Պատմություն

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԿՌԿ) ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը և հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: 

Սույն տեսլականին հասնելու համար ԿՌԿ-ն իր առաքելությունն է համարում

  • կանանց և աղջիկների տարբեր խբերի զորեղացումն ու աջակցումը, 
  • կանանց նկատմամբ խտրականության և բռնության մշակույթային և համակարգային դրսևորումների վերհանումն ու նվազեցումը,
  • ֆեմինիստական գաղափարախոսության տարածումն ու հայրիշխանական համակարգի կողմից ստեղծված անհավասարությունների դեմ կանանց միասնական պայքարի սատարումը: 

ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է  հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա: 

Կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին և գործում է Հայաստանի Հանրապետության և  Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Լեռնային Ղարաբաղում գործող Կանանց ռեսուրսային կենտրոնի (ԿՌԿ ԼՂ)  առաջնային նպատակն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում կանանց դերի, մասնակցության և ազդեցության բարձրացումը, ինչպես նաև պատերազմից տուժած կանանց աջակցումը, զորեղացումն ու սատարումը:

Կանանց ռեսուրսային կենտրոնի նախաձեռնությամբ 2008 թվականին ստեղծվել է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը (ՍԲՃԿ), որը սեռական բռնության և ոտընձգության ենթարկված կանանց և անչափահասների  առաջին մասնագիտացված աջակցող կենտրոնն է Հայաստանում: 2009 թվականից ի վեր ՍԲՃԿ-ն հանդիսանում է առանձին գրանցված հասարակական կազմակերպություն:

Կանանց ռեսուրսային կենտրոնը գործում է 4 հիմնական թեմատիկ ուղղություններով:

Դրանք են՝

  1. Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք,
  2. Կանանց նկատմամբ խտրականության և բռնությամ դեմ պայքար,
  3. Ֆեմինիստական պայքար և կանանց զորեղացում,
  4. Հակամարտությունների կարգավորման գործընթացում կանանց դերի և մասնակցության բարձրացում: