Շրջափակումը տան ներսից. արցախցի կանանց հայացքը

Սույն հոդվածը պատրաստվել է Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից իրականացվող «Կանանց իրավունքների եռօրյա դասընթացի» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում: Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և անպայման չէ, որ ներկայացնեն Շվեդիայի կառավարության կամ Կանանց ռեսուրսային կենտրոնի տեսակետները:

.

Հեղինակ՝ Աննա Գասպարյան

Պաստառների հեղինակ՝ Ալիսա Գասպարյան

.

Ցանկացած պատերազմական, քաղաքական լարված իրավիճակում տան գործերը՝ սնունդ պատրաստելը, լվացք անելը, ինչպես նաև մանուկների և ծերերի մասին հոգ տանելը դառնում են առանցքային խնդիրներ՝ կանանց ուսերին: 2022 թ․-ի դեկտեմբերից մինչև 2023 թ․-ի սեպտեմբերի Արցախի շրջափակման ժամանակ այդ գործերը դարձան գոյատևման հիմնախնդիրներ: Առաջին անհրաժեշտության պարագաների բացակայությունը նոր հարց բերեց կանանց կյանք. սնունդը նախքան պատրաստելը պետք է հայթհայթվեր: Թամարան, Նաիրան և Լաուրան այս ընթացքը նկարագրում են ավելի շատ որպես համայնքային աշխատանքի և ուժի արդյունք, քան անհատական մեկուսացված պայքար: Նման համախմբված աշխատանքը և՛ թեթևացրել է կանանց հոգսերը, և՛ սփոփել ու հագեցրել իրենց առօրյան:

Թամարա, 63 տ․ 

Թամարան՝ Ասկերանի փոքրիկ գյուղում միայնակ ապրելով, այգի պահելով կարողանում էր ապահովել թե ինքն իրեն, թե Ստեփանակերտում ապրող իր հարազատներին: Աշխատում, փոխանակվում էին մթերքով, հիգիենայի պարագաներով, դեղեռով՝ գյուղացիների հետ միասին: «Գյուղացիները չէին թողնի, որ թեկուզ մեկը սոված մնա», ասում է նա: Վարած բանջարեղենները, սեփական ցորենից ստացած ալյուրը բաժանում էին բոլորին՝ ով ինչ և ինչքան կարող էր: Հնարավորության դեպքում սնունդն ուղարկում էին նաև քաղաք, սակայն, տրանսպորտի բացակայության պատճառով, միշտ չէ, որ ստացվում էր: Թամարան հիշում է մի դրվագ, երբ գյուղապետի բաժանած ալյուրով ինքը և գյուղացի մի կին, երկուսով 200 հաց են թխել, բաժանել քաղաքացիներին: Իսկ երբ աղը վերջացավ, հողի աղն էին երկար, որ դառնար սպիտակ, կերակրի աղ:

Ինչքան էլ գյուղատնտեսության շնորհիվ սննդի հարցն ավելի թեթև էր գյուղերում, սակայն հիգիենայի պարագաներ, դեղեր և բուժում ստանալու խնդիրները չէին պակասում: Թամարան հիշում է, որ լվացքի հեղուկ և օճառ ստանալու համար մոխիր էին եփում, քամում ջուրը և օգտագործում: Երբեմն լվացք էին անում ատամի մածուկով: Նա պատմում է, թե ոնց էր հարևանին օճառ տալիս՝ ամեն օր քիչ քանակությամբ՝ «ոչ թե ագահությունից, այլ որ վաղն էլ ունենամ տալու: Եթե մեծ քանակությամբ տայի, միանգամից ամբողջը կվերջանար» ասում է Թամարան: Իսկ հիվանդ հարևաններին փորձում էին օգնել մեղրով, դեղերով, սակայն շատերին պետք էր բուժման համար հասնել քաղաք: Բայց տրանսպորտի խնդրի պատճառով շատերը չէին հասնում և մահանում էին գյուղում: Նույն խնդրի պատճառով էլ չէին կարողանում հասնել գերեզմանատներ, «մի փոս էինք փորում գյուղում, տենց էլ ճանապարհում», հիշում է Թամարան, «չկարողացանք դուրս գալուց առաջ հրաժեշտ տալ գերեզմաններում մեր հարազատներին»: 

Թամարան ապրել է մենակ, իր առօրյան կազմակերպել է այնպես, ինչպես իրեն հարմար է գտել: Իսկ Հայաստանում ստիպված է ապրել աղջկա ընտանիքի հետ, քանի որ թոշակի անբավարարությունը անհնար է դարձնում առանձին ապրելը: Անհարմար է զգում, դժվարանում է խոսել, արտահայտվել: Իսկ մեծ ընտանիքում կանանց տարբեր պատկերացումները տան գործերի մասին առաջացնում է ավել լարվածություն և ճնշվածություն, ազդում է հոգեկան վիճակի վրա: «Դժվար է միայնակ ապրած մարդու համար ինտեգրվել մեծ ընտանիքում», ասում է Թամարան, «ամեն մարդու ձեռագիր ուրիշ է»:

Նաիրա, 63 տ․ 

Նաիրան՝ Ստեփանակերտից, նույնպես հիշում է կանանց համայնքային աշխատանքը՝ որպես շրջափակման օրերը հաղթահարելու կարևոր կետ: 

Վաճառքում հացի վերջանալուց հետո պետք էր ինքնուրույն սարքել: Ալյուրի քչության պատճառով, սև ալյուրը խառնում էին սպիտակի հետ, մաղում և «ինչ-որ հաց ստանում»: Թխելու ընթացքը ամենադժվարն էր, քանի որ գազ չկար, լույսը սահմանափակ ժամով էր: Նաիրան նկարագրում է, թե ինչպես էին փայտե վառարանը դրել շքամուտքում, շենքի բոլոր կանանցով հաց թխելու համար՝ մեծերը օգնելով և սովորացնելով երիտասարդներին: Վառարանը մեկն էր 9 հարկանի շենքի համար: Այդ պատճառով պլանավորում էին, գրաֆիկ կազմում, թե ով երբ էր գալու և ինչով էր օգնելու․ մեկը փայտով վառում էր վառարանը, մյուսը պատրաստում էր խմորը, երրորդը հետևում էր թխելուն, իսկ չորրորդը կողքից ջուր էր եռացնոմ, հարևանին թեյ հյուրասիրում:

Շարունակելով Թամարայի պատմությունները, Նաիրան հիշում է, թե ինչպես էին մանկապարտեզում, որտեղ նա աշխատում էր, օգնություն ստանում գյուղացիներից՝ բանջարեղենի և մրգերի տեսքով: Իսկ աշխատանքի հասնելը մեկ այլ մեծ խնդիր էր: Տրանսպորտի բացակայության պատճառով ստիպված էր ոտքով երկար ճանապարհը գնալ՝ առողջական խնդիրներ ունենալով և դժվար քայլելով: Քայլելուց նստում էր ամեն պատահած նստարանին, վերհիշում և պլանավորում, թե հաջորդը որտեղ է նստելու: «Էնքան էլ լավ օր էր՝ արևը, քամին, ծառերի խշշոցը: Էնքան լավ էի ինձ զգում: Նստած նայում էի երկնքին,» հիշում է Նաիրան, «Մոտեցավ մի կին: Ասեցի՝ արի, նստի, ասեց՝ վայելում եմ մեր քաղաքը (ասես գիտեր)»: 

Նաիրան շեշտում է, որ նույնիսկ ծանր իրավիճակում մարդկային գործոնը աշխատում և սփոսում էր: Մեկը մյուսին օգնելը նպաստում էր, որ իրենց լավ զգային: «Շրջապատը դառնում է առողջ՝ չնայած էմոցիոնալ լարվածության,» ասում է Նաիրան:

Լաուրա, 71 տ․ 

Լաուրան՝ նույնպես Ստեփանակերտից, նկատում է, թե ինչպես է շրջափակումը կանանց դարձրել հնարամիտ, քանի որ սննդի բացակայության պատճառով նոր միջոցներ էին փնտրում դրանք ստանալու՝ ավազից սպիտակ աղ պատրաստել, սիսեռը բովելով՝ սուրճի թեթև բուրմունք ստանալ և ոգևորվել դրանով:
Լաուրան նաև պատմում է, թե ինչպես էր սննդի պատահական մատակարարումը խառնվում առօրյային: «Հոդված գրելս թողնում էի, որ գնամ հաց առնեմ», ասում է նա, «իսկ երբ աշխատավայրում էին բերում կաթնամթերք բաժանում, գործը թողած՝ օֆիսը դառնում էր կաթի հերթ»: Այսպես աշխատանքը և տան գործերը միաձուլվում էին, կանգնում մի գծի վրա՝ առանց տարանջատման: Շատ դեպքերում կանայք՝ երեխաների հետ միասին գիշերները հերթեր էին կանգնում կտրոնով հացի համար:  Լաուրան նշում է, որ այս վիճակը ստիպել է մտահոգվել ամեն ինչի համար միաժամանակ․ ի՞նչ պետք է սարքեն ուտելու, ինչպե՞ս պետք է սարքեն, ո՞նց համատեղեն աշխատանքային ժամերի հետ: 

Այս երեք փորձառությունները դրվագներ են Արցախի շրջափակման ժամանակ կանանց կյանքի, կենցաղի, աշխատանքի, դժվարությունների և համախմբվածության մասին: Դրանք ոչ միայն խոսում են մարդկանց վերապրած զգացողությունների ու հույզերի մասին, այլև ակամայից օգնում են արժևորել  մեխանիկացված առօրյան` թեկուզ ատամ լվանալը կամ նախաճաշելը։ Անհնար է ստանալ համապարփակ պատկեր, որը կներկայացնի կանանց փորձառություններն այդ շրջանում, քանի որ նույնիսկ մեկ կնոջ փորձը շատ բազմազան և բարդ է: Բայց, հառելով պատմություններից մի քանիսին, կարող ենք սկսել լուսաբանել և բարձրաձայնել այդ իրականության մասին:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Սոցմեդիա կամավորություն Կանանց ռեսուրսային կենտրոնում

Հայտարարություն Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքի վերաբերյալ

Կանանց իրավունքների մասին երկխոսություն քաղաքական ուժերի հետ. շարքի #1 հանդիպում

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։