Երբ հաղթանակները տեղային են, իսկ պարտությունները` համամարդկային | 16-օրյակի էսսե

Հետևյալ էսսեն ընտրվել է գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակին ընդառաջ հայտարարված թեմատիկ էսսեների բաց կանչի «ակտիվիստական» անվանակարգում: Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն Կանանց ռեսուրսային կենտրոնի կամ KVINFO-ի տեսակետների հետ:

Հեղինակ՝ Սոնա Զայանյան

Երբ հաղթանակները տեղային են, իսկ պարտություններըհամամարդկային Մեզ ասում են ֆեմինիզմը հաղթանակած է: Պնդում են, թե կանայք երբեք չեն եղել ավելի ազատ, իսկ նրանց ձայնըայսքան լսելի: Բայց երբեմնի ապստամբ ֆեմինիստական շարժումը դարձել է մարքեթինգային ներկայացում ապահով զեկույցների ու սուրճի ընդմիջումների միջեւ: Իսկ իրականությունը մնում է նույնը. կանայք աշխարհի դեմ են հանուն ապրելու անձեռնմխելի իրավունքի: Այն հիշեցնում է, որ հաճախ հաղթանակները տեղային են, իսկ պարտությունները համամարդկային, ինչպես այն դեպքում, երբ Աֆղանստան վերադարձան թալիբները, ու ֆեմինիզմը նորից պարտվեց: Միլիոնավոր կանայք հագան բուրքա ու ստվերվեց նրանց լինելիության իրավունքը: Իսկ ինչ արձագանք ստացավ այդ անմարդկային հեղաշրջումը. մի քանի աղեկտուր գրառում, հետոլռություն: Հեշթեգների տեսանելիությունը նվազեց, թեմայի արդիականությունը մոռացվեց: Ու մենք անցանք ավելի ապահով թեմաների: Հեշտ է կրել ֆեմինիզմը որպես կարգախոս, ավելի ծանր է դրանով առաջնորդվելը առանց հետին պլան ունենալու մահին ընդառաջ:

Վերադառնանք Հայաստան, մեր օրեր: Վերջերս երիտասարդ մի կին էր փախել Չեչնիայից, որտեղ իր ամուսնու կողմից ենթարկվել էր բռնության ու հալածանքների: Այստեղ էր պատկերացրել իր փրկությունը: Մինչդեռ հենց այստեղ էլ սպանվեց դաժանագույն ձեւով: Մեր լռությունն ու անգործությունը պարտվեց կյանքին: Ֆեմինիստների մեր հասարակությունը, որ բարձրահունչ տոնում է ուժեղ կանանց շարժումը, չգիտի ինչպես օգնել թույլին: Մենք դատապարտեցինք երկտողովայլեւս երբեք: Իսկ ես հրաժարվում եմ կրել ֆեմինիզմը որպես զարդ ու հանել այն, երբ չի սազում հագուստիս հետ: Այն պետք է լինի պայքար, որը չունի ավարտ եւ կեսճանապարհից հետ դառնալու իրավունք նույնպես:

Պատերազմը, որ տեղի ունեցավ հինգ տարի առաջ, նոր դաս էր մեզ համար: Արցախից կանանց հոսքը անվերջանալի էր: Մենք մեր հայրենակիցներին գրկաբաց ընդունեցինք, իրազեկեցինք աշխարհին նրանց պատմությունների մասին: Իսկ հետո կարեկցանքի վաղեմության ժամկետը լրացավ, ու անտեսանելի դարձան նրանց լուռ տառապանքները: Թեթևություն է պարգևում արդարացումը, որ կյանքը պիտի շարունակվի, բայց այդ շարունակության մեջ մենք հաճախ զոհաբերում ենք մեր մարդասիրությունը։

Ցավը իրական ուժով է հարվածում, երբ հասարակական պայքարը վերածվում է անձնական փորձառության: Ես ապագա բժիշկ եմ եւ ամեն օր եմ տեսնում բժշկական ոլորտում մեր ձախողումը: «Եթե բժիշկ, ապա տղամարդ: Ես նախընտրում եմ միայն տղամարդ մասնագետների»: Ովքեր են այս կարծիքն արտահայտումկանայք: Կանանց հանդեպ մեր իսկ անվստահությունը, սեռով պայմանավորված թյուր կարծիքը կոտրում է կին բժիշկներին: Երբ այս մարդասիրական գիտությունը կանանց վերաբերվում է որպես անկոչ հյուրի, դադարում է ծառայել իր նպատակին:

Ժամանակակից ֆեմինիզմին հատուկ է սելեկտիվությունը: Մենք տոնում ենք մեր պայքարի առաջընթացը, բայց անգամ մեր մեջ դնում ենք խտրականություն չափից շատ քաղաքական, ներգաղթած, օտար կանանց միջեւ: Հեշտությամբ ենք կոչ անում պայքարել վերացական պատրիարխիայի դեմ, սակայն դժվարանում ենք, երբ այն հարազատի կերպարանք է ստանում մեր տանը կամ աշխատավայրում: Մենք խնդիրների մասին խոսելիս առաջնահերթում ենք ֆիզիկական բռնությունը, բայց այն միշտ չէ, որ արյունազեղումներով հետք է թողնում: Այն ներկայանում է լավագույն հանցագործի պես ու խուսափում նշաններից: Այն ճնշում է, ծաղրում, վախեցնում ու լռեցնում զոհին: Այն դաժան է, նախընտրում է դանդաղ սպանել փախստականների կացարաններում, օնլայն մեկնաբաննություններում, մասնագիտական ոլորտում. տարածքներ, որտեղ կինը ապահով պետք է զգար իրեն: Եւ երբ մենք առճակատումից խուսափում ենք, ինչ-որ մի տեղ մահանում է մեր պայքարը:

Ճշմարիտ ֆեմինիզմը ուրախության մասին չէ, այն հարմարավետ գոտիների սահմաններից ազատվելն է: Քանզի չի կարող լինել ուրախություն, երբ կինը օղակվում է լիբերալիզմի կարգախոսով: Ֆեմինիզմը պետք է լինի կոշտկոկորդին կանգնած: Պետք է անհարմար լինի, սեղմի ու ցավեցնի, պատռի վարագույրներն ու ճանապարհ հարթի: Պետք է սառնասրտորեն պահանջի ու չսպասի հոտնկայս ծափահարությունների: Այն պետք է հեղաշրջում լինի մեր մտքում, ապա նոր պրոյեկտվի իրականության մեջ այն մտքի պես, որ աղավնու նման է գալիս ու աշխարհը տիրում:

Հ.Գ. Եթե կարդալիս իմ մտքերը անհանգստություն ու տհաճ զգացողություններ պատճառեցին ու հակադրվելու ցանկություն, ուրեմն ես իմ նպատակին հասել եմ:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Գենդերային բռնության դեմ պայքարը՝ հասարակության պատասխանատվությունը | 16-օրյակի էսսե

Հետքերը | 16-օրյակի էսսե

Անվճար թեժ գծեր կանանց համար

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։