Դասընթացներ և քննարկումներ
Կանանց ռեսուրսային կենտրոնի նպատակներից է կանանց զորեղացումը կրթության և համայնքային քննարկումների միջոցով: Այդ իսկ պատճառով մենք մեր գործունեության երկար տարիների ընթացքում մշակել, ստեղծել և անցկացրել ենք բազում դասընթացներ, որոնցից ամենամեծն ու ընդգրկունը Կանանց իրավունքների եռօրյա դասընթացն է: Ընտրված մասնակիցները երեք օրերի ընթացքում ծանոթանում են հետևյալ թեմաներին՝ մարդու իրավունքներ, գենդեր և գենդերային ինքնություն, գենդերային բռնություն, ֆեմինիզմ, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, խաղաղաշինություն: Բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք հնարավորություն են ստանում իրենց գաղափարներով դիմելու փոքր դրամաշնորհի և իրենց համայնքներում իրականացնելու ադվոկացիոն ծրագրեր, որոնք կարող են ունենալ տարբեր ձևաչափ և բովանդակություն՝ դասընթացներ, աշխատարաններ, թատերական ներկայացումներ, ֆոտո և վիդեո պատմություններ, սեղանի խաղեր և այլն:
Ինչպես նաև, անցկացվում են տարբեր ֆեմինիստական քննարկումներ, վերապատրաստումներ դասընթացավարների համար և այլ ինֆորմացիոն ծրագրեր։
Հոգեբանական աջակցություն
Կանանց ռեսուրսային կենտրոնում պարբերաբար անցկացվում են խմբային հանդիպումներ հոգեբանի հետ: Ինչպես նաև, ժամանակ առ ժամանակ անցկացվում են մեկանգամյա խմբային բաց հանդիպումներ հոգեբանի հետ՝ նախօրոք որոշված թեմայով:
Իրավաբանական խորհրդատվություն
Կանանց ռեսուրսային կենտրոնը կանանց տրամադրում է ԱՆՎՃԱՐ իրավաբանական խորհրդատվություն՝ ամուսնաընտանեկան փոխհարաբերությունների և աշխատանքային իրավունքների ոլորտներում:
Խորհրդատվությունն իրականացնում է փորձառու իրավաբան Նարինե Գրիգորյանը՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի: Խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 093 94 88 86 հեռախոսահամարին: Գործում է նաև Viber ծառայություն:
Leave a Reply