Աբորտը՝ կնոջ հիմնարար իրավունք

Home / Աբորտը՝ կնոջ հիմնարար իրավունք

Աբորտը՝ կնոջ հիմնարար իրավունք

$0

Campaign Target

0

Donations
Donated
0% $0 to go

Այսօր Հայաստանում հաճախ քննարկվող տաբու թեմաներից մեկը աբորտն է՝ հղիության արհեստական ընդհատումը։ Աբորտի ընկալումը հասարակության կողմից, իհարկե, լայնաշերտ է, սակայն հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք աբորտի վերաբերյալ տարածում են տարատեսակ կարծրատիպեր և համարում այն մարդասպանություն՝ պնդելով, որ չի կարելի դիմել հղիության արհեստական ընդհատման։ Առավել հաճախ նրանք մոռանում են այն կնոջը, որը կրում է այդ պտղին, մռանում են, որ կնոջ մարմինն իրեն է պատկանում։ Սակայն չէ՞ որ յուրաքանչյուր անձ ունի իրավունք սեփական մարմնի նկատմամբ, և քանի որ աբորտը կնոջ մարմնի հետ կապված որոշում է, հետևաբար այն կատարելը կամ չկատարելը կնոջ որոշումն է, միայն նրա իրավունքը։ Դա է փաստում նաև ՀՀ, որտեղ սահմանված է, որ «Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք մինչև տասներկու շաբաթական»:

Այս հոդվածը ներկայացնում է հղիության արհեստական ընդհատման մասին ընդհանուր տեղեկատվություն և բացահայտում դրա վերաբերյալ առկա առասպելները։

Կինը միշտ էլ կարող է գալ այն փաստին, որ ունի անցանկալի հղիություն։ Այս առումով, աբորտը նաև կնոջ ընտրությունն է սեփական մարմնի նկատմամբ:։

Աբորտ իրականացնելու 2 մեթոդ կա։ Դրանցից մեկը դեղորայքայինն է, որը կատարվում է մինչև 8-9-րդ շաբաթական։ Օգտագործվում է հիմնականում 2 տեսակի դեղորայք: Դեղորայքներից մեկը ընդհատում է հղիությունը, մյուսն առաջացնում է կծկումներ:

Աբորտի մյուս տեսակը վիրահատականն է, որը օրենքով թույլատրելի է մինչև 12-րդ շաբաթական։ Դա իրենից ներկայացնում է վակուում ասպիրացիայի մեթոդը:

Ինչպես նշում է Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության և իրավունք բաժնի աշխատակից Անուշ Պողոսյանը․ «Հանրապետությունում աբորտ իրականացնելու համար ֆիքսված գին չկա։ Հաճախ նույնիսկ ցավազրկման համար առանձին գին է սահմանվում, և պատահում է, որ կանայք հրաժարվում են ցավազրկումից՝ գումար խնայելու նպատակով։ Սա անթույլատրելի է, պարզաբանում է նա։ Շատ երկրներում ցավազրկման հարցը չի էլ բարձրացվում, քանի որ այն ներառված է գնի մեջ»։

Դեղորայքային աբորտի դիմելիս կանայք կարող են բախվել այնպիսի խնդրի, ինչպիսին է միայն դեղատոմսով դեղեր գնելը։ Դրանք ազատ վաճառքի չեն դեղատներում, սակայն միջազգային ստանդարտներով պետք է լինեին, քանի որ «ցանկացած արգելք չի լուծում խնդիրը, այլ բերում է նոր պրոբլեմներ,- ընդգծում է Ա․ Պողոսյանը։  Համաշխարհային մի շարք կազմակերպություններ հորդորում են դրա փոխարեն կնոջը տալ ինֆորմացիա դեղորայքի օգտագործման վերաբերյալ»։

«Համեմատության մեջ դնելիս,- ինչպես հայտնում է Մոր և Մանկան առողջության կենտրոնի գինեկոլոգ, ռեպրոդուկտոր Անի Գասպարյանը,- պարզ է դառնում, որ դեղորայքային մեթոդն առավել անվտանգ է, քանի որ այդպես առաջանում է արհեստական վիժում, և հղիությունն ընդհատվում է բնական ճանապարհով»։

Տարածված կարծիք է, որ աբորտ կատարելուց հետո կինը դժվարություններով կարող է հղիանալ կամ ընդհանրապես չհղիանալ։ Առաջներում, երբ աբորտը կատարվում էր այլ գործիքներով, երբեմն նույնիսկ հակահիգենիկ պայմաններում, գուցե այս միտքը ճիշտ լիներ, սակայն այսօր գործիքային աբորտը կատարվում է ժամանակակից տեխնոլոգիաներով և առավել անվտանգ է։ Իհարկե, չի կարելի պնդել, թե միշտ 100%-անոց արդյունք կարող է լինել։ Այդ պատճառով կինը հղիությունն ընդհատելուց առաջ ստորագրում է, որ «Տեղեկացած է աբորտի հետագա հետևանքների և բարդությունների մասին»։

Օրենքի տեսանկյունից աբորտը լիարժեքորեն կնոջ իրավունքն է մինչև 12-րդ շաբաթական, քանի որ այդ ընթացքում կինը կարող է դիմել աբորտի իր ցանկությամբ։ 12-ից 22-րդ շաբաթականում աբորտ կարելի է իրականացնել մի շարք բժշկա֊սոցիալական գործոնների դեպքում, երբ օրինակ հղի կնոջ կյանքին վտանգ է սպառնում, կամ հայտնաբերում են պտղի հետագա զարգացման լուրջ խնդիրներ: Սոցիալական գործոններից են բռնաբարությունը, ամուսնալուծությունը, ամուսիններից մեկի անազատ վիճակը:

Հետաքրքիր է իմանալ, որ աշխարհում կան երկրներ, որտեղ աբորտն առհասարակ արգելված է (Աֆրիկյան երկրներ), երկրներ, որտեղ կան որոշակի սահմանափակումներ (Լեհաստան) և իհարկե երկրներ, որտեղ աբորտը ամբողջովին հասանելի է (Կանադա)։ Լեհաստանում  խիստ է աբորտի հարցը․ այն թույլատրելի է միայն եզակի դեպքերում:

Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանի խոսքով, աբորտի իրավունքի վերաբերյալ սահմանափակումները անմիջական կապ ունեն ազգի կրոնական հայացքների հետ։ Հայաստանում, օրինակ, սովետական տարիների ազդեցությունից է, որ աբորտի վերաբերյալ համեմատաբար թեթև վերաբերմունք է դրսևորվում այսօր։

Հարկ է խոսել նաև այն մասին, որ բոլորովին վերջերս առաջ էին քաշել պտղի իրավունքի մասին օրինագիծ, որի արդյունքում կնոջից խլելու էին սեփական մարմնի վերաբերյալ որոշում կայացնելու՝ աբորտի իրավունքը։

«Այս առումով,- շարունակում է իրավաբանը,- կարևոր է այն գիտակցումը, որ աբորտը կնոջ իրավունքն է։ Պետությունը չէ, որ պետք է թույլ տա կամ չտա կնոջը անել դա»։

Իսկ վերջին տարիներին ընդունվել է եռօրյա պարտադիր սպասելաժամանակը։ Սա նշանակում է, որ կինը, որը ցանկանում է դիմել աբորտի, պետք է ստանա խորհրդատվություն աբորտի դիմելուց հետո 3 օրվա ընթացքում, մտածի, ապա հայտնի իր որոշման մասին։

Իրավաբան Ն․ Փիլիպոսյանը համարում է սա խտրականություն․ «Կարելի է ենթադրել, թե կինը չունի բավարար գիտակցություն՝ ինքնուրույն որոշում կայացնելու և կարիք ունի հավելյալ մտածելու։ Մինչդեռ ցանկացած այլ բժշկական միջամտության դեպքում պացիենտին չեն տալիս հավելյալ ժամանակ, որպեսզի մատծի՝ արդյո՞ք վստահ է իր որոշման մեջ»։

Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակից Ա․ Պողոսյանը այս պարտադիր սպասելաժամանակը համարում է մեծ հետընթաց կանանց իրավունքների տեսանկյունից։ «Ստացվում է, որ կնոջ ձայնը հաշվի չեն առնում,- ասում է նա,- որովհետև նրան հետ են ուղարկում նորից մտածելու որոշման մասին։ Իսկ այդ ընթացքում հաճախ կողմնակալ խորհրդատվություն են իրականացնում բժիշկները՝ ասելով, թե աբորտը սխալ է, դա մարդասպանություն է։ Որոշ դեպքերում նույնիսկ միացնում են պտղի սրտի բաբախը՝ հոգեբանորեն ճնշելով կնոջը։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի կինը ծննդաբերի, և դեմոգրաֆիկ աճ գրանցվի։ Բայց թե ինչ է տեղի ունենում դրանից հետո, ինչ խնդիրների է բախվում կինը հետծննդաբերական շրջանում, կարծես թե ոչ ոքի չի հետաքրքրու Իսկ գյուղաբնակ կանանց համար միայն այս խնդիրները չեն, կան նաև ֆինանսական խնդիրներ և տեղաշարժման անհարմարություններ»։

Ինչքան էլ աբորտը ամեն կերպ վերահսկվում է, այնուամենայնիվ այսօր էլ կանայք շարունակում են դիմել ապօրինի աբորտի։ Գինեկոլոգ Ա․ Գասպարյանի խոսքով, պատճառներից մեկը կանանց անտեղյակությունն է․ նրանք երբեմն իմանում են հղիության մասին 12-րդ շաբաթականից հետո։ Մյուս պատճառը, որ նա նշում է, ամոթի զգացումն է։ Երկար տարիներ կանայք չեն դիմել բժիշկներին, քանի որ վստահ չեն եղել, որ բուժհաստատությունից դուրս չի գա իրենց գաղտնիքը։

Աբորտ կատարելիս կնոջ համար որևէ պատիժ չկա սահմանված։ Պատասխանատվությունը կրում է միայն այն անձը, որը կատարել է դա։ Նմանատիպ դեպքերը կարգավորվում են վարչական իրավախախտումների մասին օրենքի 47․12 և 47․13 հոդվածներով։ Իսկ եթե չլիցենզավորված անձն է կատարում աբորտ, նա ենթարկվում է պատասխանատվության քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածով։

Ցավալի փաստ է, բայց այսօր էլ շարունակում են այլոք ազդել կանանց վրա աբորտի դիմել-չդիմելու հարցում։ Գինեկոլոգ Ա․ Գասպարյանը պատմում է մի այսպիսի դեպք․ «Մի աղջկա իր զուգընկերը ստիպողաբար բերել էր աբորտի։ Եվ ինչքան էլ փորձեցինք ժամանակ տալ մտածելու, օգնել, որ ինքուրույն որոշում կայացնի, անիմաստ էր, քանի որ զուգընկերն արդեն հոգեբանորեն ճնշել էր նրան,- ապա շարունակում է,- Մինչև չունենանք կանանց ինքնուրույնության և ազատության այն մակարդակը, որը պետք է լինի, չենք կարող կանխել կանանց վրա գործադրվող ճնշումները։ Հայաստանում կանայք ապրում են բավական ծանր բեռի տակ, և մյուսները մտածում են, թե նրանք չեն կարող որոշումներ կայացնել։ Կանայք հաճախ են ասում․ «Գնամ, հարցնեմ ամուսնուցս/ծնողիցս»։ Իսկ կի՞նը, իսկ դու՞, ի՞նչ ես ուզում դու»։

Կանանց վրա ճնշում գործադրելու և ուղղորդելու համար Հայաստանում դեռևս չկան կարգավորումներ։ Իրավաբան Ն․ Փիլիպոսյանը նաև նշում է, որ բարդ է պատկերացնել առաջ բերված նոր նախագծի իրագործումը Հայաստանում, քանի որ ըստ դրա, այն մարդիկ, որոնք կնոջը կուղղորդեն աբորտի դիմել-չդիմելու հարցում, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Դժվար է պատկերացնել կնոջ, որը քրեական գործ կհարուցի իր ամուսնու նկատմամբ, քանի որ վերջինս ստիպում է դիմել աբորտի։

Խոսելով աբորտի իրավունքի օրենքի բացերից՝ իրավաբանն անդրադարձավ համակարգային փոփոխություններին․ «Եթե կան սահմանափակումներ, կանայք դիմում են ապօրինի միջոցների։ Հետևաբար լավագույն տարբերակը դրանք քչացնելն է։  Հետաքրքիր է՝ այն երկրները, որտեղ սահմանափակումները շատ քիչ են կամ չկան, ապօրինի աբորտներ կատարելու իմաստն անգամ կորում է։ Օրինակ՝ եթե ուզում ենք գնալ ատամնաբույժի մոտ, խնդիր չէ, քանի որ շատ ատամնաբուժարաններ կան, և այնտեղ գնալը ամոթ չէ։ Այստեղ քիչ է հավանականությունը, որ ատամնաբույժից բացի այլ մեկի մոտ կգնա մարդը»։

Ընդհանուր առմամբ, ևս մեկ անգամ շեշտենք այն փաստը, որ աբորտը կնոջ իրավունքն է, քանի որ կինն ունի իր մարմնին առչնվող ցանկացած որոշում կատարելու իրավունք։ Այս գիտակցմանը հասնելու միակ ձևը, ինչպես նշում է  Ա․ Պողոսյանը, կրթությունն է ու կանանց հզորացումը։ Ընդհանրապես, աբորտի իրավունքը կնոջ վերարտադրողական իրավունքն է, և եթե նա չի կարողանում իրացնել սեփական մարմնի վերաբերյալ որոշումներ, ավելորդ է խոսել մյուս իրավունքների մասին։

Կանանց ռեսուրսային կենտրոնը շատ է կարևորում կանանց կրթվածությունը, հատկապես սեռական կրթությունը, որն ընդգրկում է մարմնի հետ կապված իրավունքները և սեռականության վերաբերյալ տարիքին համապատասխան ինֆորմացիայի ստացումը։

Կանանց ռեսուրսային կենտրոնում 2008 թվականից գործում է սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք բաժինը, որտեղ աշխատող մասնագետները իրականացնում են բազմաշերտ գործունեություն՝ դասընթացներ են կատարում, վերապատրաստում են հայկական և միջազգային հասարակական կազմակերպությունների, և որ ամենակարևորն է՝ աջակցում և ուղղորդում են կանանց խորհրդատվությամբ՝ ստեղծելով նրանց համար ապահով տարածք արտահայտվելու և խնդիրները բարձրաձայնելու համար։

 

Հեղինակ՝ Մելանյա Հովհաննիսյան

Հոդվածը ստեղծվել է Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի կողմից հայտարարված ֆեմինիստական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published.