Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Մեր մտահոգությունները 2025թ. օգոստոսի 8-ի Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ համատեղ հռչակագրի և նախաստորագրված ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերաբերյալ

2025թ. օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Վաշինգտոնում ստորագրեցին «Խաղաղության համատեղ հռչակագիր»: Այնուհետև, 2025թ․ օգոստոսի 11-ին հրապարակվեց նաև «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը: Թեև երկարատև պատերազմի ավարտին ուղղված ցանկացած քայլ ողջունելի է, մենք լուրջ մտահոգություններ ունենք խաղաղության գործընթացի և վերոնշյալ համաձայնագրի պայմանների վերաբերյալ։

ԱՄՆ-ի գերիշխանությունը հարցեր է առաջացնում երկարաժամկետ կայունության մասին

Հռչակագրի առանցքային բաղադրիչը՝ «Թրամփի ուղի» տարանցիկ միջանցքը, որը վերահսկվելու է ԱՄՆ-ի կողմից, ՀՀ կարևոր ենթակառուցվածքները դնում է օտարերկրյա վերահսկողության տակ։ Աշխարհով մեկ՝ Իրաքից մինչև Աֆղանստան և Լիբիա, մենք տեսել ենք, թե ինչպես է ԱՄՆ-ի ռազմավարական ներգրավվածությանը հաճախ հետևում անկայունություն և թուլացած տեղական ինքնիշխանություն։ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Իսրայելին Գազայում տեղի ունեցող ավերիչ պատերազմի ժամանակ է՛լ ավելի է խաթարում նրա հեղինակությունը՝ որպես չեզոք խաղաղարարի։ Այս օրինաչափությունները պետք է ազդանշաններ լինեն Հարավային Կովկասում սույն պայմանավորվածության շրջանակներում կայուն և հավասարակշռված խաղաղություն ակնկալելիս։

Անցումային արդարադատության մեխանիզմները բացակայում են

Համաձայնագրում անդրադարձ չկա այն անձանց կարիքներին, ովքեր  հակամարտությունից առավել շատ են տուժել՝ ներառյալ բռնություն վերապրածները, տեղահանված ընտանիքները և տասնամյակներ շարունակ հակամարտության հետևանքները կրած համայնքները։ Անցյալի հանցագործությունների համար պատասխանատվության կամ հատուցումների սահմանման հստակ մեխանիզմներ  Համաձայնագրով չեն ստեղծվում: Ավելին, Համաձայնագրի XV հոդվածը պարտավորեցնում է կողմերին հրաժարվել արդեն իսկ առկա միջազգային մեխանիզմների կիրառումից: Անցումային արդարության մեխանիզմների բացակայության դեպքում պատերազմի վերքերը մնում են չբուժված, իսկ նոր լարվածության վտանգը՝ բարձր։

Կանանց մասնակցությունն ապահովված չէ

Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Կանայք, խաղաղություն և անվտանգություն N1325 բանաձևի հստակ ուղեցույցներին՝ կանանց մասնակցությունը խաղաղության գործընթացներում ապահովված չէ:  Հայաստանում և Ադրբեջանում կանայք կարևոր դեր են խաղացել հակամարտությունների լուծման և համայնքների վերակառուցման գործում։ Խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներից նրանց բացակայությունը բաց թողնված հնարավորություն է՝ ապահովելու, որ խաղաղությունը լինի ներառական, կայուն և արձագանքի բոլորի կարիքներին։

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Իսկապես կայուն խաղաղությունը պահանջում է ավելին, քան պարզապես մարտերի բացակայությունը։ Այն պահանջում է գործընթացներ, որոնց կենտրոնում են տուժողների ձայները, ներառում են կանանց յուրաքանչյուր մակարդակում և անդրադառնում են հակամարտության հիմնական պատճառներին։ Որպես ֆեմինիստական հասարակական կազմակերպություն՝ մենք կարևորում ենք, որ լսելի լինեն սահմանամերձ շրջաններում, հատկապես Սյունիքում բնակվող կանանց ձայները, որոնք խաղաղության թե՛ ռիսկերի, և թե՛ հնարավորությունների առաջնագծում են։ Մենք կշարունակենք մեր քննարկումներն այդ շրջանների կանանց և մեր գործընկերների հետ՝ ապահովելու, որ նրանց տեսակետները ներկայացվեն ազգային և միջազգային քննարկումներում։

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին մինչև պայմանագրի վավերացումը բանակցել անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման ուղղությամբ և քայլեր ձեռնարկել կառուցելու կայուն խաղաղություն, որի կենտրոնում կլինեն ապաքինումը, արդարությունը և ընդհանուր անվտանգությունը:

Կանանց ռեսուրսային կենտրոն, 14.08.2025

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Հայտնի են Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհների բաց կանչի արդյունքները

Աղջիկները խոսում են. 2026

Բաց կանչի արդյունքները հայտնի են

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։