հաց ուտելու: Ուտում եմ կեսվառած ու կեսչվառած շիլան առանց քիթս սեղմելու: Բայց համով
չի:
Ինչ-որ բաներ երբեք չեն փոխվում:


Պառկում եմ քնելու:
Երազումս պառկած եմ գետնին փռած անկողնու մեջ: Սիրտս խառնում ա մահճակալի վրա:
«Փրկեք ինձ»:


Մենք ապրում էինք մի սենյականոց բնակարանում:
Սենյակի հատակը միշտ խոնավ էր, սեղանին թասով տաք ջուր էր դրված: Ես անառողջ էի:
Մարմինս անտանելի ցավում էր իրա հպումներից: Ինքը գիտեր: Քիչ-քիչ լացս գոռոց էր դառնում: Սեղմում
էի բերանս ձեռքերով, որ հարևանները չլսեն: Վախում էի:
Ամեն օր քնելուց առաջ խոստանում էր, որ էլ չի անի տենց: Ասում էր, որ իրան էլ ա ցավում, երբ լացում
եմ: Ես հավատում էի:


Ես սիրում եմ բրնձով շիլա: Ես երբեմն պատրաստելուց վառում եմ շիլան: Ես քիթս մատներով փակում եմ
ու կուլ եմ տալիս վառած շիլան: Հետո սիրտս խառնում ա:
Ես սիրում էի մի մարդու: Ինքը մտադրված ցավացնում էր ինձ: Ես բերանս փակում էի ձեռքերով ու
դիմանում էի: Հետո սիրտս խառնում էր ինքս ինձնից:
Արդեն անցել ա հինգ տարի: Էդ մարդը չկա էլ իմ կյանքում: Ես էլ չեմ սիրում էդ մարդուն: Սիրտս դեռ
խառնում ա:
«Իսկ դու ի՞նչ կանեիր բռնարարի հետ»:
Ինչքան ուզում ա մտածեմ՝ ես չգիտեմ էս հարցի պատասխանը:
Ես լռում եմ:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Գենդերային բռնության դեմ պայքարը՝ հասարակության պատասխանատվությունը | 16-օրյակի էսսե

Երբ հաղթանակները տեղային են, իսկ պարտությունները` համամարդկային | 16-օրյակի էսսե

Անվճար թեժ գծեր կանանց համար

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։