Զապէլ Եսայեանը պատերազմի, խաղաղության և ինքնորոշման մասին

Home / Զապէլ Եսայեանը պատերազմի, խաղաղության և ինքնորոշման մասին

Զապէլ Եսայեանը պատերազմի, խաղաղության և ինքնորոշման մասին

Զապէլ Եսայեանը պատերազմի, խաղաղության և ինքնորոշման մասին

$0

Campaign Target

0

Donations
Donated
0% $0 to go

Փետրվարի 4-ին նշվեց Զապէլ Եսայեանի 144 ամյակը: Եսայեանը հայ գրականության մեջ ավելի քիչ հայտնի գրողներից է. «Գտնելով Զապէլ Եսայեանին» վավերագրական ֆիլմում Երևանի Զապել Եսայանի անվան փողոցի բնակիչը այն հարցին, թե արդյոք ճանաչում է Եսայանին, պատասախանում է. «Չէ, մի հատ լավ հերոս, լավ ղեկավարի անուն չկա՞ր։ Զապել Եսայանն ո՞վ ա, ես շատ գիտեմ… ես չգիտեմ էդ Եսայանը ով ա… ու ոչ մի բնակիչն էլ չգիտի…»։ Բարեբախտաբար, վերջին տարիներին Եսայեանի նկատմամբ երիտասարդ ընթերցողների կողմից մեծ հետաքրքրություն կա, և նրա գործերը քննարկումների տեղիք են տալիս։ 

Եսայեանն առավելապես հայտնի է որպես կին, որը երիտթուրքական կառավարության՝ արևմտահայ անվանի գործիչների 1915 թվականի ցուցակում կար:

Սա նրա՝ կոտորածների ժամանակ իրականացրած հավաքագրական աշխատանքի և ոճրագործությունների ենթարկված հայկական համայնքի մասին լուսաբանելու պատճառով էր: Մինչև 1915 թվականը Եսայեանը ակտիվ քաղաքական գործունեություն էր ծավալում  և ներգրավված էր հայկական համայնքի տարբեր գործառույթներում: Այդպիսին էր, օրինակ, 1909 թվականի Ադանայի ջարդերից հետո Եսայեանի և մյուսների փասատահավաք առաքելությունը,  որից հետո Եսայեանը գրում է «Ավերակների մեջ» վավերագրությունը:  Եսայեանը վավերագրում է երիտթուրքական իշխանությունների կողմից հայերի նպատակաուղղված կոտորածներն ու բռնագաղթումը:

 

                                       Ավերված Ադանան Ադանայի հայերի կոտորածից հետո, 1909թ․

 

                                             Ադանահայերը կոտորածից հետո, 1909թ․

 

Եսայեանը ակտիվ ներգրավված էր համաշխարհային խաղաղաշինական հարթակներում, ինչպիսին էր, օրինակ, 1896 թվականին հիմնադրված Խաղաղության կանանց լիգան, որտեղ նա այլ կին գործիչների հետ քննարկում էր ապառազմականացման միջազգային հարցը: Եսայեանը պնդում էր, որ կանայք իրենց դերից ելնելով՝ որպես մայրեր, քույրեր ու ամուսիններ, լեգիտիմ իրավունք ունեին պատերազմների վերջը պահանջելու: Նա կարծում էր, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, չեն գաղթակղվում իշխանությամբ և ամենից շատ խաղաղություն են ցանկանում: Սա, իհարկե, ժամանակակից ֆեմինիստական տեսությունը արդեն ժխտել է՝ հաշվի առնելով այն դերը, որ կանայք՝ հատկապես սպիտակամորթ կանայք, խաղացել են ու մինչև օրս էլ խաղում են ստրկատիրության, գաղութացման և կայսերապաշտության մեջ: Եսայեանը պնդում էր, որ կանայք պատմականորեն միայն մասնակցել են պաշտպանողական բնույթ կրող պատերազմներին՝ իրենց տունն ու ընտանիքը բնաջնջումից փրկելու համար և դեր չեն խաղացել հարձակվողական պատերազմներում: Եսայեանը տարբեր գործերում վերլուծում է ու ներկայացնում իր ներքին հակասությունները խաղաղության, պատերազմի ու ինքնորոշման իրավունքի մասին:

 

                                             Զապէլ Եսայեանը իր ընտանիքի հետ

Այդպիսի գործերից մեկն էլ 1912 թվականին Բալկանյան պատերազմների ժամանակ գրված «Բաւական է» էսսեն է, որտեղ Եսայեանը ներկայացնում է իր և տեղի հայկական համայնքի ապրումները։ Եսայեանը սկսում է գլխավոր հերոսի ապրումներով՝ հայտնելով, որ պատերազմը սկսվել է.

«Երեք օրէ ի վեր պատերազմը յայատարարուած է եւ թէեւ մայրաքաղաքը կը ջանայ իր սովորական արտաքին կերպարանքը պահել, այսու ամենայնիւ մարդոց հոգիները խռովուած են, շատ երանգաւոր եւ բազմադիմի զգացումներով։ Երկար եւ ջղգրգիռ սպասումներէ ետքը վերջապէս յայտարարուեցաւ անիկա. հազարաւոր մարդիկ օրերէ ի վեր անձկութեամբ կը հարցնէին իրարու պատերա՞զմ թէ համաձայնութիւն…»։

 

Մղջաւանջային եւ ահարկու հեռապատկերը անկարելի թուեցաւ իր առթած սոսկումին աստիճանով. մարդիկ կ՚ըսէին «Այս դարուս մէջ, ի՞նչպէս կարելի է… քաղաքակիրթ աշխարհը արգելք կըլլայ այդ ահարկու ոճիրին»։

 

***

«Գիտենք որ պատերազմ կայ, այլ սակայն կ՚ապրինք մեր անդորր ու միօրինակ կեանքը. մեր միտքը կը յածի աննշան մանրամասնութեանց շուրջ. կը խօսինք մօտիկ եւ հեռաւոր ապագային մասին, կը գուրգուրանք իրարու վրայ եւ կը ջանանք զիրար զերծ պահել ամենափոքր անախորժութենէ…այլ սակայն գիտենք որ պատերազմ կա՜յ ու մեր սրտի ամէն մէկ բաբախումին մարդկային կենաքեր դիակներու կը վերածուին»։

***

«Ահաւասիկ պատերազմը կը դառնայ ամենուս համար իրական եւ ներկայ չարիքը կ՚ուրուագծուի, հետզհետէ որոշ գիծերով. անիկա իր մահուան ստուերը կ՚երկարէ մինչեւ մայրաքաղաքի խաղաղ տուներուն մէջ, բայց ամէն ընտանիք կը մտածէ միմիայն իր զինւորցուին վրայ. ճարը կը խորհի զայն զերծ պահելու մահու վտանգէն, մայրական սրտեր արհաւիրքով ու դողդով կը լեցուին ու ամէն մէկը այս դժբաղդութիւնը կ՚ընդունի իբր անձնական աղէտ մը։ Բայց ոչ ոք կ՚ըմբռնէ չարիքը իր հաւաքական եւ ահռելի ծաւալին մէջ, ոչ ոք թերեւս կ՚անդրադառնայ իրապէս որ պատերազմ կայ ու ամէն րոպէ արիւնը կը հոսի…»:

 

Էսսեում Եսայեանը ներկայացնում է իր ներքին մենախոսությունը պատերազմի անհարժեշտության՝ ազատագրական շարժումների տեսանկյունից, և մյուս կողմից դրա դասակարգային և գենդերային խնդրային կողմերի մասին: Եսայեանը քննադատում է նրանց, ովքեր պատերազմի քարոզով են զբաղվում՝ անձնական շահից ելնելով: Նա միլիտարիզմի դասակարգային վերլուծություն է ներկայացնում՝ ասելով, որ հաճախ աղքատներին է պարտադրվում հարուտների պատերազմներում կռվել: Հարուստների կյանքերը վտանգի չեն ենթարկվում, մինչդեռ նրանք օգտվում են պատերազմի բերած շահույթից: Նրանք վերադառնում են իրենց տաք ու հարմարավետ բնակարաններ՝ անկախ պատերազմի ելքից: Եսայեանը շարունակում է՝ քննարկելով Բալկանյան պատերազմի իրավացիությունը՝ հարց, որը հայկական համայնքին նույնպես շատ հուզում էր.

«Այլ եւս ծանր ու լուրջ շեշտով կը խօսին պատերազմի մասին. ոմանց համար Պալքանեան ժողովուրդները իրենց արդար եւ նուիրական իրաւունքի մէջ են. կարելի՞ է երեւակայել աւելի սուրբ պատերազմ. անոնք կը կռուին իրենց տանջուած եղբայրներու ազատութեան համար։

 

— Իսկ Թուրքերը, կ՚առարկէ մէկը, արդեօք նուա՞զ իրաւացի են. Պալքանեան դաշնակիցները յարձակեցան իրենց վրայ. իրաւունք չունէի՞ն ինքզինքնին պաշտպանելու։

 

— Բնականաբար այո՛, վերջ ի վերջոյ իրաւունքը յաղթողին կողմն է։

 

Իրաւո՜ւնք…ստապատիր եւ նենգաւոր բառ. ինձ կը ներկայանայ այս պահուս անարգ հտպիտի մը երեւոյթով որ գունագեղ եւ արտառոց հանդերձանքի մը ներքեւ, դէմքը կնճռոտած քծնող ծամածռութիւններով, կը խոնարհի ու կը ժպտի մէյ մը եւ մէյ մը միւս կողմին։

 

Այդ միջոցին խօսակցութիւնը իր ընթացքը կատարեր է. չեմ գիտեր թէ դեռ ինչե՜ր ըսուեցան երբ սթափեցայ ներկաներէն մէկուն սուր եւ ատելավառ ձայնէն։

 

— Ի՞նչ իրաւո՞ւնք… որովհետեւ վեց դարէ ի վեր սուրի եւ հուրի միջոցով տիրապետեր են այդ երկիրներուն, որովհետեւ վեց դարէ ի վեր խաղաղ ժողովուրդներու արիւնը ծծեր են, անարգեր, տանջեր ու ամենէն ցած ստրուկի վիճակին վերածեր են այդ ժողովուրդները, իրաւո՞ւնք են հաստատեր այդ այդպէս շարունակելու։ Ընկճուած ժողովուրդներու տկարութիւնը միայն կրնար յաւերժացնել այդ բռնութեամբ ձեռք բերուած իրաւունքը։

 

Ասելով, որ բալկանյան ժողովուրդների ցասումը «բիւրաւոր շրթներէ, սգաւոր մայրերու, որբերու տժգունած շրթներէն բարձրացած անէծքն է որ ամպի պէս կուտակուած է այս միջոցին դաժան եւ ոճրապարտներուն գլխուն», Եսայեանը նաև հաշվի է առնում հարցի մյուս կողմը՝ դասակարգային շահագործումը.

«Ու ահա կը խօսին յաղթանակի հաւանականութիւններու վրայ. կը խօսին երկու կողմի յաջողութեան բաղդերուն, եւրոպական դիւանագիտութեան անլուծելի առեղծուածի մասին բայց այլ եւս իմ ուշադրութիւնս կը վրիպի. ի՞նչ փոյթ ինձ համար պաշտօնական եւ անպաշտօն խաղերը նենգաւոր դիւանագիտութեան. ձայն մը, ներսէս բարձրաղաղակ կը գոչէ։

 

— Երկու կողմէն ալ հազարաւոր գեղջուկներ, հազարաւոր անգիտակից եւ միամիտ մարդկային արարածներ իրենց արիւնը կը թափեն այս միջոցին…»:

 

Եվ ահա Եսայեանը ներկայացնում է մի հայ երիտասարդի հետ իր խոսակցությունը, որը սկսվում է երիտասարդի վրեժխնդրության մասին հարցով.

 

«— Անոնք որ յարձակեցան մեր տուներուն վրայ, անոնք որ սպաննեցին ու թալլեցին մեզ, անոնք որ մեր պատիւը ու մեր սրբազան զգացումներ ոտնակոխ ըրին, արժանի չէի՞ն այս դասին։

 

Հոգիիս մէջ հառաչանք մը կը բարձրանայ բայց իմ ներքին էութեանս մէջ ատելութեան ժահր չկայ, եւ կզգամ որ իմ մտքի տեսողութեանս բոլոր հորիզոնները անամպ են ու պայծառ։

 

— Ես չեմ հասկնար, կը պատասխանեմ.

 

Երիտասարդին աչքերը. մանր եւ սուր բիբերով, քէնով ու վրէժով վառուած աչքեր, կը տեւեռեն զիս։

 

Ես անձամբ չեմ տեսած այդպիսի դիւային իրականութիւն, ես անհաղորդ գտնուած եմ ցեղիս ճակատագրին. երբ ինձ կը խօսին կոտորածներու մասին կարծես դարաւոր հառաչանք մը թունդ կ՚ելլայ հոգիիս մէջ եւ մտածումս, երեւակայութիւնս կը շփոթին. մղձաւանջ մըն է անիկա որ չեմ կրնար իրականացնել բանականութեամբը եւ որ կ՚անօսրանայ ու կ՚անհետի իր առթած սոսկումին ահագնութեանը մէջ, ինչպէս ցնորական տեսիլ մը։

 

— Ես աչքերովս տեսած եմ ու ականջներովս լսած ու կը հասկնամ, կը պատասխանէ երիտասարդ. ու ահա ինչո՞ւ սրտիս մէջ միայն մէկ զգացում մը տիրէ. վրէժի զգացումը։

 

Խորին գթութեամբ կը նայիմ իրեն. անոր հոգին խեղանդամուած է սուրի հարուածով մը. պիտի ուզէի գորովանքով խնամել զինքը ինչպէս շատ ծանրապէս հիւանդ եղբայր մը. բայց անիկա կը հետապնդէ զիս. կ՚Ուզէ որ իմ շրթներս ալ արտասանեն անհաշտ ատելութեան խօսքեր։

 

Եսայեանը հավատում էր, որ չարագործությունները չպետք է մոռացվեն, բայց դեմ էր այն համոզմանը, որ միայն պատերազմը կարող է արդարադատություն բերել: Այսպիսով՝ Եսայեանը տարբերակում էր չներելու և վրեժխնդրություն ցանկանալու մեջ: Երբ բռնություն գործադրողը ներողամտություն չի հայցում ու չի ցանկանում արդարությունը վերականգնել, ներելն անհնար է: Բայց վրեժխնդրությունն էլ առաջ է բերում նոր տրավմաներ, որ սերնդեսերունդ փոխանցվում և արդարադատության հարցը դժվարացնում են նոր ոճրագործությունների պատճառով:

Եսայեանը էսսեն վերջացնում է պատերազմող կողմերի ընդհանրությունները ընդգծելով.

«Եթէ իրարու թշնամի ժողովուրդները գիտնային որ դժբախտութեան օրերու մէջ նոյն կերպարանքը ունին, նոյն հոգին, նոյն հառաչանքներն են որ կ՚արձակեն, նոյն անէծքները հեծեծագին ու նոյն աղերսանքները՝ նման շեշտերով ու վանկերո՜վ… թերեւս անկարելի ներդաշնակութիւնը եւ եղբայրութիւնը հնարաւոր ըլլար թշուառութեան գերագնութեան մէջ»։

Աղբյուր՝

Զապէլ Եսայեան (1912) «Բաւական է»: Վերցված է ՝  https://bit.ly/3sczWos

Leave a Reply

Your email address will not be published.