Էկոֆեմինիզմ

Home / Uncategorized / Էկոֆեմինիզմ

Էկոֆեմինիզմ բառն առաջին անգամ կիրառեց Ֆրանսուազ Դ՛Օբօնը՝ 1974-ին հրատարակված իր՝ «Ֆեմինիզմ կամ մահ» գրքում։

Մյուս ֆեմինիզմների նման՝ էկոֆեմինիզմը նույնպես քննադատական միտք է և միաժամանակ, քաղաքա(ցիա)կան շարժում։ Հայրիշխանության, և դրան կապակցված այլ ճնշող համակարգերի՝ կապիտալիզմի, ռասիզմի, կլասիզմի և մյուսների քննդատության կողքին էկոֆեմինիզմն ավելացնում է ոչ մարդ էակների (լայն իմաստով՝ բնության) շահագործումը վերացնելու համար պայքարը (կարող եք ծանոթանալ նաև սպեսիշիզմ հասկացությանը)։ Կլիմայական ճգնաժամի սրացման հետ մեկտեղ, որքան բնապահպանական հարցերն ավելի են մտնում համաշխարհային քաղաքական օրակարգ, այնքան ավելի տեսանելի է դառնում էկոֆեմինիստական շարժումը։

Լայն առումով առանձնացնում են երեք տիպի էկոֆեմինիզմներ․ 

  1. Մշակութային կամ հոգևոր էկոֆեմիստական հայացքով՝ կանայք յուրահատուկ և օգտակար հարաբերություն ունեն ֆիզիկական աշխարհի (մարմինների, բնության) հետ, որը կարող է օգնել վերացնելու թե՛ կանանց, թե՛ բնության նկատմամբ անարդար տիրապետումն ու շահագործումը։ Այս հատուկ հարաբերությունների արմատները մշակութային էկոֆեմինիզմը տեսնում է վերարտադրողական ֆունկցիայի մեջ (դաշտան, ծննդաբերություն, կաթով կերակրում)՝ կանայք նման են ու ավելի կապված են բնությանը և ուստի, ավելի լավ են կարողանում լուծել բնապահպանական խնդիրները։ Կին-բնություն հարաբերությունները, այդ թվում կնոջ հոգատարությունը բնության նկատմամբ՝ ազատագրող են։ 

Մշակութային կամ հոգևոր էկոֆեմինիզմը նաև վերականգնում է բնության հետ հոգևոր կապը, շատ դեպքերում վերակենդանացնում է բնության և Աստվածուհու պաշտպամունքի հեթանոսական ավանդույթները, քննում է բնության հոգևորություն ու կանանց էական դերն այդ հոգևորության մեջ՝ գիտակցելով, որ ինչպես կանանց, այնպես է բնության նկատմամբ շահագործման արմատները մշակութային առումով կապված են կրոնների հետ։

  1. Սոցիալական էկոֆեմիզմի հայացքով կանայք ի ծնե բնությանն ավելի մոտ չեն։ Սոցիալ-մշակութային պատճառներով կանանց վրա որոշակի արտադրական ու վերարտադրողական գործառույթներ են դրվել, որոնք աշխատանքի միջոցով կանանց ավելի մոտեցրել են բնությանը։ Կանանց ինքնությունները սոցիալական կոնստրուկտներ են, որոնք ձևավորվել են պատմականորեն և պարտադրվել են ռասայի/էթնիկության, դասակարգի, սեռական կողմնորոշման, տարիքի, կարողության, ամուսնական կարգավիճակի և աշխարհագրական գործոնների բազմազան փոխազդեցությունների արդյունքում։ Գլոբալ Հյուսիսի երկրներում դա երեխաների խնամքն ու, ընդհանրապես, խնամքի հետ կապված աշխատանքներն են եղել, այդ պատճառով տեսնում ենք ավելի շատ ակտիվիզմ բնապահպանական առողջության հետ կապված թեմաներով։ Գլոբալ Հարավում կանայք նաև կյանքի առաջնային կարիքները բավարարող աշխատանք են կատարում՝ ջուր ձեռք բերել, սնունդ աճեցնել և պատրաստել (տղամարդիկ հաճախ ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի՝ մեծ քաղաքներ կամ այլ երկրներ), և աշխատանքի բնույթի բերումով կանայք առաջինն են գիտակցում, տեսնում բնության ավերումը․ բնության պահպանումը բխում է կանանց գենդերային շահերից։ Կանանց դերերն ու պարտականությունները նրանc դարձնում են բնական ռեսուրսների օգտագործողներ ու տնօրինողներ, որի պատճառով թե՛ նրանց շահերն են համընկնում բնության պահպանության հետ, և թե՛ նրանք որոշակի խոր գիտելիք ունեն բնության մասին։
  1. Մատերիալիստական էկոֆեմինիզմը միահյուսում է նախորդ երկու մոտեցումները, ասելով, որ կանանց և բնության միջև հարաբերությունները թե՛ կենսաբանության, թե՛ սոցիալական կոնստրուկտների հետ են կապված։ Կնոջ մարմինն ու վերարտադրողական կարողությունը պատմականորեն առանցքային դեր է ունեցել կանանց շահագործման և ճնշման համար, սակայն կնոջ մարմին ունենալը դեռ ամեն ինչ չի՛ պայմանավորում։ Կարևոր են կանանց և բնության միջև սոցիալական, նյութական և քաղաքական հարաբերությունները։

Էկոֆեմինիզմը նաև հակագաղութային քաղաքական միտք ու շարժում է, և շատ ժամանակ բխում է Գլոբալ Հարավից, բնիկ ժողովուրդներից։ Եվ սա պատահական չէ, քանի որ ամենաավերիչ ծրագրերը՝ լինի խոշոր հանքագործություն, հանածո վառելանյութի (նավթ, գազ, քարածուխ) արդյունահանում և վերամշակում, նավթամուղերի ու գազամուղերի կառուցում, զանգվածային անտառահատումներ՝ հաճախ հսկայական կենդանական ֆերմաներ ստեղծելու և դրանք սպասարկելու համար, իրականացվում են հենց Գլոբալ Հարավում, կամ Հյուսիսի երկրների այն տարածքներում, որոնք բնակեցված են բնիկ ժողովուրդների կողմից (օրինակները բազմաթիվ են՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում և այլուր)։ 

Հետաքրքիր քննարկումներ կան նաև էկոֆեմինիստական լեզվի շուրջ․ օրինակ՝ արդյոք պե՞տք է բնության մասին խոսել այն բառերով, որոնցով խոսում ենք կանանց մասին (ասենք՝ Մայր բնություն)։ Շատերը գտնում են, որ այս բառապաշարը նույնպես նպասում է բնության անպատիժ շահագործումը հիմնավորելուն։ Ընդհանրապես, լեզվի մեջ կանանց կամ կենդանիներին մարմնավորող բառերի կիրառումը վիրավորելու, հայհոյելու, թուլություն նկարագրելու համար, առանձին քննության շատ հետաքրքիր թեմա է։

Էկոֆեմինիզմի քննադատությունների շարքում կառանձնացնենք այս երկուսը՝

  • չափազան մեծ կենտրոնացում գենդերի և բնության կապերի վրա՝ պակաս ուշադրության արժանացնելով այլ ինտերսեկցիոնալ առնչությունները,
  • հետերոսեքսուալ կողմնակալությունը։

Այս երկու քննադատությունների ուղղությամբ էլ ավելի ու ավելի մեծ աշխատանք է տարվում։

Leave a Reply

Your email address will not be published.