Երիտասարդ ես ու կրծքագեղձում գոյացություններ ունես. մի կնոջ պատմություն

Home / Երիտասարդ ես ու կրծքագեղձում գոյացություններ ունես. մի կնոջ պատմություն

Երիտասարդ ես ու կրծքագեղձում գոյացություններ ունես. մի կնոջ պատմություն

Երիտասարդ ես ու կրծքագեղձում գոյացություններ ունես. մի կնոջ պատմություն

$0

Campaign Target

0

Donations
Donated
0% $0 to go

Ես 22 տարեկան էի, երբ ուլտրաձայնային հետազատությունը ցույց տվեց, որ ձախ կրծքիս մեջ գոյացություններ կան։ Այն ժամանակ ես դեռ ոչինչ չգիտեի կրծքագեղձի քաղցկեղի, բարորակ և չարորակ ուռուցքների, դրանց տեսակների կամ դրանց վերաբերվող վիճակագրության մասին։ Իմ առաջին զգացումը սարսափն էր։ Արդեն ինքս ինձ հիվանդանոցում քիմոթերապիայի սպասելիս էի պատկերացնում՝ ֆիլմերում այդպես է լինում, չէ՞։ Մինչև բժիշկը բացատրեց, թե իմ գոյացությունը ինչ տեսակի էի, ես չհանգստացա։ Ինձ մոտ ֆիբրոադենոմա տեսակի գոյացություն կա։ Դա բարորակ ուռուցք է և հազվադեպ է դառնում չարորակ, բայց պետք է մնա մշտական վերահսկողության տակ և վեց ամիսը մեկ նոր ուլտրաձայնային հետազոտություն պիտի արվի։

Ախտորոշումից հետո, ես շտապեցի ֆիբրոադենոմաների մասին ամեն բան իմանալու: Ձեռքիս տակ ունեի Մենք ու մեր մարմինը (2010) գիրքը, որը անգլերեն Our Bodies Ourselves գրքի թարգմանությունն էր, բացեցի կրծքագղձի քաղցկեղին վերաբերվոց հատվածը և սկսեցի կարդալ: 

«Ֆիբրոադենոմաները բարորակ գոյացութուններ են, որոնք հիմնականում գոյանում են պատանեկան տարիքում կամ 20 տարեկանին մոտ հասակում, որոշ տեսակի վաղ առաջացողները կարող են պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում: Դրանք կարող են զարգանալ մեկ կամ երկու կրծքերում: Այն ֆիբրոադենոմաները, որոնք մեծանում են, սովորաբար հեռացվում են վիրահատական ճանապարհով: Դաշտանադադարի ընթացքում, հորմոնային մակարդակի նվազմամբ պայմանավորված, այս ուռուցքները երբեմն հետաճ են ունենում: Սրանք հազվադեպ են վերածվում քաղցկեղի՝ չնայած քաղցկեղի որոշ տեսակներ կարող են նման լինել ֆիբրոադենոմաների: Երիտասարդ կանանց մոտ ֆիբրոադենոմաներն ավելի հաճախ են հանդիպում, քան քաղցկեղները, հետևաբար եթե երիտասարդ եք ապա բժիշկն առավելապես հակված կլինի ձեր ուռուցքն ախտորոշելու որպես ֆիբրոադենոմա: Սակայն վերջնական ախտորոշումը հաստատվում է բիոպսիայի միջոցով հեռացված հյուսվածքի մանրադիտակային քննությամբ»: (էջ 580)

 

Հետաքրքրվելով մեր ընտանքի ժառանգական պատմությամբ, հասկացա, որ սա էլ ինձ մոտ ժառանգական բնույթ ունի։ Հետո մտածում էի այն բոլոր սեքսիստական արտահայտությունների մասին, որ լսել էի այն երիտասարդ կանանց մասին որ «դեռ չամսուսնացած վերարտադրողական օրգանների հետ խնդիրներ ունեն»: Բայց բարեբախտաբար շրջապատիս մարդիկ ու հատկապես կանայք բանիմաց էին այս հարցերում և իրենց խորհուրդներով ինձ շատ էին օգնում:

Երկու տարի անց ես նորից սպասում էի ուլտրաձայնային հետազոտություն անցնելու համար: Երբ հիվանդանոցի սպասասրահում մյուս պացիենտների հետ միասին սպասում էի խորհրդատվության իմ հերթին, նայելով այնտեղ նստած կանանց մտածում էի, որ իմ ախտորոշումը համեմատած նրանց, երևի չարյաց փոքրագույնն է ու իմ վախերին ու տագնապը համեմատած այս կանանց իրական խնդիրների հետ երևի ոչինչ են։ Ինձ հետ սպասող կանայք ինչպես Երևանից էին, այնպես էլ մարզերից՝ սրա մասին նրանք չէին մոռանում իրար հիշեցնել, երբ ինչ որ մեկը փորձում էր հերթի մեջ առաջ անցել, ասելով. «Շատ շտապ ա, ես մտնեմ դուրս գալ, էլի՜», իսկ մյուսները արձագանքում էին. «Կարո՞ղ ա մենք չենք շտապում բոլորս էլ մեր գործը թողած ստեղ ենք էկել, գյուղից առավոտ շուտ հասել եմ ստեղ»։ Այս բանավոր ընդհարումներին ականատես էի լինում մոտ երկու ժամ։ Հիվանդանոցի բյուրակրատական երկար գործընթացները բոլորիս հունից հանում էին։ Չեմ էլ կարող պատկերացնել, թե քաղցկեղի ախտորոշում ակնկալող կանայք ինչի միջով էին անցնում այդ սպասասրահում նստած։ 

Այդտեղ նստած ինձ մի հարց էր հուզում՝ ախտորոշման ու բուժման ծախսերը։ Մտածում էի` ինչ կլինի, եթե հանկարծ այս անգամ ասեն, որ իմ բարորակ գոյացությունը հանկարծ չարորակ է դարձել։ Ի՞նչ պիտի անեի, երբ վիճակագրության այն քիչ բախտավոր կանանց շարքերում հայտնվեի։ Մտքերս տագնապային արագությամբ էին անցնում: Ի՞նչ են անում այն բոլոր կանայք ովքեր կրծքագեղձի քաղցկեղով են ախտորոշվում, բայց ֆինանսներ չունեն ծախսերը հոգալու համար: Կամ ի՞նչ է լինում այն կանանց հետ ովքեր ինձ նման աշխատանքային գրաֆիկ չունեն որպեսզի գան ու այս հիվանդանոցային հերթում երկար սպասեն: Կամ մարզերից Երևան հասնող կանայք ինչքա՞ն գումար են ծախսում ամեն անգամ այստեղ հասնելու համար… Կամ ի՞նչ նկատի ուներ կրծքաբանը, երբ ինձ հարցրեց. «Ապահովագրություն ունե՞ք»: Ինչքա՞ն պիտի արժենար բուժումս… Մինչ մտածում էի մեր քանդված հանրային առողջապահական համակարգի, մասնավոր շահի ու կապիտալիզմի մասին հերթս հասավ: Ուլտաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ գոյացությունը ինձ մոտ մեծացել է և այսպիսով բջջաբանական հետազոտության կարիք ունի։ Ինձ մոտ այդ մտքից տագնապ սկսվեց: Ոչ միայն որովհետև ասեղներից վախ ունեմ, այլ որովհետև հավանական է, որ՝ բարորակ թե չարորակ լինի ուռուցքը, պիտի վիրահատվեմ: Այս պահին դեռ շարունակում եմ գնալ բժշկի վերջնական ախտորոշում ստանալու համար:

 

Հոկտեմբեր ամիսը Կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման ամիսն է։ Աշխատանքիս բերումով պիտի իրազեկման նյութեր պատրաստեի այս առիթով։ Ու ամեն մի նյութի հետ իմ տագնապը ավելի էր մեծանում։ Ինքս ինձ հարցնում էի. «Էս իրազեկման նյութերի միջի տված խորհուրդներիս կեսին իսկի ես չեմ հետևել, մի քիչ հիպոկրատիկ ա մարդկանց բան բացատրելը»: Բայց երևի սա էլ մարդ լինելու մի մասն է՝ սխալներ գործել, դրանցից դասեր քաղել ու շարունակել ապրել: Վախի ու բարկության զգացումը, հոգեկան ծանր ապրումները պիտի իրենց տեղը ունենան բուժման փուլում, փորձել ձևացնել, թե այդպիսի զգացումներ չունես արդար չի քո իսկ մարմնի նկատմամբ, որ այդ պահին ֆիզիկական դժվարությունների միջով է անցնում:

 

Վերջում՝ հաճախ ինքնազննվեք, հատկապես, եթե գիտեք որ ժառանգական միտումներ ունեք, մի՛ խորշեք բժշկի գնալուց ու հիշեք, որ ախտորոշումը մահվան դատավճիռ չէ և քաղցկեղի վաղ հայտնաբերումը դրա բուժումը ավելի հեշտ է դարձնում: Առողջ եղեք:

Leave a Reply

Your email address will not be published.