Եթե նայենք թվերով և ֆորմալ ժամանակագրությամբ, ապա իմ ակտիվիստական ճանապարհը սկսել է ավելի քան տասնհինգ տարի առաջ Հրազդան քաղաքում որպես երիտասարդ ֆեմինիստ և բնապահպան, երբ չհասկացա բնակավայրի կենտրոնում երկաթի բաց հանքի շահագործման գաղափարը։ Ճիշտ է՝ այդ ժամանակ շատ բան դեռ չգիտեի բնապահպանական խնդիրների, հանքարդյունաբերության մասին, բայց անարդարության զգացումը խեղդում էր կոկորդս, աբսուրդն անբացատրելի էր թվում։
Իսկ եթե ավելի ետ գնանք ու մտածենք, թե ինչպես ստացվեց, որ ես այսպիսին եմ՝ պայքարող, անկաշկանդ սոցիալական էակ, ինչպես կասեն գործընկերներս` չսպառվող էներգիայով էակ մը, ապա կասեմ, որ դեռ չծնված էի այսպիսին, երբ որոշվում էր, որ պիտի լինե՞մ, թե՞ չլինեմ. ես որոշեցի լինել ու ասել դրա մասին։
Եթե հարցնեն՝ որոնք են մանկությանս ամենավաղ հիշողությունները, ապա չեմ կարող պատմել արքայադստրիկների համար նախատեսված վարդագույն պատմություններ, ցավոք, կհիշեմ հրադադարի առաջին օրը զոհված մեր հարևան Արտաշեսի թաղման թափորը, որովհետև պատերազմը բոլոր չարիքներից ամենաչարն է, վաղ հասակից դիետաներ սկսելը, որովհետև ես աղջիկ եմ, տարբերությունները իմ և եղբորս միջև, որովհետև ես կրկին աղջիկ եմ, համատարած չունևորությունը և խեղճությունը, որ տեսնում էի շուրջս, բայց ֆիլմերում մեկ այլ բան, որովհետև մենք չէինք ծնվել «ճիշտ տեղում և ճիշտ ժամանակ»․ այդպիսին է աշխարհը։ Այս ամենը ինձ հանգիստ չէր տալիս, փոքրիկ հոգիս ալեկոծված էր միշտ, որովհետև ես ունեի շատ հարցեր, որոնց պատասխանները չկային, չէի ստանում։ Այս ամենը, կարծում եմ, ստեղծեց այն Նարեին, որ կա այսօր։ Չեմ ուզում ասել, թե դժվարություններն են դարձրել ինձ այսպիսին, ո՛չ, այլ այն, որ ի սկզբանե տեսել եմ ու հասկացել կյանքը այնպիսին, ինչպիսին կա, ու փորձել փոխել այս իրականությունը ինչ-որ քայլերով։ Սա է կանանց առաքելությունը այսօր և եղել է միշտ, այո՛, հենց կանանց առաքելությունն է փոխել աշխարհը ու դարձնել ավելի սիրուն բոլորի համար, որովհետև եղած իրականություններում այն միայն հաճելի է տղամարդկանց համար։
2018 թվականին՝ «հեղափոխական ժամանակաշրջանում», միացա մի քաղաքական շարժման, որը հետագայում դարձավ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ Դա ինձ համար քաղաքական որոշում չէր, այլ շարժման տրամաբանական շարունակություն էր։ Ես հավատում էի, որ քաղաքական կուսակցության մեջ լինելով ավելի արագ կարող ես հասնել ցանկալի փոփոխություննների, սակայն տեսա հակառակ պատկերը, որ շատ ավելի դժվար է և ավելի դժվար հենց կանանց համար, և նման տղամարդակենտրոն միջավայրերում մենք ավելի չհասկացված ենք, քան որևէ այլ տեղ։
Այս փորձն օգնեց ավելի հստակ գիտակցել՝ ուր եմ գնում, ինչ միջոցներով և ինչ ուղղությամբ, որոնք են այն սկզբունքները, որոնք ոչ մի դեպքում չպետք է հատվեն։ Հասկացա, որ քաղաքականությունը պետք է սկսվի համայնքներից՝ այն մարդկանց կողմից, որոնք ճանաչում են խնդիրները և ուզում են լուծել դրանք, հասկացա, որ համայնքային իմ աշխատանքով լավագույնս կհասցեագրեմ խնդիրները ու լուծումներ կտամ:
Համայնքների մոբիլիզացումը սկսում է առաջին հերթին վստահությունից, լսելու և պատրաստակամության կարողությունից։ Այն վերևից պարտադրելու մասին չէ, այլ ներքևից սնուցվելու։ Ես միշտ նախընտրել եմ աշխատել հարթ, հարգանքով, հետևողականությամբ և հոգատարությամբ։ Սա է միակ ճանապարհը համայնքում փոփոխություն բերելու։ Երբ կանայք ներգրավվում են որոշումների կայացման գործընթացում, քաղաքականությունը դառնում է ավելի սոցիալապես պատասխանատու և հոգատար։
Այսօր, երբ բախվում ենք քաղաքական, սոցիալական և բնապահպանական խնդիրների, պետք է հիշենք՝ համայնքները պասիվ չեն։ Նրանք դիմադրության և փոփոխության հիմնական ուժն են։ Մոբիլիզացնել դրանք՝ այսօրվա օրակարգն է։ Եվ այդ գործընթացում կանայք պետք է լինեն առաջատար։
Leave a Reply