Աղջիկները խոսում են

Home / Uncategorized / Աղջիկները խոսում են
Աղջիկները խոսում են

«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 14-ից 18 տարեկան դեռահաս աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է դեռահաս աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով տարածքի ստեղծումը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում կիսվելու իրենց գիտելիքներով, քննարկելու հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Քննարկումներն ուղղված են մասնիկիցների մոտ բարձր ինքնագնահատականի և առաջնորդության հմտությունների ձևավորմանը։ 

Կարևոր է նշել նաև, որ ծրագրի ավարտից հետո մասնակիցների կապը ԿՌԿ-ի հետ չի ավարտվում: Աղջիկները հնարավորություն են ունենում միանալու Կանանց ռեսուրսային կենտրոնի դեռահաս աղջիկների խմբին, որի համար պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվում: Աղջիկները նաև հնարավորություն ունեն սկսելու սեփական նախաձեռնությունները և Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից ստանալու աջակցություն դրանք իրականացնելու համար: 

«Աղջիկները խոսում են» նախաձեռնությունը դեռահաս աղջիկների նախաձեռնած գաղափարներից ամենահաջողվածն է: Նախաձեռնությունը ստեղծվել է 2018թ-ին և նպատակ ունի արվեստի (art-activism-ի) միջոցով տեսանելի դարձնելու այն խնդիրները, որոնց կարող են առնչվել մեր կողքին ապրող աղջիկներն ու կանայք: Նախաձեռնության ֆեյսբուքյան էջը:

«Աղջիկները խոսում են» փոդքասթ

«Աղջիկները խոսում են» նախաձեռնության և «Կանանց ձայն» ռադիոալիքի համագործակցության արդյունքում ստեղծվեց «Աղջիկները խոսում են» փոդքասթը: Փոդքասթի նպատակն է աուդիո պատմությունների միջոցով ներկայացնել աղջիկների և կանանց հիմնախնդիրները, անդրադառնալ մեր հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերին և փորձել ներկայացնել երիտասարդ աղջիկների տեսակետը վերոհիշյալ թեմաների վերաբերյալ: Լսեք փոդքասթը այստեղ:

2019թ․-ից սկսած՝ Կանանց ռեսուրսային կենտրոնն իրականացնում է ամենամյա «Աղջիկների զորեղացման ճամբար», որի նպատակն է 18-25տ. աղջիկների համար ստեղծել ապահով միջավայր, որտեղ նրանք կարող են խոսել ֆեմինիզմի, սեռականության, հայրիշխանական համարգի ազդեցության և իրենց առօրյա խնդիրների մասին: Ինչպես նաև, անցկացվում են մարզային կարճաժամկետ արտ-ակտիվիստական ճամբարներ, որոնց ընթացքում մասնակիցների հետ քննարկում ենք, թե ինչպես խնդիրների մասին կարելի է բարձրաձայնել արվեստի միջոցով: Դրան հաջորդում է գործնական մասը, երբ մասնակիցները իրենց գաղափարները վերածում են գրաֆիտիների՝ պատկերելով դրանք քաղաքի տարբեր հատվածներում:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.