Քաղ․հասարակությունը կառավարության փոխարինիչը չէ

Home / Առանց բաժնի @hy / Քաղ․հասարակությունը կառավարության փոխարինիչը չէ
Քաղ․հասարակությունը կառավարության փոխարինիչը չէ

Վերջին շրջանում շատ ենք լսում կառավարության կողմից մեղադրանք հասարակական կազմակերպություններին ու ակնկալիք նրանցից հատկապես հանրակրթության, իրազեկվածության բարձրացման և համայնքային աջակցության հարցերում: Այս միտումը ոչ միայն ապակայունացնող է, այլև քաղաքականապես վտանգավոր: Որպես ֆեմինիստական կազմակերպություն՝ մեր պարտքն ենք համարում հիշեցնել, որ քաղաքացիական հասարակությունը կառավարությանը փոխարինելու ու նրա գործն անելու համար չէ: Ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակությունը միայն հասարակական կազմակերպությունները չեն, որոնց շատ հաճախ ուղղվում է սլաքը։ Քաղ․հասարակություն են նաև արհմիությունները, մասնագիտական խմբերը, տարբեր նախաձեռնությունները, ակադեմիական շրջանակները, մշակութային գործիչները, համայնքային ակտիվիստներ և այլ ոչ պետական դերակատարներ։ 

Սրանք բոլորը իրենց գործունեությամբ ազդում են քաղաքականության, արժեքների և օրակարգերի վրա։ Երբ կառավարությունը քաղաքացիական հասարակությունը սահմանափակում է միայն ՀԿ-ներով, դրանով սահմանափակում է նաև հասարակական մասնակցության և քննադատության լայն հնարավորությունները։ Քաղաքացիական հասարակությունը բազմազան է և ինքնակազմակերպվող։ Այն գոյություն ունի անկախ պետությունից՝ որպես ժողովրդավարության հենասյուն։ Նրա դերը վերահսկելն է կառավարության գործողություններն ու աշխատանքը, առաջարկներ անելը, բողոքելը և պահանջելը, ոչ թե պետական կառույցների տեղը զբաղեցնելը:

Ժողովրդավարական հասարակություններում քաղ․հասարակությունները մեծ դեր ունեն: Դրանք պաշտպանում են արդարությունը, աջակցում մարգինալացված/համակարգայնորեն անտեսված համայնքներին, վերահսկում մարդու իրավունքները և աշխատում առկա վնասակար քաղաքականությունները փոխելու ուղղությամբ։ Մեր աշխատանքը հաճախ արձագանքում է պետական ​​հաստատությունների ձախողումներին և բացթողումներին։ Սակայն դա չի նշանակում, որ մենք այստեղ ենք կառավարության աշխատանքը անելու համար: Մենք միջամտում ենք, որովհետև պարտավոր ենք, այլ ոչ թե որովհետև մեզ վրա է պետության ամբողջ գործառույթը: 

Հանրությանը կրթելը, առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելը, աշխատողների իրավունքները պաշտպանելը, ընտանիքում, աշխատավայրում և այլուր բռնությունը կանխարգելելը ՊԵՏՈՒԹՅԱՆ պարտականությունն է: Երբ կառավարությունը պատշաճ կերպով ուշադրություն չի դարձնում այս ոլորտներին և ակնկալում է, որ քաղ․հասարակությունը պիտի լրացնի այդ բացը, դրանով հրաժարվում է իր պարտականությունից: Ու խոսքը այստեղ պետություն-քաղ․հասարակություն համագործակցության մասին չէ, այլ պետության պարտականությունները քաղ․հասարակության վրա բարդելն է՝ առանց համապատասխան ռեսուրսների, օրինականության ու իշխելու/որոշում կայացնելու ուժի:

Քաղ․հասարակությունը ու հատկապես ֆեմինիստական կազմակերպությունները շատ հաճախ աշխատում են շատ փոքր աշխատակազմով, սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով և առանց հասանելիության պետական ​​ենթակառուցվածքներին։ Այնուամենայնիվ, մեզանից ակնկալվում է անցկացնել արշավներ, կրթել համայնքներին և մատուցել ծառայություններ, որոնք պետական ​​հաստատությունները պետք է երաշխավորեն։ Սրանով պետությունը ոչ թե մեր արժեքն է բարձր գնահատում, այլ հաշվետվողականությունից խուսափում: Իսկ դա բերում է քաղաքական հետևանքների:

Երբ պետությունը իր գործառույթները պատվիրակում է ՔՀԿ-ներին, իրեն հեռացնում մեղադրանքների կենտրոնից, դրանով կարողանում է բոլոր բացթողումների դեպքում մատնացույց անել «անարդյունավետ» ՔՀԿ-ներին՝ սեփական անգործությանն անդրադառնալու փոխարեն։ Այս մարտավարությունը պաշտպանում է իշխանությանը և պատժում ակտիվիզմը։

Որպես ֆեմինիստներ՝ մենք մերժում ենք այս մոդելը: Քաղաքացիական հասարակությունը պետք է մնա անկախ և քննադատող: Մեր դերը քաղաքականության փոփոխությունների համար պայքար մղելն է, չլսվող ձայները լսելի դարձնելը և համերաշխություն կառուցելը, այլ ոչ թե կառավարության փոխարեն հանրային ծառայություններ մատուցելը: Մենք պետության կամակատարները չենք, այլ արդարության համար ավելի լայն շարժման մասն ենք:

Եթե ​​պետությունն իրապես հանձնառու է քաղաքացիական հասարակության հետ համագործակցելու, ապա այն պետք է սկսի իր բաժինը գործն անելուց՝ ներդրումներ կատարել հանրային համակարգերում, ֆինանսավորել կրթությունը, ապահովել առողջապահության հասանելիությունը և պաշտպանել մարդու իրավունքները օրենքի և կոնկրետ քայլերի միջոցով։ Դա նշանակում է լսել ՔՀԿ-ներին որպես հավասար շահագրգիռ կողմերի, այլ ոչ թե հույսը դնել նրանց վրա որպես չվճարվող աշխատուժի։

Իսկ մենք կշարունակենք մեր աշխատանքը կատարել, կշարունակենք կազմակերպել մեր համայնքներին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը և աջակցել նրանց։ 

Կարդացեք նաև՝ Սեքսիզմը` զենք քաղաքական գործիչների ձեռքում. իշխանության, արտոնությունների և քաղաքական պատասխանատվության մասին:

Leave a Reply

Your email address will not be published.