«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության դիրքորոշումը ՀՀ տարածքում գործող մի շարք ծննդատների պետպատվերի դադարեցման վերաբերյալ կանանց վերարտադրողական իրավունքի կոնտեքստում

Home / Նորություններ / «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության դիրքորոշումը ՀՀ տարածքում գործող մի շարք ծննդատների պետպատվերի դադարեցման վերաբերյալ կանանց վերարտադրողական իրավունքի կոնտեքստում
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության դիրքորոշումը ՀՀ տարածքում գործող մի շարք ծննդատների պետպատվերի դադարեցման վերաբերյալ կանանց վերարտադրողական իրավունքի կոնտեքստում

Վերջին օրերին քննարկման առարկա է դարձել ՀՀ առողջապահության նախարարության կողմից մի շարք ծննդատների պետպատվերի դադարեցման որոշումը: Հունվարի 14-ին Առողջապահության նախարարը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ անդրադարձավ այս խնդրին՝ պարզաբանելով որոշման պատճառները: Մասնավորապես, նախարարը նշեց, որ 2018 թ.-ին անկախ գնահատողների խմբի կողմից իրականացվել է ՀՀ տարածքում գործող բոլոր ծննդատների մոնիթորինգ, որի արդյունքում մի շարք ծննդատներում բացահայտվել են ծննդկանի և նորածնի կյանքն ու առողջությունը վտանգող գործոններ, այդ թվում՝ տեխնիկական հագեցվածության խնդիրներ, համապատասխան մասնագետների բացակայություն և այլն: Նախարարն իր խոսքում նշեց, որ պետությունը հստակ գիտակցում է մոր և մանկան առողջության պահպանման երաշխիքի ապահովման կարևորությունը, սակայն հաշվի առնելով որոշ հիվանդանոցներում արձանագրված խնդիրները, այս որոշումը հրամայական է: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ բոլոր բուժկենտրոնները, որոնք զրկվել են պետպատվերից կարող են բարելավել արձանագրված բացերը, որից հետո նախարարությունը կվերանայի պետպատվերի տրամադրման հետագա հնարավորությունները: Նախարարը նաև անդրադարձավ կանանց՝ վերարտադրողական ծառայությունների հասանելիության խնդրին, նշելով, որ շտապօգնության ծառայություններն անվճար կարող են տեղափոխել ծննդկաններին համապատասխան բուժհաստատություններ: Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել՝ https://bit.ly/3adec24
Կանանց ռեսուրսային կենտրոնն իր աշխատանքի ընթացքում մշտապես բարձրաձայնել է մարզերում գործող վերարտադրողական ծառայություններ մատուցող կառույցների՝ կանանց տարբեր խմբերին պատշաճ որակի ծառայությունների տրամադրման խնդիրները, մասնավորապես՝ Վայոց ձորի, Արմավիրի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի որոշ ծննդատների և գյուղական ամբուլատոր կենտրոնների կողմից վերարտադրողական ծառայությունների մատուցման խոչընդոտները, որոնք պետության պարտավորությունների շրջանակներում պետք է համապատասխանեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կառույցների չափորոշիչներին: Այս տեսանկյունից, ողջունում ենք պետության և մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությունը և պատրաստակամությունը վերանայել մատուցվող ծառայությունների որակը: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՀՀ ստանձնած մի շարք պարտավորություններով, այդ թվում՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայով, որը ՀՀ-ն վավերացրել է 1993 թ․-ին, պետությունն ունի պարտավորություն հարգելու, պաշտպանելու և ապահովելու սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի իրացումը: [Թիվ 24 Ընդհանուր եզրակացություն]
Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի կոմիտեն 2016 թ․-ին իր ամփոփիչ դիտարկումներում Հայաստանի Հանրապետությանը նշել է, որ պետությունը պարտավոր է ապահովել կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական ծառայությունների նկատմամբ, հատկապես՝ գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող և էթնիկ փոքրամասնությունների խմբերի կանանց շրջանում: [Առաջարկներն ամբողջությամբ` https://bit.ly/36QriQF
Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն չափորոշիչներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կարևորում է, որ վերարտադրողական առողջության ծառայությունները լինեն՝ 1. համապատասխան բնակչության թվաքանակին, 2. հասանելի իրենց տեղակայմամբ և ֆինանսապես, 3․ խտրականությունից զերծ, 4․ պատշաճ որակի: Սրանցից յուրաքանչյուրը չպետք է բացառի մյուս սկզբունքի իրագործումը: [Զեկույցն ամբողջությամբ՝ A/61/338]
Հաշվի առնելով պետության պարտավորություններն այս ոլորտում, կոչ ենք անում պետությանը շարունակական բարեփոխումների և բյուջետային միջոցների հատկացման շնորհիվ բարելավել մարզային, հատկապես՝ գյուղաբնակ կանանց վերարտադրողական ծառայություններ մատուցող հաստատությունների պետպատվերը՝ համապատասխանեցնելով դրանց գործունեությունը միջազգային չափորոշիչներին: Ինչպես նաև իրազեկել բնակչությանը հասանելիության խոչընդոտները վերացնող ժամանակավոր միջոցների մասին (օրինակ՝ շտապօգնության անվճար ծառայություններ հղիների համար):

Leave a Reply

Your email address will not be published.