ԿՌԿ կիսամյակային ամփոփաթերթ հունվար-օգոստոս, 2024 

2024թ․ հունվար-հուլիս ամիսների ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնի ֆեմինիստական ապահով տարածք է այցելել 253 անձ՝ տարբեր միջոցառումների մասնակցելու և կենտրոնի տրամադրած ծառայություններից օգտվելու համար:

Փետրվարի 16-18-ը և հունիսի 14-16-ը ԿՌԿ-ն իրականացրեց ամենամյա «Կանանց իրավունքների եռօրյա» դասընթացները: Առաջին դասընթացին մասնակցեց 23 անձ, իսկ երկրորդին՝ 24: Դասընթացների արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան ֆեմինիստական ենթադրամաշնորհային նախագծեր իրականացնելու: Առաջին դասընթացի արդյունքում իրականացվել են 4 դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում՝ կանանց բարօրության հավաք, դեռահաս աղջիկների իրավագիտակցման բարձրացման հանդիպումներ, հայ կանանց մասին տեղեկատվական հարթակ (armfemmes), գենդերային հավասարության թեմայով հանդիպումներ: Իսկ ևս 4 նախագիծ իրականացման փուլում են երկրորդ դասընթացի արդյունքում:

Իսկ այստեղ կարող եք դիտել Լուրերի անդրադարձը եռօրյա դասընթացին:

Կանանց իրավունքների համար պայքարն, իհարկե, ամբողջական չէր լինի առանց մարտի 8-ին կազմակերպվող դիմադրության և կանանց իրավունքների ընդլայնման արշավի:  

Այս տարի մենք կազմակերպել էինք մարտիության բաց քննարկում հետևյալ նշանաբանով.

Քննարկմանը հաջորդեց սոցիալական մեդիա արշավ՝ ուղղված կանանց՝ մարտիության մեր հաղորդագրությունն էլ ավելի տարածելուն:

Այս ամիսներին մենք նաև կազմակերպել ենք «Աղջիկները խոսում են»-ի հերթական շրջանը: Ծրագրի 8 սեսիաներին մասնակցեցին աղջիկներ ՀՀ տարբեր մարզերից և Երևանից:

Աղջիկները խոսում էին ինքնաճանաչման, առողջ հարաբերությունների, մարմնի դրական ընկալման, ֆեմինիզմի, ակտիվիզմի և նմանատիպ թեմաների շուրջ:

Հուլիսի 13-ին Մարտունիում տեղի ունեցավ ԿՌԿ արտ-ակտիվիստական աշխատարանը, որի ընթացքում քննարկեցինք ֆեմինիզմի և արվեստի միջոցով ակտիվիզմը, ապա միասին զարգացրինք մեր արտ-ակտիվիստական գաղափարները և իրականացրինք դրանք՝ գրաֆիտիների տեսքով:

Հուլիսի 26-28-ը կազմակերպել էինք «Աղջիկների* զորեղացման ճամբար 2024»-ը, որին մասնակցեց 19 անձ:

Ճամբարն անդրադարձել է ֆեմինիզմի, ինքնախնամքի և հոգեկան բարօրության, առաջնորդության և հավասար մասնակցության, սեռական ու վերարտադրողական առողջության և նմանատիպ թեմաների:

Հունվարից սկսած մեր ֆեմտարածքում կազմակերպել ենք 4 ֆեմախոսություններ հետևյալ թեմաների շուրջ.

  • COVID-19-ի ազդեցությունը կալանավորված և դատապարտված կանանց վրա
  • Շուշանիկ Կուրղինյան. հեղափոխական ֆեմինիստի կյանքն ու ժամանակը
  • Կլիմայի փոփոխության ազդեցությունը կանանց վրա. ֆեմախոսություն և մանդալայի պատրաստում
  • Կանանց աշխատանքային իրավունքները

Սեպտեմբերից ֆեմախոսությունները կշարունակվեն:

2023 թ. նոյեմբերին ԿՌԿ-ի մեկնարկած տեղեկատվական դասընթացների շարքը Արցախից բռնի տեղահանված հղի կանանց համար շարունակվել է 2024թ.-ի հունվարից ի վեր: Դասընթացների շարքը բաղկացած էր 6 հանդիպումներից, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ: Ընդհանուր առմամբ՝ դասընթացներին մասնակցել է 61 կին։

Միջազգային պլանավորված ծնողավարության ֆեդերացիայի նախագծի շրջանակում ԿՌԿ-ն տրամադրել է սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններ համակարգայնորեն անտեսված խմբերի կանանց: Ծրագրի նպատակն էր երաշխավորել, որ Արցախից բռնի տեղահանված կանայք հասանելիություն ունեին հիմնարար բժշկական աջակցության:

2023-ի դեկտեմբերից մինչ 2024-ը մայիս բժշկական ծառայություններ են մատուցվել 379 կանանց: Նրանք բոլորը Արցախից բռնի տեղահանված անձինք էին:

Մարտ ամսին մեկօրյա վերապատրաստման դասընթաց իրականացվեց Երևանի հենակետային բժշկական քոլեջի մանկաբարձության ամբիոնի 26 ուսանողների համար:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիոն թիմը շարունակում է իր աշխատանքները՝ ազդելով պետական քաղաքականությունների, օրենսդրության վրա՝ դարձնելով դրանք գենդերազգայուն և ներառական կանանց տարբեր խմբերի համար: Այս ամիսներին ունեցանք մի շարք նախաձեռնություններ պետական գերատեսչությունների հետ:

Աշխատանքային իրավունքների ուղղությամբ իրականացրինք «Կանանց նկատմամբ գենդերային խտրականության դրսևորումները աշխատանքային հարաբերություններում Հայաստանում» հետազոտությունը: Ոլորտում այլ կազմակերպությունների ջանքերը համախմբելու համար ունեցանք թվով 15 իրավապաշտպան կառույցների հարթակ, որը կզբաղվի կանանց աշխատանքային իրավունքների շուրջ ադվոկացիայով: Այս նախաձեռնությունները հնարավոր եղավ իրագործել Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Կանանց սեռական և վերարտադրողական իրավունքների խթանման ուղղությամբ առաջարկներ ներկայացրինք, ինչպես նաև հանդիպումներ ունեցանք ՀՀ ազգային ժողովի պատգամավորների հետ, որի նպատակն էր քննարկել «ՀՀ մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները պատգամավորների կողմից: Արդյունքում, հուլիսի 12-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց վերոնշյալ օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ի թիվս այլ կարգավորումների թույլ է տալիս կանանց իրականացնել դեղորայքային աբորտ արտահիվանդանոցային պայմաններում մինչև հղիության 8 շաբաթը: Այս փոփոխությունը կարևոր առաջընթաց է կանանց վերարտադրողական իրավունքների առաջխաղացման համար:

«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի խթանման ուղղությամբ շարունակում ենք մեր խորհրդատվական հանդիպումները մարզային և գյուղական բնակավայրերում աշխատող կանանց կազմակերպությունների հետ: Վերջին ամիսներին ձևավորել ենք 22 կազմակերպությունների ցանց, որի հետ քննարկում ենք ճգնաժամերի ժամանակ ծառայությունների մատուցման համակարգային խնդիրներն ու կանանց կազմակերպությունների դերը, ինչպես նաև օրակարգի խթանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը:
Այս տարի մասնակցեցինք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68): Հանձնաժողովի ամենամյա նիստը գենդերային hավասարության և կանանց ու աղջիկների հզորացման վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամեծ գլոբալ հավաքն է: #CSW68-ի խորագիրն էր «Ավելի արագ հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց ու աղջիկներին՝ հասցեագրելով աղքատությունը»:

Այս ամիսներին ունեցել ենք նաև մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների կողմից Հայաստանին ուղղված առաջարկների մշտադիտարկման ուղղությամբ, մասնավորապես՝ ներգրավվելով ՀՀ-ում գործող դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակությանը և պետական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին:

2024-ին շարունակվել է դրամաշնորհների տրամադրումը 3 հիմնական գործընկեր կազմակերպություններին: 2023թ․ ավարտին հայտարարվեց ենթադրամաշնորհային ծրագրերի կանչ: Արդյունքում 2024-ին 7 կազմակերպություն ընտրվեց Արցախից բռնի տեղահանված կանանց շրջանակում իրականացնելու տնտեսական զորեղացման ծրագրեր, 7-ը՝ սոցիալ-հոգեբանական ադապտացման ծրագրեր, և ևս 7 կազմակերպություն ընտրվեց իրականացնելու ավելի երակարատև ծրագրեր, որոնք ներառում են երկու բաղադրիչներն էլ: Ծրագրերից օգտվել են շուրջ 900 շահառուներ:

Հուլիսի 1-ին տեղի ունեցած Ժողովրդավարության հայկական ֆորումի մեկնարկային պանելային քննարկմանը՝ նվիրված մարդու իրավունքներին, մասնակցեց նաև ԿՌԿ համահիմնադիր Լարա Ահարոնեանը: Ելույթը դիտել կարող եք այստեղ:

ԿՌԿ հոգեբանները նշված շրջանում անցկացրել են «Անձնային աճ» խորագրով խմբային թերապիաների շարք երկու տարբեր խմբերի հետ՝ յուրաքանչյուրը 9-ական հանդիպումով, իսկ ևս 14 անձի տրամադրվել է անհատական հոգեբանական խորհրդատվություն:

Այս կիսամյակում  մեր անվճար իրավաբանական խորհրդատվության ծառայության համարին ստացել ենք 172 զանգ, իսկ տեղում խորհրդատվություն տրամադրել 11 այցելուի։  

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Գենդերային բռնությունը մեր շուրջը․ խոսենք անկեղծ

Գենդերային բռնության դեմ պայքարը՝ հասարակության պատասխանատվությունը | 16-օրյակի էսսե

Հետքերը | 16-օրյակի էսսե

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։