Տաթևիկ Աղաբեկյան
Սեռական բռնությունը ցանկացած սեռական գործողությունն է կամ դրա փորձը, անցանկալի սեռական մեկնաբանությունը, առաջարկը, որն ուղղված է անձի սեռականությանը։ Այն կարող է իրականացվել հարկադրանքի, մանիպուլյացիայի կամ սպառնալիքի միջոցով: Սեռական հարաբերության եւ սեռական բռնության տարանջատման հարցում շատ կարեւոր է դիտարկել «համաձայնություն» եզրույթն ու դրա գիտակցումը։
Մասնագիտական գրականության մեջ «սեռական բռնությունը» բնութագրվում է որպես գենդերային հիմքով բռնության տեսակ եւ ունի ուժի ու իշխանության հաստատման կամ ամրապնդման նպատակ:
Սեռական բռնության բոլոր դրսեւորումները հիմնականում լինում են ծանոթ մարդկանց կողմից՝ զուգընկեր, ընկեր, ընտանիքի անդամ, հարեւան եւ այլք: Ցավոք, սեռական բռնությունից ապահովագրված չէ ոչ ոք, եւ այն կարող է կատարվել անձի հետ՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, գենդերային պատկանելությունից, կրոնից, կրթական, սոցիալական, ամուսնական կարգավիճակից եւ այլ առանձնահատկություններից:
Սեռական բռնության դրսեւորումներն ընդհանուր առմամբ բաժանում են երկու հիմնական տեսակների՝ բռնաբարություն եւ սեռական ոտնձգություն, սակայն կան մի քանի այլ դրսևորումներ, որոնք առանձին են դիտարկվում:
Քննարկենք այդ դրսեւորումներն առանձին։
Բռնաբարություն
Բռնաբարությունն առանց համաձայնության վագինալ, անալ, օրալ ճանապարհով ներթափանցումն է առնանդամի, մարմնի այլ մասի կամ որեւէ օբյեկտի միջոցով: Այն, ինչպես սեռական բռնության մյուս դրսեւորումները, կարող է տեղի ունենալ անծանոթի կամ ծանոթի կողմից՝ անկախ հարաբերությունների բնույթից:
Առանձնացնում ենք ամուսնական բռնաբարությունը, որն ամուսինների կամ զուգընկերների միջեւ տեղի ունեցած բռնաբարությունն է: Այն սեռական գործողությունն է զուգընկերոջ (կնոջ) կամքին հակառակ եւ ունենում է հետեւյալ ձեւերը` խորամանկությամբ կամ մանիպուլյացիայի միջոցով ստանալ չգիտակցված թույլտվություն կամ ստիպել զուգընկերոջը մասնակցել այնպիսի գործողությունների, որոնք նա համարում է անընդունելի, կամ դաժան սեռական հարձակումներ ծեծի, ցավ պատճառող այլ գործողությունների ուղեկցությամբ:
Սեռական ոտնձգություններ
Սեռական ոտնձգության հիմական բաղկացուցիչ մասը դրա նպատակայի և տևական լինելն է: Կարող է ունենալ ինչպես վերբալ, այնպես էլ ոչ վերբալ բնույթ:
Սեռական ոտնձգության տեսակ են համարվում.
- ստիպողական ձեռնաշարժությունը՝ մաստուրբացիան, երբ բռնարարը անձին ստիպում է ձեռնաշարժություն անել, կամ երբ ինքն է անում,
- սեռական բնույթի տեսահոլովակների պարտադրաբար ցուցադրումը կամ հոլովակի նկարահանման մեջ ներգրավումը՝ բռնի կամ առանց անձի իմացության կամ գիտակցման,
- սեռական օրգանների ցուցադրում հասարակական վայրերում,
- անցանկալի հպումներ- սեռական օրգանների հպում մյուս անձի մարմնի տարբեր մասերին,
- գաղտնի հետեւում, դիտում, օրինակ՝ շորերը փոխելիս, լողանալիս
- սեռական բնույթի առաջարկների կամ հաճոյախոսությունների հնչեցումը այն պարագայում, երբ հարաբերությունների բնույթը դա չի ենթադրում,
- սեռական բնույթի հայհոյանքները:
Միֆեր եւ կարծրատիպեր սեռական բռնության մասին
Հասարակության մեջ սեռական բռնության, բռնության ենթարկված անձի եւ բռնարարի վերաբերյալ կան բազում թյուր, բայց կարծրացած մտքեր ու կարծիքներ, որոնք իրականության հետ կարող են ոչ մի կապ չուենալ: Այլ կերպ ասած` դրանք միֆեր են, որոնք առօրյա կյանքում մենք նույնպես հաճախ վերարտադրում ենք:
Միֆերը ոչ միայն խանգարում են մեզ հասկանալ տեղի ունեցող երեւույթները, տեսնել իրական պատկերը, այլեւ նպաստում են բռնարարներին արդարացնելու հարցում եւ հիմք են ստեղծում կատարվածի ողջ պատասխանատվությունը բռնության ենթարկված անձի վրա դնելու համար:
Հաճախ հանդիպող միֆեր
- «Անհնար է սեռական բռնության ենթարկել կնոջը, ով համաձայն չէ»:
Հաճախ այս մտքի առաջացման պատճառը «համաձայնություն» հասկացության վերաբերյալ մեր ոչ ճիշտ ու ոչ ամբողջական պատկերացումն է։ Կարեւոր է հիշել, որ համաձայնությունը կողմերի միջեւ իրավիճակի, գործողության լիարժեք գիտակցումն է, փոխադարձ ցանկության առկայությունն ու վերբալ կամ ոչ վերբալ եղանակով այդ մասին հայտնելը։
- «Իր վարքով հրահրել է բռնարարին»:
Կարեւոր է իմանալ, որ հանդիպման գնալը, կարճ կամ մարմինը ընդգծող հագուստ կրելը, ալկոհոլ օգտագործելը և նմանատիպ այլ գործողությունները չեն նշանակում, որ անձը համաձայն է սեռական հարաբերություն ունենալ։ Ավելին՝ այս կարծրատիպը բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում է բռնության ենթարկված անձի վրա:
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ բռնության է ենթարկվել անչափահասը, ապա համաձայնության մասին խոսելն անգամ անիմաստ է, չնայած հասարակությունը նույն կերպով կարող է վերաբերվել ինչպես չափահաս կնոջը, այնպես էլ դեռահաս աղջկան:
- «Եթե ամբողջ ուժով դիմադրեր, ապա կազատվեր բռնարարից»:
Սեռական բռնության պարագայում հաճախ սխալմամբ կարող ենք ենթադրել, որ եթե բռնության ենթարկված անձը չի դիմադրել, ուրեմն դեմ չի եղել գործողությանը: Կա նաև մեկ այլ մոտեցում, որ եթե չափահաս անձը ցանկանար դիմադրել, ապա կարող էր խուսափել կատարվածին:
Չնայած ընդունված կարծիքին, որ առաջին ռեակցիան նմանատիպ իրավիճակներում պետք է որ լինի «պայքարելը» կամ «փախչելը», ամենատարածված հոգեբանական դրսեւորումը այդ պարագայում հենց «քարացումն» է։ Այս դեպքում անձը ոչ մի գործողություն (հրել, բղավել, հարվածել, վազել, օգնություն կանչել եւ այլն) չի կարողանում կատարել։
Չդիմադրելու մյուս պատճառը բռնության ենթարկվող անձի կյանքի կորստի վախն է. սեռական բռնությունը խաթարում է մարդու անվտանգության եւ ապահովության զգացումը։ Դրանով պայմանավորված՝ բռնության ենթարկվելիս անձը կարող է չդիմադրել, որպեսզի բռնարարը զուգահեռ ֆիզիկական բռնություն չգործադրի իր հանդեպ, ու այդ կերպ ենթադրաբար հնարավոր լինի «խուսափել ավելի վատ» հետեւանքներից:
- «Սեռական բռնությունը հազվադեպ հանդիպող հանցագործություն է»:
Սեռական բռնությունը լատենտային (քողարկված) բնույթ ունի։ Հաճախ բռնության ենթարկված անձինք չեն բարձրաձայնում դրա մասին՝ ունենալով մեղավորության զգացում եւ խուսափելով հասարակության քննադատական վերաբերմունքից: Քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ անձը ենթարկվում է բռնության, սակայն տեղյակ չէ, որ կատարվածը սեռական բռնություն է։
- «Սեռական բռնության դեպքերի մեծ մասը սուտ է»:
Չնայած հասարակության հստակ մեղադրողական վերաբերմունքին սեռական բռնության ենթարկված անձի նկատմամբ՝ հավանականությունը, որ անձը պարզապես սուտ հաղորդում կներկայացնի ոստիկանությունում՝ վրեժ լուծելու, «պատիվը պահելու» կամ այլ նկատառումով, ավելի քիչ է:
- «Սեռական բռնությունը կատարվում է միայն դրսում եւ մութ վայրերում»:
Սեռական բռնություն կարող է կատարվել ցանկացած վայրում եւ օրվա ցանկացած ժամի։ Քանի որ հաճախ բռնարարը ծանոթ անձ է, որպես հանցագործության վայր կարող են ծառայել բռնարարի կամ բռնության ենթարկվող անձի բնակարանը, աշխատավայրը, ընդհանուր վարձակալած տարածքը, մեքենան եւ այլ վայրերը, որտեղ նրանք կարող են գտնվել։
- «Բռնարարը միշտ անծանոթ է եւ չի կարող լինել ընտանիքի անդամ»:
Որպես կանոն՝ բռնարարը լինում է ծանոթ՝ ընտանիքի անդամ, գործընկեր, զուգընկեր, հարեւան, ընտանիքի բարեկամ եւ այլն` անձ, որի հանդեպ բռնության ենթարկվածն ունի վստահություն:
- «Բռնարարներն անկիրթ եւ/կամ սոցիալապես անապահով մարդիկ են»:
Որոշ դեպքերում նշվածը կարող է համապատասխանել իրականությանը, սակայն իրական պատկերը ցույց է տալիս, որ բռնություն են իրականացնում եւ՛ գիտակցության բարձր աստիճան ունեցող, եւ՛ ֆինանսական կայուն վիճակում գտնվող մարդիկ: Այլ խոսքերով՝ տնտեսական կարգավիճակը եւ կրթության աստիճանը որոշիչ հանգամանքներ չեն, քանի որ հաճախ սեռական բռնություն գործադրելը սեռական ցանկություն բավարարելու, իշխանություն հաստատելու, ճնշելու նպատակ ունի:
- «Կինը չի կարող սեռական բռնության ենթարկվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից»:
Քանի որ ընդունված է համարել, որ ամուսինների միջեւ սեռական գործողությունը պարտադիր պայման եւ ամուսնական պարտավորություն է, ամուսնական բռնաբարությունը կամ զուգընկերոջ կողմից բռնաբարությունը լուրջ չի ընկալվում, եւ համարվում է, որ կինն անկախ ցանկությունից պարտավոր է սեռական հարաբերություն ունենալ ամուսնու կամ զուգընկերոջ հետ: Մինչդեռ իրականում ցանկացած սեռական գործողություն պետք է լինի անձի կամքով, հակառակ պարագայում մենք խոսում ենք սեռական բռնության մասին։
Ցավոք, սեռական բռնության վերաբերյալ միֆերը կամ կարծրատիպերը այսքանով չեն սահմանափակվում, դրանք տարբեր են, կան բոլոր հասարակություններում, որոնց մասին բարձրաձայնելն ու դրանց՝ իրականության թյուր կապը շեշտելը կարեւոր է բռնությունից պաշտպանելու եւ բռնության ենթարկված անձին էլ ավելի չզոհականացնելու համար:
Ինչպես աջակցել մտերիմիդ, եթե տեղեկացել ես նրա նկատմամբ սեռական բռնության մասին
Սեռական բռնությունը ծանր փորձառնություն է անձի կյանքում՝ անկախ նրանից, թե երբ է այն տեղի ունեցել: Իհարկե, կատարվածից հետո ոստիկանություն դիմելը լիովին անձի որոշումն է, իսկ եթե վերջինը բռնության հետ կապված անհանգստություններ կամ մտավախություններ ունի, սեռական բռնության ենթարկված անձը կարիք ունի քննարկելու դա մտերիմ եւ վստահելի անձի հետ:
Փաստեր սեռական բռնության մասին, որ ԿԱՐԵՎՈՐ Է իմանալ որպես աջակից.
- Սեռական բռնության համար պատասխանատուն բռնություն կիրառող անձն է, այլ ոչ թե բռնության ենթարկված անձը:
- Սեռական բռնության հետևանքները կարող են տարբեր լինել և անհատական բնույթ են կրում. չկան ճիշտ և սխալ հետևանքներ:
- Սեռական բռնության դեպքերի մեծամասնությունը իրականացվում է ծանոթ կամ հարազատ մարդու կողմից:
- Սեռական բռնության ենթարկված անձը կարող է չդիմադրել բռնության ընթացքում:
- Սեռական բռնության հետևանքով հնարավոր է` ֆիզիկական հետևանքներ չլինեն:
- Սեռական բռնության պարագայում պատճառ չէ անձի կրած հագուստը, արտաքին տեսքը, ալկոհոլ օգտագործած լինելը:
- Անգիտակից վիճակում հնարավոր չէ համաձայնություն տալ սեռական հարաբերության:
- Ժամանակ է պահանջվում որոշում կայացնելու և դիմելու իրավապահ մարմիններին կամ բարձրաձայնելու կատարվածի մասին:
- Տղամարդիկ ևս կարող են սեռական բռնության ենթարկվել:
Կարևոր է որպես աջակից հիշել, որ չկան ճիշտ և սխալ ռեակցիաներ, հույզեր և ապրումներ սեռական բռնության ենթարկվելուց հետո և կարևոր է հիշել, որ գուցե Դուք լինեք միակ մարդը, ում սեռական բռնության ենթարկված անձը պատմում է իր հետ կատարվածի մասին:
Առավել հանդիպող մեղքի զգացման և ամոթի զգացման տեսանկյունից կարևոր է, որ աջակիցը իմանա, որ հաճախ սեռական բռնությունից հետո մեղքի զգացումն ու ամոթի զգացումը դառնում են մի շարք մտքերի պատճառահետևանքային ազդակ, օրինակ՝ պետք է ավելի լավ պաշտպանվեի, իմ մեղքն էր, ես չպիտի գնայի և այլն:
ԱՋԱԿԻՑԸ ՊԵՏՔ Է ՀԻՇԵՑՆԻ, որ սեռական բռնության համար պատասխանատուն բռնություն կիրառած անձն է: Բռնության պահին սեռական բռնության ենթարկված անձի գործողությունները ավտոմատ են եղել, ուղղված ինքնապաշտպանությանը, հետևաբար սեռական բռնության ենթարկված անձն այլ գործողություն չէր կարող անել այդ իրավիճակում:
Առավել հանդիպող հարաբերությունների և ինտիմության խնդիրների վերաբերյալ աջակիցը կարևոր է իմանա, որ սեռական բռնության դեպքից հետո դժվար է վստահել մարդկանց, ինչը կարող է ազդել հարաբերությունների և ինտիմության վրա տարբեր կերպ. որոշ սեռական բռնության ենթարկվածներ զգում են իրենց կեղտոտ, չունեն ցանկություն սեռական հարաբերության կամ ինտիմության որևէ դրսևորման, իսկ որոշ սեռական բռնության ենթարկված անձիք սկսում են տարբեր զուգընկերների հետ չպաշտպանված, անկանոն սեռական հարբերություններ ունենալ: Սեռական հարաբերությունը կարող է բռնության ենթարկված անձի կողմից նույնացվել բռնության հետ. ԲԱՅՑ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԻՇԵԼ, որ սեռական բռնությունը ուժի չարաշահման հանցագործություն է և ոչ սեռականության հիմնախնդիր:
Խորհուրդներ մտերիմների, ընկերների և զուգընկերների համար.
- Լսեք առանց ընդհատումների և քննադատական վերաբերմունքի:
- Ուշադրություն դարձրեք բռնության ենթարկված անձի կարիքներին, պահանջմունքներին, հույզերին:
- Պարբերաբար հիշեցրեք, որ ինքը մեղավոր ՉԷ կատարվածի համար:
- Եղեք համբերատար և հասկացող. վերականգնումը ժամանակ է պահանջում:
- Մի ստիպեք և մի ճնշեք խոսել սեռական բռնության մասին, բայց միևնույն ժամանակ հասանելի եղեք լսելու, երբ ցանկություն ունենա խոսելու Ձեզ հետ:
- Փորձեք խուսափել հարցերից կապված սեռական բռնության դեպքի մանրամասների հետ՝ թե ինչու է դեպքը պատահել, ինչ է ինքը արել սեռական բռնության պահին:
- Փորձեք ասել, որ այս պահին ինքը անվտանգ է:
- Հավատացեք նրա ապրումներին և խոսքերին, թե ինչ է պատահել իր հետ:
- Փորձեք հասկանալ, թե ինչ աջակցության կարիք ունի սեռական բռնության ենթարկված անձը:
- Մի կապեք սեռական բռնության ենթարկված անձի խնդիրները ձեզ հետ. օրինակ, եթե չի ուզում շփվել կամ չի վստահում ձեզ, դա կարող է կապված լինել դեպքի հետ:
- Եթե մտավախություններ ունեք առողջական խնդիրների հետ կապված, ուղղորդեք անձին մասնագիտական աջակցություն ստանալու՝ բժշկական, հոգեբանական կամ համապատասխան կառույց:
- Հոգ տարեք ինքներդ ձեր մասին, սեռական բռնության ենթարկված մտերիմի աջակցությունը բավական ռեսուրսատար է, և Դուք էլ կարիք ունեք ինքնախնամքի: